Հաջորդ ԱԺ-ի իշխանական տեսլականը

21/04/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը վերջերս հայտարարել էր, որ, ի տարբերություն այս գումարման ԱԺ-ի, հաջորդ գումարման խորհրդարանում գործարար կամ օլիգարխ պատգամավորների թիվը կտրուկ նվազելու է: Հիշեցնենք, որ գործարար պատգամավորները շատ են հատկապես «Հանրապետական» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում:

Իսկ հիմա արդեն իշխող կուսակցություններից են հայտարարություններ հնչում, որ հաջորդ խորհրդարան իրենք «տանելու» են հնարավորինս պրոֆեսիոնալ մարդկանց: Սակայն մյուս կողմից` ընտրություններին այդ կուսակցություններն իրենց ձայների մի մասն ապահովում են գործարար եւ օլիգարխ այդ պատգամավորների ֆինանսական, մարդկային եւ ուժային ռեսուրսների շնորհիվ: Նրանց մի մասն իրենց կուսակցություններին ձայն բերելուց բացի` իրենք են պատգամավոր դարձել մեծամասնական ընտրակարգով` նույն ռեսուրսների շնորհիվ: Եվ այդ կուսակցություններին առաջիկա թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների ժամանակ էլ այդ գործարարների նույն ռեսուրսներն անհրաժեշտ են լինելու: Իսկ մեծամասնականի դեպքում էլ նրանց փոխարեն պետք է համապատասխան հնարավորություններով թեկնածուներ կարողանան առաջադրել, որպեսզի հանկարծ չպարտվեն ընդդիմության ներկայացրած թեկնածուների հետ պայքարում: Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո այդ մարդիկ ընտրություններում կրկին նույն եռանդով «կաշխատեն» իրենց կուսակցությունների համար: Այնպես որ, չնայած «բարի ցանկություններին», 2012-ի խորհրդարանում նրանց լինել-չլինելու հարցը կարեւոր է իշխանության համար: Բացի այդ, քաղաքական ուժերը հաճախ են ներքին օգտագործման համար սոցհարցումներ անում եւ պարզում, թե այդ գործարարներն ու ընդհանրապես իրենց պաշտոնյաներն ինչպես են ընկալվում հասարակության շրջանում: Եվ այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով` առաջիկա մեկ տարվա ընթացքում իշխող կուսակցությունները, ավելի ճիշտ` նախագահ Սերժ Սարգսյանը, կազմելու է խորհրդարանի իշխանական ցուցակը:

Այսօր դեռեւս շատ մոտավոր պատկեր է ուրվագծվում մասնավորապես այն առումով, թե ովքեր չեն լինելու հաջորդ խորհրդարանում: Նախագահական նստավայրի մեր աղբյուրների համաձայն, ՀՀԿ-ի «սեւ ցուցակում են» հայտնվել տարիքով համեմատաբար մեծ պատգամավորներ Վազգեն Կարախանյանը, Համլետ Հարությունյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Միշա Ստեփանյանը, Մկրտիչ Մինասյանը, Աշոտ Աղաբաբյանը եւ այլք: Որոշ խոսակցությունների համաձայն` առայժմ այդ սեւ ցուցակում են նաեւ գործարարներ Հրանտ Գրիգորյանը, Տիգրան Արզաքանցյանը, Աշոտ Արսենյանը, Նահապետ Գեւորգյանը, Սեյրան Սարոյանը, Արկադի Համբարձումյանը, Առաքել Մովսիսյանը, Արմեն Պուրտոյանը, Խաչիկ Մանուկյանը, Մանվել Ղազարյանը եւ այլք: Ի դեպ, վերջինիս դեպքում նման տրամադրվածությունն առաջացել է դեռեւս 3 տարի առաջ, երբ նա հանդգնեց ելույթ ունենալ ընդդիմության հանրահավաքում: Արդեն երկար ժամանակ է, ինչ սեւ ամպեր են կուտակված նաեւ Վարդան Այվազյանի գլխին: Իշխանությունները գործարարներին համոզում են հրաժարվել մանդատներից, փոխարենը` խոստանալով պահպանել բիզնեսի արտոնյալ պայմաններն ու անձեռնմխելիությունը: Մեր տեղեկություններով, գործարարներից իշխանություններին առայժմ հաջողվել է համոզել Սամվել Ալեքսանյանին: Վերջինս արդեն ներքին զրույցներում հայտարարում է, որ ինքը չի առաջադրվելու եւ իր փոխարեն «կպատրաստի» մեկ ուրիշին, ինչպես դա արեց Հակոբ Հակոբյանի անձեռնմխելիությունից զրկվելուց հետո ազատված ընտրատարածքում` պատգամավոր դարձնելով իր փեսային` Կորյուն Նահապետյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, դեռեւս անորոշ է Ռուբեն Հայրապետյանի, Լեւոն Սարգսյանի, Ալեքսանդր Սարգսյանի առաջադրվել-չառաջադրվելու հարցը: Ասում են, որ Սահակյանների ընտանիքից հաջորդ խորհրդարանում լավագույն դեպքում ներկայացված կլինի մեկը` Գալուստ Սահակյանը, կամ որդին` ոչնչով աչքի չընկնող Արման Սահակյանը: Ամեն դեպքում իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` այսօրվա պատգամավորների մեծ մասը հաջորդ խորհրդարանում չի լինելու:

Մյուս կողմից, եթե մինչեւ հաջորդ տարվա ընտրությունները կամ դրա արդյունքում իշխանափոխություն չլինի, ապա խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, կունենա բավականին ուժեղ ընդդիմություն` ի դեմս ՀԱԿ-ի: Այնպես որ, իշխանություններն արդեն մտածում են «ուժեղացնել» նաեւ իրենց խմբակցությունները, որպեսզի քննարկումների ժամանակ անհարմար վիճակներում չհայտնվեն: Խոսակցություններ կան, որ հաջորդ խորհրդարանի համար իշխանությունները պատրաստում են մի շարք բարետես, անգլիախոս երիտասարդ կադրերի: Այդ հարցով, մեր տեղեկություններով, զուգահեռաբար զբաղվում են նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ի դեպ, մեր տեղեկություններով` վերջինս փորձում է հաջորդ խորհրդարանում իր թիմն ունենալ: Լավագույն դեպքում` վարչապետի պաշտոնում նա մնալու է մեկ տարի: Տ.Սարգսյանն ինքն էլ գիտակցում է, որ հաջորդ կառավարությունն ինքը չի գլխավորի, որքան էլ դա միջնորդավորված լինի միջազգային ֆինանսական կառույցների կողմից: Նախ` նա թեեւ անդամագրվեց, սակայն չկարողացավ ինտեգրվել ՀՀԿ-ին եւ այդպես էլ չունեցավ կուսակցական հենարան: ՀՀԿ-ն էլ իր հերթին նրան որպես յուրային չընկալեց: Բացի այդ, այսօր կառավարության ղեկավարն ամենահարմար մարդն է, ում վրա կարելի է բարդել տնտեսության անհաջողություններն ու հեռացնել պաշտոնից: Այդ մտահոգություններից ելնելով, ՀՀԿ խմբակցության ապագա կազմում վարչապետը փորձում է ունենալ իր համախոհների թիմը, որի կազմում կարող են ընդգրկված լինել իր աշխատակազմի ներկայիս ղեկավար Դավիթ Սարգսյանը, գործող նախարարներ Տիգրան Դավթյանը, Վաչե Գաբրիելյանը: Նույնիսկ խոսակցություններ կան, թե հաջորդ տարվա ընտրություններից հետո Տ.Սարգսյանը կարող է դառնալ ԱԺ նախագահ: Ի դեպ, ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, այդ կուսակցությունում ձեւավորվել են մի քանի փոքր թիմեր` Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյանի: Կան նաեւ դեռեւս չկողմնորոշվածներ, որոնց այդ կուսակցությունում հումորով կոչում են «մոլորյալներ»: Բացի այդ, խորհրդարանից դուրս գտնվող մերձիշխանական բազմաթիվ մարդիկ նույնպես կապեր են փնտրում պատգամավոր դառնալու համար: Ինչպես, օրինակ, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, մի քանի ՀԷԿ-երի սեփականատեր Նաիրա Նահապետյանը եւ այլք: Ինչեւէ: ՀՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նախընտրական ցուցակին վերաբերող մեր հարցերին ի պատասխան` ասաց, թե ցուցակների հետ կապված իրենց կուսակցությունում պաշտոնական որեւէ քննարկում չի եղել: Դա տեղի կունենա ընտրություններից մի քանի ամիս առաջ: