Չի բացառվում, որ առաջիկայում ԱԺ ՀՅԴ խմբակցությունը խորհրդարանում բարձրացնի ՀՀ վարչապետի վստահության եւ կառավարության հրաժարականի մասին հարցը: Երեկ այս մասին հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Տեղեկացնենք, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը նախօրեին գրավոր հարցադրում է ներկայացրել կառավարությանը: Հարցադրումներից մեկով ՀՅԴ-ն փորձում է պարզել, թե կառավարությունն ինչո՞վ է բացատրում երկրում ստեղծված իրավիճակը` սկսած սոցիալ-տնտեսական ձախողումներից` մինչեւ արտագաղթի կասեցման ուղղությամբ որեւէ կոնկրետ քայլ չիրականացնել»: Արծվիկ Մինասյանի խոսքով` ՀՅԴ-ն դրանով փորձում է նաեւ պարզել` արդյոք, բացի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններից, կառավարությունը ստեղծված իրավիճակում իր մեղքի բաժինը տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: «Պահանջելու ենք, որպեսզի այս գրավոր հարցապնդումը ԱԺ լիագումար նիստում քննարկվի: Ինքը կարող է հիմք հանդիսանալ… Հիմա ես հարյուր տոկոսով չեմ կարող ասել, որովհետեւ դա կախված է այն տրամադրությունից, որ կձեւավորվի նաեւ կառավարության պատասխանատվության հիման վրա: Գուցե կառավարությունը կամավոր ասում է, որ «ես գիտակցում եմ եւ գնում եմ հրաժարականի»: Բայց հարցն այն փուլում է, որ մենք մեր խոսքի տերն ենք եւ գործողությունները նախաձեռնել ենք: Սպասենք գրավոր պատասխանին, այնուհետեւ լիագումար նիստում կքննարկվի այդ հարցը եւ, ամենայն հավանականությամբ, ես չեմ կարող ասել, քանի որ մեր կառավարությունն էդքան վճռականություն չունի` սեփական սխալները խոստովանելու եւ ինքնակամ հեռանալու մասին մտածի, հավանաբար մենք կդիմենք Սահմանադրությամբ նախատեսված գործողությունների»,- ասել է Ա. Մինասյանը:
Վերջինիս համոզմամբ` ՀՀ իշխանությունները ժամանակավրեպ են համարում կենսապահովման նվազագույն բյուջեի ընդունումը, քանի որ «աղքատ ընտրազանգվածի կարիք ունեն»: Նրա խոսքով` ՀՅԴ-ի առաջարկած «Կենսապահովման նվազագույն բյուջեի եւ կենսապահովման զամբյուղի մասին» օրինագիծը, որն առաջարկում է նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակներն ու նպաստները սահմանել 61.000 դրամի մակարդակում, իշխանությունների կողմից մերժվում է այն պատճառով, որ «առաջիկա ընտրությունների ընթացքում նրանց անհրաժեշտ կլինի աղքատ ընտրազանգված, որին հեշտ է կաշառել»: Մեկնաբանելով ՀՀ կառավարության հայտարարությունները, թե կենսապահովման նվազագույն բյուջեի ընդունումն անհնարին է պետբյուջեում միջոցների անբավարարության պատճառով, Ա.Մինասյանը վստահեցրել է, թե օրինագիծն ունի իրական հիմքեր եւ կարող է իրականացվել հանքարդյունաբերության ոլորտում հարկային վարչարարության բարելավման, ստվերային տնտեսության դեմ պայքարի եւ բարձր գնաճի արդյունքում պետբյուջեի չնախատեսված մուտքերի օգտագործման շնորհիվ: Հիշեցնենք, որ «Կենսապահովման նվազագույն բյուջեի եւ կենսապահովման զամբյուղի մասին» օրինագծի քվեարկությունը ապրիլի 13-ի ԱԺ նիստում հետաձգվել է 15 օրով: Իսկ մինչ այդ ՀՅԴ-ն պետք է ներկայացնի օրինագծի ընդունման հնարավորության ապացույցներ:
Անդրադառնալով ՀՀ ԿԲ կողմից իրականացվող գնաճի դեմ պայքարին, Ա. Մինասյանն ասել է, թե ԿԲ-ն կարող է գնաճի դեմ պայքարել բացառապես մոնետար գործիքներով, որոնք քիչ արդյունավետ են` հաշվի առնելով ստվերային տնտեսության մեծ ծավալները: Ըստ Ա. Մինասյանի` Հայաստանում չկա համալիր մոտեցում գնաճի դեմ պայքարին, եւ պետական բոլոր կառույցները հակված են իրար վրա գցել այդ պայքարի պատասխանատվությունը: «Մենք, մասնավորապես, ՀՀ կառավարությանն առաջարկել էինք ձեւավորել առաջին անհրաժեշտության ապրանքների պահուստներ եւ կազմակերպել դրանց վաճառքն ածանցյալ արժեթղթերի շուկայում: Արդյունքում, օրինակ, շաքարավազի միակ ներկրողը չէր կարող գին հայտարարել սեփական ցանկությամբ, այլ ստիպված կլիներ այն Հայաստանում վաճառել բորսային եղանակով»,- ասել է Արծվիկ Մինասյանը` հավելելով, թե դրա արդյունքում կգոյանար մրցունակ գին, եւ տնտեսական այլ սուբյեկտները հնարավորություն կունենային մտնել այդ շուկա: Ա. Մինասյանի համոզմամբ` այդպիսի որոշումն անհրաժեշտ է Հայաստանին, որտեղ մոնոպոլիզացված է շաքարի, հացահատիկի, վառելիքի եւ առաջին անհրաժեշտության բազմաթիվ այլ ապրանքների ներկրումը: Ըստ նրա` իշխանությունների կողմից այդ առաջարկը չի ընդունվել, քանի որ նման որոշումները «ձեռնտու չեն երկրի կառավարման համակարգի վրա ազդեցություն ունեցող անձանց»: