Այս տարվա մարտ ամսվա տվյալներով` Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ունեցել է զրոյական աճ։ Այս մասին վկայում է Ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած տեղեկանքը։ Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը ընթացիկ տարվա մարտ ամսին՝ նախորդ տարվա մարտի համեմատ, եղել է 0 տոկոս։
ԱՎԾ-ն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այլեւս չի հրապարակում համախառն ներքին արդյունքի ցուցանիշը։ Դրա փոխարեն` հրապարակվում է տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ամսական կտրվածքով։ Այսինքն՝ տվյալները ներկայացված են միայն մարտը` նախորդ տարվա մարտի համեմատ, եւ մարտը՝ փետրվարի համեմատ։
Ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ անց ԱՎԾ-ն կհրապարակի նաեւ ամփոփ եւ մանրամասն ցուցանիշները, որտեղ կերեւա թե՛ ՀՆԱ-ի փոփոխությունը, թե՛ առանձին ոլորտների պատկերը եռամսյակային տվյալներով։
Իսկ առայժմ մեզ մնում է անդրադառնալ միայն մարտ ամսվա ցուցանիշներին։
Նախորդ տարվա մարտի համեմատ աճ է արձանագրել միայն արդյունաբերությունը՝ 5.9%-ով։ Մնացած բոլոր ոլորտներում անկում է արձանագրվել։ Այսպես, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 2%-ով, շինարարությունը՝ 5.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտը՝ 7.4%-ով։
Վիճակագիրներն արձանագրել են միջին անվանական աշխատավարձի աճ` 5.5%-ով։ Մասնավորապես, պետական հիմնարկների աշխատողների վարձատրությունն ավելացել է 4.4%-ով, իսկ մասնավոր ընկերություններինը՝ 2.6։ Եթե անգամ ընդունենք, որ պաշտոնական վիճակագրության ներկայացրած այս ցուցանիշները ճիշտ են, միեւնույն է՝ տխուր պատկերը դրանից ամենեւին էլ լուսավոր չի դառնում. հիշեցնենք, որ գնաճը նախորդ տարվա մարտի համեմատ գերազանցում է 11%-ը։
Առեւտրի շրջանառությունն աճել է 5%-ով։ Սա, ըստ երեւույթին, պայմանավորված է այն հանգամանքով, որ Պետեկամուտների կոմիտեն կարծես նոր թափ է հաղորդում ՀԴՄ կտրոնների խաղարկությանը. եթերում ավելացել է գովազդի ծավալը եւ գովազդվող ավտոմեքենաների թիվը։ Վիճակագիրները դրական դինամիկա են արձանագրել նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում։ Նախորդ տարվա մարտի համեմատ` արտահանման ծավալներն աճել են 21.8%-ով եւ կազմել 92.2 միլիոն դոլար։ Ներմուծման աճը կազմել է 12.2%, ծավալը՝ 338.1 միլիոն դոլար։ Եթե ներմուծման եւ արտահանման ծավալները դիտարկենք ըստ եռամսյակի, այսինքն` ներկայացնենք նախորդ ամիսների գումարային ցուցանիշները, ապա կստացվի հետեւյալ պատկերը՝ արտահանումը հունվար-մարտ ժամանակահատվածում՝ 248.5 միլիոն դոլար, ներմուծումը՝ 806.2 միլիոն դոլար։ Նշենք, որ միայն հունվար ամսվա ներմուծումը գումարային առումով ավելի մեծ է, քան երեք ամիսների արտահանումը։ Սա հատուկ ընդգծում ենք, որպեսզի «արտահանման առաջանցիկ աճի» մասին խոսող մեր պաշտոնյաները չափից ավելի չոգեւորվեն։
Ավելացնենք նաեւ, որ ինչպես միշտ՝ արտահանման ծավալների մեջ առյուծի բաժինը պատկանում է հանքահումքային ոլորտի արտադրանքին, իսկ աճը մեծապես պայմանավորված է համաշխարհային գների աճով։
Մի խոսքով, իրավիճակը, մեղմ ասած, փայլուն չէ, եւ դա չեն կարողանում թաքցնել անգամ վիճակագիրները։
Թեպետ դա չի խանգարում, որ մեր կառավարությունը ինքնագոհ կերպով շարունակի իր դարակազմիկ ծրագրերը։ Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը նորարարական տնտեսություն տանող բարեփոխումների 7 փաթեթների մասին ելույթ էր ունեցել ապրիլի 19-ին՝ «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային համաժողովում»։
Այս ամենի արդյունքում դժվար է հասկանալ՝ ի՞նչ տնտեսություն է ուզում կառուցել մեր կառավարությունը։ Ապրիլի 19-ի ելույթից դատելով՝ նորարարական, դրան նախորդող ելույթներից եւ ծրագրերից ելնելով՝ գյուղատնտեսական, նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո՝ արդյունաբերական։
Ընդ որում, արդյունաբերական երկիր դառնալու համար կառավարությունը պետք է ատամ ցույց տա միջազգային կառույցներին։ Օրինակ՝ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանում նոր արտադրություն հիմնողները որոշ ժամանակով կազատվեն շահութահարկից, ակնհայտորեն դուր չի եկել Արժույթի միջազգային հիմնադրամին։ «ԱՄՀ-ն ընդհանրապես չի սիրում շահութահարկի արձակուրդներ: Մենք կարծում ենք, որ դա լրացուցիչ ռիսկ կառաջացնի հարկահավաքման առումով»,- մի քանի օր առաջ ասել էր ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ Գիլյերմո Տոլոսան։
Նշենք, որ միջազգային կառույցների՝ ԱՄՀ-ի, Համաշխարհային բանկի դիրքորոշումները վերջին շրջանում զարմանք են հարուցում։ Նրանք սկսել են այնպիսի խիստ քննադատության ենթարկել մեր տնտեսությունը, որ ընդդիմության «հացը կտրել» են։ Բանավիճում են միմյանց հետ, հեղափոխական քայլերի կոչեր անում (իհարկե՝ ոչ բացահայտ), հանդես գալիս պարզաբանումներով։
Իսկ այդ վարքագիծը զարմանալի եւ, միեւնույն ժամանակ, զավեշտալի է այնքանով, որ նույն այս խոցելի, օլիգոպոլիկ եւ ոչ դիվերսիֆիկացված տնտեսությունը ձեւավորվել է հենց այս կառույցների «աչալուրջ հայացքի» ներքո ու նրանց խորհուրդներով։ Զարմանալի չէ միայն այն, որ նրանք միանգամից իրար են խառնվում, երբ խոսքը վերաբերում է արդյունաբերության զարգացմանը։ Իհարկե, ոչ ոք բացահայտ չի ասում՝ սիրելի հայեր, սթափվեք՝ ի՞նչ արդյունաբերություն, ի՞նչ նոր տեխնոլոգիաներ. դուք պետք է լինեք հումք մատակարարող երկիր։ Փոխարենը` նրանք փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ՝ մեզնից շատ են մտածում մեր հարկահավաքման մասին։
Ընդ որում, այս ամենի մեջ անկեղծություն կա։ ԱՄՀ-ին եւ մյուս միջազգային կառույցներին իրո՛ք կարող է հետաքրքրել մեր հարկահավաքման մակարդակը։ Չպետք է մոռանալ, որ Հայաստանը հարյուրավոր միլիոն դոլարների վարկեր է վերցրել նրանցից, որոնք սպասարկելու համար հարկավոր է հարկեր հավաքել։ Թերեւս, այս իրողությունը ամենից լավ հիշում են հենց իշխանությունները, դրա համար էլ այդպես քնքուշ եւ ըմբռնումով են մոտենում բոլոր քննադատություններին, եւ պատրաստ են դեմ գնալ անգամ իրենք իրենց, սակայն ոչ մի դեպքում՝ պոտենցիալ վարկատուներին։