Մեր տեղեկություններով, իշխանական վերնախավում որոշում են կայացրել ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին վաճառել Հանրապետության հրապարակում գտնվող կառավարական մասնաշենքերից մեկը` Արտաքին գործերի նախարարության շենքը: Ըստ լուրերի` ներկայիս «Մարիոթ» հյուրանոցի դիմաց գտնվող այդ շենքի վայրում Ս.Կարապետյանը ցանկանում է հյուրանոց կառուցել: Իշխանական շրջանակներում ԱԳՆ-ի շենքը վաճառելու անհրաժեշտությունը պայմանավորում են այն հանգամանքով, որ այն վերանորոգման խիստ կարիք ունի, սակայն կառավարությունը դրա հնարավորությունը չունի: ԱԳՆ-ի շենքը անհարմար կառուցվածք ունի` առաստաղները շատ բարձր են, եւ վերանորոգումը բավական ծախսատար կլինի: Այս հնարավոր գործարքի կողմնակիցները նշում են, որ դրա փոխարեն` ավելի ճիշտ կլինի կառավարական նոր մասնաշենք կառուցել, իսկ Հանրապետության հրապարակի այդ շենքը շահավետ գնով վաճառել: Գործարքը, որպես այդպիսին, դեռ չի ձեւակերպվել, սակայն, խոսակցություններ կան, որ դրա վերաբերյալ վերջնական համաձայնություն արդեն կայացել է: Մեր տեղեկություններով` Երեւանի քաղաքապետարանը նույնիսկ արդեն որոշել է, թե կառավարական նոր շենքի կառուցման համար որտեղ պետք է տարածք հատկացվի: Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանից ու Պետական գույքի կառավարման վարչությունից թղթակցի հարցերին ի պատասխան` երեկ, ըստ էության, չեն հերքել այս լուրը: Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ասել են, թե «մեծ հաշվով նման որեւէ բան չկա»: Իսկ Պետական գույքի կառավարման վարչությունում նշել են, թե իրենց մոտ նման հարց չի քննարկվել: