ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը երեկ tert.am-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ է անելու ՀԱԿ-ը, եթե մինչեւ ապրիլի 28-ի հանրահավաքն իշխանությունները չկատարեն իրենց ներկայացրած պահանջները, պատասխանել է, թե իրենք գործընթացներն առաջ տանելու մի քանի սցենար ունեն` կախված մի շարք հանգամանքներից: Հանգամանքներից մեկն էլ, ըստ նրա` այն է, թե դրանց ինչպես կարձագանքեն իշխանությունները: «ՀԱԿ-ը, նաեւ հաշվի առնելով հասարակությունից եկած առաջարկները, որոշում կկայացնի, եւ այդ որոշումը կհրապարակի ապրիլի 28-ի հանրահավաքին»,- ասել է Մուսինյանը: Դիտարկմանը, որ ՀԱԿ-ի «համբերատար» քաղաքականությունից ՀԱԿ-ից որոշ շրջանակներ դժգոհ են, ինչը կարող է հանգեցնել որոշ ընտրազանգվածի կորստի` Մուսինյանն արձագանքել է. «Այդ հարցը, երեք տարի է, անընդհատ հնչում է, որ դուք կորցնում եք էլեկտորատը, որ մարդիկ դժգոհում են, բայց կարծեք փորձը լրիվ հակառակ բանի մասին է վկայում: Համենայնդեպս` վերջին չորս հանրահավաքները եղել են վերջին երեք տարվա պատմության մեջ ամենախոշոր հանրահավաքները` մեկը մյուսից ավելի մարդաշատ: Դուք տարակարծությունը, Կոնգրեսի ներսում առողջ, լուրջ քննադատական մոտեցումները շփոթում եք Կոնգրեսի համակիրների, զանգվածների դժգոհության հետ»: Անդրադառնալով BBC ռուսական ծառայությանը տված Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին, մասնավորապես` նրա այն հայտարարությանը, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորումն ամենամոտը եղել է 1997թ., սակայն խնդիրը չի կարգավորվել, որովհետեւ ղարաբաղցիները եւ իր թիմի որոշ ներկայացուցիչներ «մաքսիմալիստական մոտեցում» ունեին, լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք հակասություն չկա՞ այդ հայտարարության եւ այն փաստարկի միջեւ, որ Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի նաեւ Ղարաբաղի ժողովրդի մասնակցությամբ, Ա. Մուսինյանը պատասխանել է. «Երբ 1997թ. նման հնարավորություն ընձեռվեց, եւ՛ Ղարաբաղի իշխանությունը, եւ՛ Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ այդ տարբերակին դեմ արտահայտվեցին: Եվ, ինչպես նախագահ Տեր-Պետրոսյանը նշեց իր հարցազրույցում եւ ինչպես բազմիցս նշել է տարբեր առիթներով, ինքը նախագահի պաշտոնից հրաժարական տվեց` նրանց հնարավորություն ընձեռելով իրականացնել, այսպես ասած, ավելի մաքսիմալիստական, ավելի բարենպաստ լուծում: Թե ինչի է բերել դա, բոլորիս համար տեսանելի է»: