Ապրիլի 19-ին Վրաստանի խորհրդարանը միաձայն որոշել է ուժը կորցրած ճանաչել Ռուսաստանի հետ 2006թ. կնքած` ռազմական բեռների օդային եւ ցամաքային տարանցման մասին համաձայնագիրը: Ընդ որում, այդ առաջարկությունը խորհրդարանին ներկայացրել էր նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Ռուս-վրացական այդ պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա աշնանը:
Վրաստանի խորհրդարանի այս որոշումը բավականին բուռն արձագանք է գտել Հայաստանում, քանի որ այն ուղղակիորեն կապ ունի մեր երկրի անվտանգության հետ: Բանն այն է, որ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում հրադադարի հաստատումից հետո ռուսական ռազմաբազաները Հայաստանում տեղակայվեցին ՀՀ այն ժամանակվա իշխանությունների առաջարկով` մեր երկրի անվտանգության նկատառումներից ելնելով եւ Ռուսաստանի հետ ռազմավարական կամ ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգում լինելու արդյունքում: Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելու պայմաններում Վրաստանի խորհրդարանի այդ քայլը շատերը համարում են ուղղակի հարված Հայաստանի անվտանգությանը, քանի որ մեր բանակի սպառազինությունը համալրվում է հիմնականում ՌԴ-ից: Վերջին անգամ Ռուսաստանն իր ռազմական բեռների տարանցման հարցով Վրաստանին դիմել է 2008-ին, սակայն մերժում ստանալով` այլեւս չի դիմել: Սակայն անցած տարիներին, այնուամենայնիվ, ՌԴ-ից բերվեցին «Ս-300» պաշտպանական համակարգերը, որոնք, բնականաբար, փոխադրվել էին նույն Վրաստանի տարածքով: Անցած տարի Մ.Սահակաշվիլին այցելեց Հայաստան, եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նրան պատվո շքանշան շնորհեց: Այն ժամանակ խոսակցություններ կային, որ այդ պարգեւատրումը Վրաստանի նախագահին յուրահատուկ շնորհակալական քայլ էր` այդ երկրի տարածքով ռազմական տեխնիկա անցկացնելու հնարավորություն տալու համար: Հայաստանի քաղաքական շրջանակներում խոսակցություններ կան, թե Վրաստանի այդ քայլը իրականում ԱՄՆ-ի պատասխանն էր, թե Հայաստանին կամ ՌԴ-ին` մեր երկրում գնալով մեծացող ռուսական ազեդցության կապակցությամբ: Անցած շաբաթ ՀՀ խորհրդարանը վավերացրեց ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարացնելու մասին պայմանագիրը: Այդ պայմանագրի մյուս օրինակն այսօր ՌԴ Պետդումայում է: Որոշ փորձագետներ բոլորովին էլ պատահական չեն համարում անցած ուրբաթ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հայտարարությունը, թե Հայաստանն այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային` նոր ծրագրի ֆինանսավորման համար, քանի որ ընտրությունների, լավ կառավարման եւ մի շարք այլ պատճառներով ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին: Այս երկու քայլերով, ըստ այդ փորձագետների, ԱՄՆ-ը իր վերաբերմունքն արտահայտեց ռուսական ազդեցության ավելացման նկատմամբ, հատկապես, որ հենց այդ օրերին մեր երկրում բավականին լայն կազմով անց էր կացվում հայ-ռուսական միջմարզային համագործակցությանը նվիրված համաժողով:
Այնուամենայնիվ, երեկ քաղաքական գործիչներից ու փորձագետներից հետաքրքրվեցինք, թե Վրաստանի խորհրդարանի այս քայլի դեպքում ի՞նչ նշանակություն են ունեցել ռուս-ամերիկյան հարաբերությունները: «Ցանկացած խնդիր, որը վերաբերում է փոքր պետություններին, եւ այնտեղ կան գերտերությունների շահեր, նման բաները չեն բացառվում: Հնարավոր է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների որոշակի հատվածում անհամաձայնությունների արդյունքում դա լինի: Ամեն դեպքում, մեր տարածաշրջանում շահեր ունի թե ՌԴ-ն, թե ԱՄՆ-ը, մասամբ` նաեւ Թուրքիան: Պետք է այդ բոլորը հաշվի առնել»,- ասում է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ Վրաստանի խորհրդարանի որոշումը նախ ուղղակիորեն բխում է իր երկրի ազգային պետական շահերից եւ տարածաշրջանային անվտանգության պատկերացումներից: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի պատասխանին, դա այս պահին կարելի է միայն ենթադրել, այն էլ` ոչ շատ մեծ ճշտությամբ: «Այս որոշումը սպասելի էր, եւ սա պարզապես ի ցույց դրեց պաշտոնական Երեւանի կողմից անվտանգության հայեցակարգի հեղհեղուկությունը»,- ասում է Ռ.Մեհրաբյանը:
Ամեն դեպքում, ինչպե՞ս պետք է լուծվի այդ հարցը, չէ՞ որ Հայաստանն ու Ղարաբաղը գտնվում են պատերազմական վիճակում, եւ Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքում ռուսական զինամթերքն ու Վրաստանի տարածքը շատ անհրաժեշտ են: Եթե նույնիսկ այդ փոխադրումները հնարավոր լինի իրականացնել, ապա դա բավականին բարդ ու թանկարժեք կլինի: «Դա շատ տեղին հարց է, որի պատասխանն այսօր չունենք, բայց մենք դեռ ունենք կարճ ժամանակ, որ վերանայենք անվտանգության մասին մեր պատկերացումները, որ նման հարցերի առաջ կանգնած չլինենք, ու դա կախված չլինի երրորդ կողմի քայլերից: Ժամանակին, երբ մինչեւ դարի կեսը պայմանագիր են ստորագրում ռուսական բազայի ներկայության համար, այն դեպքում, երբ պարզ չէր, թե այդ պայմանագիրը կաշխատի՞, թե՞ ոչ, պետք էր մտածել: Իսկ ընդհանուր առմամբ որտե՞ղ է գտնվում ՀՀ անվտանգության բանալին, ապա ես կարող եմ ասել 3 բան` ՀՀ-ն նախ պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, ժամանակակից` մարտունակ, 21-րդ դարին համապատասխան զինված ուժեր, եւ պետք է ունենա պատասխանատու արտաքին քաղաքականություն, որն ուղղված կլինի հարեւանների հետ անվտանգ համակեցության ձեւերի մշակմանը»,- ասում է Ռ.Մեհրաբյանը:
Այդ նույն օրերին Հայաստանում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարը: Ամենայն հավանականությամբ, այդ հարցը նույնպես քննարկվել է ՀՀ իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ: Եվ հետաքրքիր է հասկանալ, թե ՌԴ-ից զենք-զինամթերքը նորից փոխադրելու հնարավորության համար Վրաստանը կամ ԱՄՆ-ը ինչ զիջումներ են ակնկալում ՀՀ-ից կամ ՌԴ-ից: Եթե տվյալ դեպքում ընդհանրապես ինչ-որ զիջումների մասին կարող է խոսք գնալ: Ռ.Զոհրաբյանը գտնում է, որ բանակցություններ գնում են ներքին կարգով: «Վրաստանի պաշտպանության նախարարը այստեղ գտնվելու ժամանակ այդ որոշումն ընդունվեց, դա այն կարեւորագույն հարցերից է, որ ՀՀ եւ Վրաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների սեղանին էր դրված, եւ դատելով նրանից, որ պաշտոնական Երեւանից, համենայնդեպս, որեւէ դժգոհություններ չկան, հետեւաբար ինչ-որ մոդելներ գտնվել են»,- ասում է Ռ.Մեհրաբյանը: