Ադրբեջա՞նն է խնդրել

21/04/2011

Վրաստանի իշխանությունների որոշումը` դադարեցնել ռազմական բեռների տարանցումն իր տարածքով, կսրի իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է վրացի կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին: «Այս քայլը, ցանկացած պարագայում, ավելի շուտ կսրի վիճակը, քան ինչ-որ կերպ կհավասարակշռի: Դա ճիշտ չէ»,- ասել է Զաքարեիշվիլին: Նրա խոսքով, դժվար է ասել, թե կոնկրետ ինչ դրդապատճառներով են առաջնորդվել այս որոշումն ընդունելիս: «Վարկածներից մեկն այն է, որ որոշումը պայմանավորված է Ադրբեջանի հետ բարելավվող հարաբերություններով: Հնարավոր է, դա նրանք են խնդրել: Թեեւ որոշման պատճառների մասին միայն կարելի է գուշակել, բայց դա առաջին միտքն է, որ գալիս է մարդու ուղեղին»,- նկատել է վրացի փորձագետը: Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը նույնպես Ադրբեջանի վրա ազդելու լծակներ ունի եւ պետք է որ տեղյակ լիներ սպասվող դեպքերի մասին: Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանն ապրիլի 19-ին 84 կողմ ձայներով միաձայն ընդունել է 2006թ. մարտի 31-ին Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրի ժամկետը լրանալուց հետո այն չերկարացնելու մասին որոշումը: Այն վերաբերում է Վրաստանի տարածքով ռուսական ռազմական բեռների ու անձնակազմի տարանցման թույլտվությանը: Այս համաձայնագրի գործողության ժամկետն ավարտվում է այս տարվա նոյեմբերին: Վերջին անգամ Ռուսաստանը իր ռազմական բեռների տարանցման հարցով Վրաստանին դիմել է 2008թ., սակայն մերժում ստանալով` այլեւս չի դիմել: Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը երեկ հայտարարել է, թե Վրաստանի տարածքով ռուսական ռազմական բեռների ու անձնակազմի տարանցման պայմանագիրը չերկարացնելու վերաբերյալ Վրաստանի խորհրդարանի որոշումը որեւէ կերպ չի կարող անդրադառնալ Հայաստանի զինված ուժերի մարտունակության վրա: «Վրաստանի խորհրդարանի որոշումը մեկնաբանելուց զերծ եմ մնում: Ինչ վերաբերում է ռազմական բեռների մատակարարումների աշխարհագրությանը, կցանկանայի նշել, որ այդ որոշումը չի հանգեցնի Հայաստանի անվտանգության միջավայրի փոփոխությանը»,- ասել է նա: