Անցած շաբաթ կարծես թե վերջնականապես պարզ դարձավ Ռուսաստանում նախագահական ընտրությունների հետ կապված իրավիճակը: Տեղի ունեցավ այն, ինչ ենթադրում էին քաղաքական գործիչների ու քաղաքագետների մեծ մասը, սակայն գերադասում էին այդ մասին բարձրաձայն չխոսել, այլ սպասել, մինչեւ ամեն ինչ առավել ակնհայտ դառնա: Ե՛վ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, եւ՛ վարչապետ Վլադիմիր Պուտինը գրեթե միաժամանակ հայտարարեցին, որ չեն բացառում իրենց մասնակցությունը նախագահական առաջիկա ընտրություններին: Մյուս թեկնածուն կլինի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Հնարավոր է` նախագահական աթոռի հավակնորդներին միանա նաեւ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը: Գուցե նաեւ` դեմոկրատներից ինչ-որ մեկը, կամ՝ արմատական ընդդիմության որեւէ ներկայացուցիչ: Սակայն այս ամենն էական չէ, քանի որ մի մատ երեխային էլ պարզ է, որ «իսկական» թեկնածուները երկուսն են` Մեդվեդեւն ու Պուտինը: Կամ Պուտինը, կամ Մեդվեդեւը. ում ինչպես դուր է գալիս: «Բացառված չէ» բառը ընտրություններին մասնակցելու համատեքստում հարկ է հասկանալ իբրեւ հաստատում: Սա նշանակում է քաղաքական տանդեմի վերջնական ավարտ, ինչի նշանները վերջին ժամանակներս կարող էր չնկատել միայն կույրը:
Պատճառն այն չէ, որ, օրինակ, Մեդվեդեւը հակառակվեց Պուտինին լիբիական պատերազմը խաչակրաց արշավանքների հետ համեմատելու համար: Ոչ էլ Մեդվեդեւի` Գրեբենշչիկովի, Մակարեւիչի եւ այլ ռոք երաժիշտների հետ թեյ (իսկ գուցեեւ ավելի թունդ բան) խմելը, այն ժամանակ, երբ Պուտինը Շեւչուկի խոսքը բերանում թողեց, երբ վերջինս ֆորումում նրան էր դիմել էկոլոգիական խնդիրների հարցով: Եվ անգամ ոչ էլ Մեդվեդեւի նախաձեռնած բավականաչափ խիստ բարեփոխումները ուժային կառույցներում, թեեւ համարվում է, որ ուժայիններին հովանավորում է Պուտինը: Եթե ավելի խորը նայենք, պարզ է դառնում, որ Ռուսաստանի երկու քաղաքական առաջնորդների միջեւ հակասություններն ի սկզբանե գոյություն ունեին, եւ դրանք բխում են գուցեեւ նրանց մտածելակերպից:
2007թ. Վլադիմիր Պուտինը հրաժարվեց փոխել Սահմանադրությունը` հանուն այն բանի, որ 3-րդ անգամ դառնա ՌԴ նախագահ: Ընդ որում` Ռուսաստանի բնակչության 3/4-ը ցանկանում էր նրան տեսնել երկրի ղեկավարի պաշտոնում: Այդ ցուցանիշը պարզած սոցհարցումները կրեմլյան մասնագետների կողմից մեկնաբանվեցին իբրեւ Ռուսաստանի հասարակության մեջ պահպանողական տրամադրությունների արտացոլում, որը ցանկանում է Պուտինի կուրսի շարունակություն: Ահա այսպես եւ ծագեց «ժառանգորդի» սցենարը: Պուտինն այդ դերի համար ընտրեց Մեդվեդեւին: Այսօր քաղաքագետները նկատում են, որ այն ժամանակ Կրեմլի ողջ ագիտպրոպագանդան ընդհանուր առմամբ հաշվի չէր առնում «ժառանգորդի» անձնային գործոնը, նրա քաղաքական հայացքները: Սա խիստ նպաստեց այն բանին, որ որոշ ժամանակ Մեդվեդեւին ո՛չ ներքին, ո՛չ արտաքին թատերաբեմում չէին ընկալում իբրեւ ինքնուրույն կերպարի, այլ համարում էին ընդամենը Պուտինի գաղափարների ու առաջարկությունների «հաղորդիչ»:
Պուտինի առջեւ հասարակության գլուխ խոնարհելը կարելի է բացատրել նրանով, որ նրա իշխանության տարիները բավականին բարենպաստ ժամանակաշրջան էին. համաշխարհային տնտեսությունը կայուն էր, Ռուսաստանը բոլոր ուղղություններով առանց խափանումների նավթ, գազ եւ այլ հումք էր մատակարարում` լցնելով պետական գանձարանը: Այս ամենն իշխանություններին հնարավորություն տվեց աշխատավարձերն ու այլ բյուջետային վճարներ բարձրացնելու այնպիսի մակարդակի, ինչի մասին ռուսաստանցիների մեծ մասն անգամ «երազում երազել չէր կարող»: Հաշվի առնենք նաեւ «թեթեւ» վարկեր ստանալու համեմատաբար դյուրին դառնալը` ամենատարբեր ծրագրերով բնակարաններ ձեռք բերելու, բիզնես սկսելու եւ այլ նպատակների համար, եւ այս ամենից հետո Պուտինին եւ նրա կուրսը «պաշտելու» պատճառները խիստ պրոզայիկ կդառնան:
Այն, որ Մեդվեդեւը կուրորեն չի շարունակելու նախորդի գործը, ապացուցեց հանկարծակի հայտնված նրա «Ռուսաստա՛ն, առա՛ջ» հոդվածը: Խոշոր հաշվով սա քաղաքական-տնտեսական թեզիսների հավաքածու է, որ Դմիտրի Մեդվեդեւը որոշել էր դնել եւ՛ իր կառավարման, եւ՛, ինչպես այժմ պարզ դարձավ, նաեւ իր նախընտրական ծրագրի հիմքում: Այն համարձակ գաղափարը, որտեղ բնական ռեսուրսների վրա հիմնված եւ նորարար-ներդրումային տնտեսությունների միջեւ ավելի քան նկատելի առաջնությունը տրվում է երկրորդին, ընդգծեց, որ ղեկավարող տանդեմը կարող է ավելի արագ պառակտվել, քան կարող էր թվալ: Որոշ ժամանակ անց հայտնվեց «Լուժկովի գործը», որը Մեդվեդեւը շատ սկզբունքորեն, կոշտ եւ միեւնույն ժամանակ` առանց ակնհայտ թշնամիներ վաստակելու, հասցրեց ցանկալի ավարտի: Իսկ հետո նաեւ իր տեսաբլոգում «առաջադեմ» Մեդվեդեւը շատ տեղին գործածեց «լճացում» եւ «բրոնզացում» (ջՈոՐՏվջՏՉպսՏրՑՖ) բառերը: Կարելի է ենթադրել, որ դրանք հասցեագրված էին պահպանողականներին. սահմանափակվենք այսքանով` առանց մանրամասնելու:
Թե հատկապես ինչ կլինի Ռուսաստանում 2012թ., հնարավոր չէ ասել, քանզի «Ռուսաստանին խելքով չես հասկանա, արշինով չես չափի»: Սակայն ամեն ինչ գնում է նրան, որ նախագահի ընտրություններն առանց փոխզիջումների են լինելու: Այստեղ այլեւս չի լինի «ժառանգորդի» կամ էլ մի այլ սցենար: Դժվար թե լինեն նաեւ կոպիտ ընտրակեղծիքներ. Մեդվեդեւի ճամբարն օրեցօր ամրանում է եւ հեշտությամբ տեղի չի տա: Արեւմուտքի համակրանքն ակնհայտորեն Մեդվեդեւի կողմն է. արեւմտյան երկրների մեծ մասը բացահայտորեն վախենում է Պուտինից եւ չի վստահում նրան: Հասկանալի է, այստեղ են (Մեդվեդեւի կողմը) նաեւ ազատամտական Ռուսաստանի, փոփոխությունների ձգտող հասարակ մարդկանց ձայները: Բավարա՞ր են արդյոք այդ ձայները` հաղթանակ տանելու գործող վարչապետի նկատմամբ: Պուտինի կողմում է Ռուսաստանի հասարակության պահպանողական հատվածը: Նրան կաջակցեն ներկայիս ռեժիմից «նեղացած» ուժայինները: Նրա հետեւից կգնան նրանք, ովքեր հիշում են, թե ինչպես 90-ականներին Ռուսաստանը, ժողովրդավարություն խաղալով, հայտնվեց կործանման եզրին: Եվ վերջապես, ամենայն հավանականությամբ, Պուտինին կաջակցեն Ռուսաստանի ծայրամասերը: Նրանք, ովքեր վստահ են, որ առանց ուժեղ ձեռքի հնարավոր չէ գոյատեւել թշնամիների մեջ: Սա մոտավորապես այն Ռուսաստանն է, որի մասին դեռ նախանցյալ դարում ցարական մինիստրներից մեկն ասել է. «Ռուսաստանը անծայրածիր սառցե անապատ է, որով քայլում է հարբած մուժիկը` լախտը կամ կացինը ձեռքին»:
Ռուսաստանի առաջատար քաղաքագետների, մասնավորապես` Միխայիլ Դելյագինի հոդվածներում եւ ելույթներում պարբերաբար հնչում է հետեւյալ միտքը. Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի արդեն այսօր պետք է կողմնորոշվի: Սա միաժամանակ եւ՛ առողջ կոչ է, եւ՛ շատ վտանգավոր: Առողջ է` իր պարզությամբ ու իրատեսությամբ: Վտանգավոր է` իր արմատականությամբ: Ռուսաստանն արդեն անցել է այդ ուղիով` «Ո՞ւմ հետ ես դու» կարգախոսով: Ընդ որում` վաղուց է անցել, սակայն հազիվ թե մոռացած լինի իր պատմական ուղու այդ հատվածը: Ողբերգական այդ ժամանակահատվածը, որ պառակտեց ռուս ազգին երկար ու երկար տարիներ: Պառակտեց այնպես, որ վերջերս սկսված կամ հայտարարված միասնականությունը ավելի շատ նման է կոտրված մագնիսի երկու կեսերը կոտրված մասից իրար կպցնելու ցանկության: