Փորձաքննության է ենթարկվելու

21/04/2011

«Ֆուկուսիմա 1»-ի վթարից հետո մշակվել է նախագիծ, որով ԵՄ երկրներին առաջարկվում է ատոմակայանների անվտանգության լուրջ փորձաքննություն իրականացնել: Այս մասին երեկվա ասուլիսում ասել է ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Նրա խոսքով` Հայաստանի ատոմակայանը եւս անվտանգության լուրջ վերլուծության է ենթարկվելու: «Մենք եւս հակված ենք խորը վերլուծություն կատարել, կարեւորելով հատկապես մեր տարածաշրջանի համար առավել վտանգավոր երկրաշարժի հավանականությունը»,- ասել է Ա. Մարտիրոսյանը: Նաեւ տեղեկացրել է, որ ատոմակայանի անվտանգության փորձաքննությունը, որում կներգրավվեն նաեւ արտասահմանյան անկախ փորձագետներ, կտեւի երեք ամիս, որից հետո կներկայացվեն արդյունքները եւ կորոշվի անհրաժեշտ միջոցառումների ցանկը: Իսկ ներկայումս, Ա. Մարտիրոսյանի խոսքով` Մեծամորի ատոմակայանը անվտանգության առումով համապատասխանում է ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին, իսկ անվտանգության մակարդակի ստուգում պետք է անընդհատ իրականացնել։