«Էսքիզներ» Իսթիքլալից

21/04/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կիրակի կեսգիշերն անց Երեւան-Ստամբուլ օդանավը Ստամբուլում վայրէջք կատարեց առանց ուղեւորների ծափերի (սովորաբար օդանավի վայրէջքից հետո ուղեւորները ծափ են տալիս` իբրեւ հաջող թռիչքի կամ, ավելի ճիշտ` բարով-խերով տեղ հասնելու համար):

Օդանավակայանի լուսառատ ու մի տեսակ փռված տարածության մեջ կոկիկ դասավորվածությամբ կախված էին թուրքատառ կապույտ ցուցանակները, որոնցից մեկը բարի գալուստ էր մաղթում բոլոր ուղեւորներին` «Հոշգելդին Իստանբուլա», այդ թվում` 5 հայ լրագրողների, ովքեր Ստամբուլ են ժամանել «Ինտերնյուս» հ/կ-ի եւ թուրքական «GPOT» (Global Political Trends Center) կենտրոնի կողմից կազմակերպված «Հայ-թուրքական երկխոսություն» ծրագրի շրջանակներում: Մեզ դիմավորելու էր եկել` ամերիկացի, բայց արմատներով Շրի Լանկայից, Սուսան: «Մի քանի օր է` ուժեղ անձրեւում է, ու դեռ մի քանի օր էլ այսպես կանձրեւի»,- ասաց Սուսան` ուղեկցելով մեզ դեպի մեքենան: Հետաքրքիր էր` օդանավակայանի ճանապարհին մենք այդպես էլ խաղատներ չտեսանք, փոխարենը բնակելի շենքեր էին, խանութներ, որոնք համաչափ ձեւով լուսավորում էին գիշերային Ստամբուլը: Ի վերջո, հասանք Բեյօղլու փողոց, որտեղ վերնասլաց ճանապարհին կանգ առանք: Հետո պարզվեց, որ լրագրողներից 3-ին միայն հաջորդ օրը պետք է տեղավորեին նախապես վարձակալած բնակարաններում, իսկ մինչ այդ մեզ տրամադրեցին մեկօրյա ժամանակավոր կացարաններ: Ինչեւէ, հաջորդ օրը պարզ դարձավ, որ լրագրողներից որեւէ մեկը գիշերը աչք չէր «կպցրել»` մեկին ռոքասեր հարեւանի նվագարկչի բարձր ձայնն էր խանգարում, մյուսներին` սենյակի նեղ ու ոչ նորմալ պայմանները…

«Կատվաշենից»` մինչեւ Ծիծեռնակաբերդ

Փողոցը, որտեղ մենք բնակվում ենք, ավելի ճիշտ կլինի անվանել Կատվաշեն: Միայն մեր շենքի մուտքի առջեւ կատուների մի ամբողջ գերդաստան է բնակվում, որոնց կերակրում են տեղի բնակիչները: Ընդհանրապես Ստամբուլի քաղաքային կոլորիտի բաղադրիչներից մեկը հենց կատուներն են, որոնց կարող ես հանդիպել ոչ միայն փողոցներում, այլեւ գրախանութներում, ռեստորաններում, անգամ մամուլի ասուլիսներին: Թուրքերն այս կենդանիների նկատմամբ բացառիկ հոգատարություն են ցուցաբերում: Քաղաքային կոլորիտի մաս են կազմում նաեւ փողոցների երկայնքով շարված կարմիր սեղանիկները, որոնց վրա վաճառվող տարօրինակ թվացող ուտելիքը նախ` կարտոֆիլի, ապա` սնկի տեսք է հիշեցնում: Դրանք շագանակավաճառների սեղանիկներն են, ովքեր 5 թուրքական լիրայից սկսած` խորոված շագանակներ են առաջարկում անցուդարձ անողներին: Կարմիր սեղանիկները` համարակալված, իսկ վաճառողները հատուկ համազգեստներով են: Նրանք բավական լուրջ են վերաբերվում իրենց բիզնեսին, եկող-գնացողին հրավիրում են, անգամ` առաջարկում անվճար փորձել: Փողոցային առեւտրի մեկ այլ տեսակ է լոտոների վաճառքը, որի առեւտրով զբաղվողներն առանձնապես գովազդի համար ջանքեր չեն թափում: Փոխարենը` թուրքական մուղամներով հարուստ գովազդով է զբաղվում կանաչիավաճառ կինը, ով խանութի մուտքի առջեւ նստած` երգելով կանչում է անցորդներին: Ստամբուլը զարմանալի կոնտրաստներ ունեցող քաղաք է: Քաղաքի կենտրոնը գրեթե ամբողջությամբ թարմացված է խանութների նորաձեւ ցուցանակներով, գլամուրային պաստառներով, ճարտարապետական մոդեռն լուծումներով: Բայցեւայնպես, քաղաքում պահպանվել են նաեւ հին շենքերը: Հնի ու նորի համերաշխ երկխոսությունը նկատելի է այստեղ: Նեղլիկ փողոցների երկու կողմերում կարող ես հանդիպել անտիկ իրերի խանութների, որոնք մեծ հետաքրքրություն են ստեղծում անցորդների համար` հենց իրենց պատմությամբ: Քաղաքի նեղ փողոցներում ակտիվ երթեւեկում են հատկապես մոտոցիկլիստները, իսկ կենտրոնական Թակսիմ հրապարակից ձգվող Իսթիքլալ պողոտայի միակ փոխադրամիջոցը «մինի» տրամվայն է, որն իր հստակ ժամերին անվրդով ու ազդանշանի հիշեցմամբ սահում է երկաթգծերով: Քաղաքում հիմնականում օգտվում են ավտոբուսներից, մետրոյից ու տաքսի ծառայություններից: Ընդ որում` թուրք վարորդները հիմնականում կոստյումներով են եւ չափազանց չխոսկան: Նրանք բացարձակ հումորներ չեն ընդունում, եւ շարժվում են միայն ուղեւորի միակ հրահանգ-հասցեով: Եթե անգամ փորձ անես հարցնել ինչ-որ փողոցի անուն կամ հուշարձանի տեղ, նրանք դիմապակուց հանդիմանալից հայացքով կնայեն քեզ: Սա այսօրվա Ստամբուլն է, որն ամեն մի հայի համար արտաքնապես ընկալելի է, բայց ոչ հասկանալի: Թուրք քաղաքագետից մինչեւ խանութի վաճառող հայի անուն լսելիս` տեղում ձգվում են: Անգամ Բեյօղլու թաղամասի մանթի պատրաստող կինը: Այդ պահերին մի տեսակ անորսալի է դառնում նրանց տրամադրությունը: «Երմինիստա՞ն, երմե՞ն»,- հարցնում են նրանք, հետո նորից շարունակում իրենց գործով զբաղվել: Կյանքը Ստամբուլում շշմելու աստիճան արագ է ընթանում, իսկ որոշ հարցեր դեռ դանդաղ լուծումների ուրվագծեր էլ չունեն: «Հիշել» բառը մեր մշակույթի մաս պետք է դառնա»,- օրեր առաջ Ստամբուլում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Ենի շաֆատ» օրաթերթի մեկնաբան Ալի Բայրամօղլուն` անդրադառնալով 1915 թվականին զոհված հայ լրագրողներին եւ գրողներին, ովքեր չեն ընդգրկվել թուրքական ընկերությունների կողմից կազմված սպանված լրագրողների ցուցակում:

Ստամբուլ-Երեւան