Գիտեն, բայց մեզ չեն ասում

21/04/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Տնտեսական տեղեկատվությունը սարսափ-ֆիլմեր է հիշեցնում: Թե պաշտոնականը, թե ոչ պաշտոնականը: Հիչքոկի ֆիլմերը դիտելը պակաս հուզական զբաղմունք է: Մեր տնտեսական տեղեկատվությունը գրվում է հիչքոկյան մեթոդով: Յուրաքանչյուր լուր կարդալուց հետո համոզվում ես, որ վիճակը վատ է: Վատ է, բայց գիտես, որ հաջորդ լուրն ավելի վատն է լինելու: Մե՛կ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն է ասում, որ Հայաստանը չի կարող հավակնել ֆինանսական միջոցներ ստանալ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից: Մե՛կ Ազգային վիճակագրական ծառայությունն է հայտարարում, որ նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ այս տարի աճը զրոյական է: Այսինքն` աճ չկա: Մե՛կ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարն է հայտարարում, որ հարկվողի փոխարեն` ստվերային տնտեսությունն է աճում: Ասում ու հիմնավորում է: ՀՆԱ-ի նկատմամբ հավաքագրված հարկերի տեսակարար կշիռը 2010թ. նվազել է: Նվազել է նախորդ տարվա համեմատ: Դաշնակցության խորհրդարանական խմբակցությունն էլ հարցեր է ուղղել կառավարությանը: Ուղղել ու հայտարարել է, թե պատասխաններից դժգոհ մնալու դեպքում կպահանջեն կառավարության հրաժարականը: Կարճ ասած` բոլոր կողմերից սպառնալիքներ են: Հաստատ այդ բոլոր կողմերում մի բան գիտեն: «Գիտեն, բայց մեզ չեն ասում»` ինչպես ասում է Արմեն Շեկոյանը: Իսկ Պետեկամուտների կոմիտեն էլ չի շտապում 2011-ի առաջին եռամսյակի արդյունքները հրապարակել:

ՀՀ 2011թ. պետբյուջեի եկամուտների հավաքագրման եռամսյակային պլանի համաձայն` նախատեսվում է առնվազն 61 մլրդ 300 մլն մուտք ապահովել: Հաջողե՞լ են, թե՞ ոչ, դեռ պարզ չէ: Պարզ է մի բան, որ առաջին եռամսյակի պլանային ցուցանիշներն ամենահամեստն են: Տեսեք, առաջին եռամսյակի համար պլանավորված է հավաքագրել մոտ 185,7 մլրդ մուտքեր, երկրորդում` 218,5 մլրդ, երրորդում` 234,5 մլրդ, իսկ չորրորդում` 214 մլրդ դրամ: Եթե նույնիսկ մի քանի օրից հայտարարեն, որ բյուջեի պլանը կատարված է, չես հավատա: Կենթադրես, որ երկրորդ եռամսյակի մի քանի օրվա մուտքեր են «պարտք» վերցվել: Կենթադրես ու հավանաբար չես սխալվի: Կարճ ասած` բոլորը գիտեն: Գիտեն ու չեն ասում: «Հազարամյակի մարտահրավերներից» մեզ բաժին չհանելը, ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի` քաղաքական պատճառ ունի: Բայց, եթե անկեղծ լինենք` վերջին երեք տարում քաղաքական վիճակն ավելի չի վատացել: Ավելին` նույնիսկ բարելավվել է: Նախ` իշխանությունները հանրապետական մասշտաբի ընտրություններ չեն կեղծել, որովհետեւ վերջին երեք տարում այդպիսի ընտրություններ չեն եղել: Երկրորդ` քաղբանտարկյալների թիվը երեք տարում նվազել է: Ընդդիմությունը վերադարձրել է Ազատության հրապարակում միտինգներ անելու իրավունքը:

Ձեւական առումով դեմոկրատականացման գործում դրանք կարելի էր առաջընթաց որակել: Բայց հավանաբար մեր երկրի տնտեսական վիճակը լրջորեն բարդացել է: Ու հիմա ճիշտ պահն է: Վարկ-գրանտների ասեղից զրկելու ճիշտ պահը: Հատկապես, որ երկու տարում երկրի արտաքին պարտքը մոտ 3,5 անգամ մեծացել է: Դրան զուգահեռ` պակասել են նոր պարտք ստանալու հեռանկարները: Հավանաբար այս պատճառով` մեր կառավարությունը կենտրոնացել է ներքին տնտեսության վրա: Կենտրոնացել ու փորձում է մի բան անել: Փորձերը տեղ-տեղ ձախողվում են, տեղ-տեղ` փոքր, բայց դրական արդյունք են տալիս: Դրական, բայց` զրոյական: Այս տարվա առաջին եռամսյակում, ըստ պաշտոնական վիճակագրության` 6-ական տոկոս աճ են արձանագրել արդյունաբերությունն ու առեւտուրը: Փոխարենը` 7,5 տոկոս անկում կա տնտեսության ամենամեծ` ծառայությունների ոլորտում (որքան էլ ՏՏ ոլորտը կառավարությունը գերակա համարի): Կրճատվել է շինարարությունը` 2 տոկոսով, գյուղատնտեսությունը (մեր կառավարության ամենաթարմ սերը) 5 տոկոսից բարձր անկում է արձանագրել: Հայաստանի արեւմտյան ավանդական բոլոր գործընկերները կոշտացրել են իրենց դիրքորոշումը: Կոշտացրել ու պնդում են, որ մեր երկրում եկամուտների հայտարարագրման համակարգ չկա: Խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու գործում առաջընթաց չկա: ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի տեսակարար կշռի 17 տոկոսանոց ցուցանիշը դրա ապացույցն է: Այս ուղղություններով նախորդ տարիներին կատարվող իմիտացիոն գործողությունների բոլոր ռեսուրսները մեր կառավարությունն արդեն սպառել է: Հարկային քաղաքականության կոշտացումը խոշոր բիզնեսը չզգաց: Փոխարենն` արդեն անհնար է նոր մուտքեր քամել մանր ու միջին բիզնեսից: Տնտեսական մրցակցության հանձնաժողովի եռամսյակը մեկ անցկացվող շոուները այլեւս համոզիչ չեն: Գրաֆիկով այս կամ այն տնտեսվարողին 500.000-ական դրամ տուգանելը պետբյուջեն չի նկատում: Բայց հասցրել է Արեւմուտքում բոլորին ձանձրացնել: Եվ ոչ միայն Արեւմուտքում: «Ալեքս Գրիգ» ընկերությունն էլ է ձանձրացել ու դատի տվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Վիճակն իսկապես վատ է: