– Ե՞րբ է ստեղծվել Ձեր ասոցիացիան:
– 2004թ. Թուրքիայի` Եվրոպական Միության անդամակցության թեկնածության հարցը Ֆրանսիայում դարձավ հրատապ: Այն ուղեկցվեց մի քարոզարշավով` հիմնված նախեւառաջ Հայոց ցեղասպանության ապատեղեկատվության վրա: Անկախ այն բանից, թե կողմ կամ դեմ լինեիր Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական Միությանը, դժվար էր չընդդիմանալ այդ բազմակողմանի ժխտողականությանը, որը պաշտոնապես տարածվում էր Եվրոպայում: Այն փաստը, որ մենք չենք անդամակցում սփյուռքի ավանդական կուսակցություններին եւ ասոցիացիաներին, հենց ցանկություն առաջացրեց ստեղծել «ուրիշ բան»: Մենք ցանկանում էինք տարբերվել հաղորդակցման եւ գործունեության մի ձեւով, որը հիմնականում ուղղված է հայկական հարցի ոլորտին եւ, որը հնացած էր թվում: 2004թ. մայիսի 8-ին «Collectif VAN»-ը (Հայկական աչալրջություն ժխտողականության դեմ) հայտարարեց իր ստեղծման մասին, ընդ որում` դա արվեց նացիզմի նկատմամբ տարած հաղթանակի օրը (մայիսի 8-ին Ֆրանսիայում նշվում է 1945թ. Ազատագրման օրը): «Collectif VAN»-ն իր գործունեությունը ծավալում է բոլոր ցեղասպանությունների եւ դրանց ժխտման դեմ (Հոլոքոստ, տութսիների ցեղասպանությունը Ռուանդայում, Դարֆուրում ներկայումս կատարվող ցեղասպանությունը) եւ հրեատյացության (հակասեմիտականություն) դեմ: «Collectif VAN»-ը «Collectif Urgence Darfour»-ի (Արտակարգ Դարֆուր Կոլեկտիվ) կառավարման խորհրդի անդամ է, ինչպես եւ «SOS Ռասիզմը» եւ «Licra»-ն, որոնք ֆրանսիական խոշոր հակառասիստական կազմակերպություններ են: Մենք աշխատում ենք կամավորականության սկզբունքով: Ֆրանսիայում ասոցիացիայի բոլոր անդամները, ասոցիացիայից զատ, ունեն այլ աշխատանք եւ ասոցիացիային են նվիրում իրենց ազատ Ժամանակի մի զգալի հատվածը: Մենք մի քիչ նման ենք ազատ էլեկտրոնների, այսինքն` առանց ծանր կառուցվածքի, առանց ֆիքսված տարածքի ենք մեր գործունեությունն իրականացնում: Յոթ տարի շարունակ մենք աշխատում ենք այդպես, եւ դա համապատասխանում է մեր մտածելակերպին:
– Ի՞նչ եք Դուք անում:
– «Collectif VAN»-ը չէր կարող գոյություն ունենալ 10 կամ 15 տարի առաջ, քանի որ մեր առօրյա աշխատանքը հիմնականում կապված է համացանցի հետ: Եվ համացանցի տարածման հետ մեկտեղ` նաեւ ժխտողականությունն է զգալիորեն զարգացել: Տասնյակ ֆրանսերեն, անգլերեն, թուրքերեն, ադրբեջաներեն ժխտողական կայքեր աղտոտում են համացանցը եւ դառնում են ավելի ու ավելի վտանգավոր: Մեր գործունեությունը բաժանվում է երկու խմբի` ամեն օր մեդիապարկը հարստացնում է մեր ինտերնետային կայքը` www.collectifvan.org, որտեղ տեղադրվում է մամուլի տեսություն` կազմված այն ֆրանսերեն հոդվածներից, որոնք անդրադառնում են մեզ հուզող հարցերին: Մենք նաեւ առաջարկում ենք թուրքերեն եւ անգլերեն մամուլից ֆրանսերեն թարգմանություններ: Օրինակ` մենք թարգմանել ենք Բաքվի եւ Սումգայիթի ջարդերին վերաբերող փաստաթղթեր: Կարեւոր է ոչ միայն ներկայացնել 1915թ. Ցեղասպանության, այլ նաեւ` 1988թ. սկսած Ադրբեջանի իրականացրած զանգվածային ջարդերի իրականությունը: Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի, Մարաղայի դեպքերը ֆրանսերեն լեզվով քիչ են փաստագրված: Մենք աշխատում ենք լրացնել այդ բացը, սակայն աշխատելու համար մեզ հավաստի աղբյուրներ են պետք: Բացի այդ, անհրաժեշտ է լուրջ փաստաթղթեր ունենալ Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ` ֆրանսերեն թարգմանելու համար: Պետք է գիտակցել, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը չեն հաղթել տեղեկատվական պատերազմում: Արդեն երկու տարի է, Ֆրանսիայի երիտասարդ ադրբեջանցիները ցույցեր են կազմակերպում ֆրանսիացիներին Խոջալուի «ցեղասպանության» մասին տեղեկացնելու նպատակով: Նրանք միջնորդություններ են ստորագրել տալիս ֆրանսիական հասարակությանը, որտեղ հայերին որակում են որպես ցեղասպանության ոճրագործներ: Ժխտողականության դեմ պայքարը միաժամանակ կարող է արդյունավետորեն հակազդել այդ քարոզչությանը: Եվ այստեղ նույնպես զգացվում է լուրջ, պատմական տեղեկատվության պակաս, կամ էլ` այդ տեղեկատվությունը հայտնվել է բոլորովին վերջերս: Մենք փորձում ենք հնարավոր ամեն ինչ անել թարգմանելու եւ մեր կայքում տեղադրելու այն փաստաթղթերը, որ գտնում ենք: «Collectif VAN»-ը հավաքում է ամենօրյա տեղեկատվությունը եւ ամեն օր «Word» փաստաթղթով էլեկտրոնային փոստի միջոցով անվճար ուղարկում է հազարավոր բաժանորդներին, որը պարունակում է նաեւ անգլերեն, թուրքերեն, գերմաներեն լեզուներով մամուլի որոշ հոդվածներ: Մենք մեր տեղեկատվությունը վերասփռում ենք համացանցում. Ֆրանսերեն մեր թարգմանությունները տեղադրված են բազմաթիվ քաղաքացիների բլոգներում եւ 2009թ. հոկտեմբերից մենք ներկայացված ենք սոցիալական ցանցերում Facebook-ի միջոցով: Մենք ամեն անգամ հրապարակավ կամ մասնավոր ձեւով միջամտում ենք, երբ ի զորու ենք արձագանքելու կամ ահազանգելու ժխտողական փաստերի մասին: Նաեւ մշակում ենք մի համալիր տեղեկատվական գործիք` ժխտողականության դիտարան, որը նախատեսված է հանրային իշխանություններին հասցնելու հավաքագրված ինֆորմացիան: Մյուս բեւեռը միջոցառումների բեւեռն է, եւ պետք է ասեմ, որ յոթ տարում իրականացրել ենք 70-ից ավելի ակցիաներ: «Collectif VAN»-ը նորարարություն է մտցրել` ստեղծելով ազդեցիկ տեսողական պատկերներ, ինչպես, օրինակ, «կախաղան բարձրացվածները», որը խորհրդանշում է Օսմանյան կայսրությունում կախաղան բարձրացված հայերին, կամ Ֆրանսիայի սփյուռքահայության համար չհրապարակված ԶԼՄ-ների հաղորդագրությունները: Ցեղասպանության 90-րդ տարելիցի ժամանակ եւ դրան հաջորդած տարիներին մենք «CCAF»-ի (Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդ) համար նախաձեռնեցինք եւ իրականացրինք հսկայական բաներների տեղադրում Փարիզի, Իսի-լե Լուլինոյի, Առնուվիլի, Էքսի եւ Մարսելի հասարակական շենքերի ճակատներին, որոնց վրա գրված էր` «Հայոց ցեղասպանություն. Փարիզը հիշում է»: Մշտապես մտահոգված լինելով, որպեսզի մեր ակցիաներին ներգրավենք հանրությանը` 2005թ. ապրիլից մենք ձեռնամուխ եղանք ցեղասպանությունների եւ դրանց ժխտման իրազեկության օրերի կազմակերպմանը Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում: Այդ գործողությունները, որոնք գրավեցին մամուլի ուշադրությունը, ներգրավեցին մի քանի հազար այցելուների` հասարակության տարբեր շերտերից (ներառյալ Թուրքիայից): Այդ միջոցառումը տեղի է ունենում ամեն տարի ապրիլի 24-ին հաջորդող կիրակի: Այս տարի այդ միջոցառումը տեղի կունենա Զատիկին հաջորդող երկուշաբթի: 9 մետրանոց երեք սյուն եւ ավելի քան երկու մետրանոց խորանարդը ծառայում են հանրության տեղեկացման եւ մասնակցության ապահովման համար: Սյուներից մեկը նվիրված է Հրանտ Դինքին: «APAF»-ի (Ֆրանսիայի հայ տեսողական արվեստագետներ) նկարիչ-արտիստների աշխատանքները մեր ակցիաներին գեղարվեստական արժեք են հաղորդում: 2011թ. ապրիլի 25-ի մեր միջոցառումը տեղի կունենա Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում եւ կստանա մարդու իրավունքների ֆրանսիական, հրեական, գերմանական, կիպրոսյան, ասորա-քազդեա-սիրիական, տութսիական, դարֆուրյան, թուրքական, իսրայելյան 20 կազմակերպությունների աջակցությունը: Երրորդ տարին է, ինչ «IHD»-ն (Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպություն) աջակցում է մեր ակցիային` ընդդեմ Թուրքիայի ժխտողականության: Մեզ համար դա գոհունակության իրական պատճառ է, եւ մենք հարգում ենք թուրք եւ քուրդ այս ակտիվիստների քաջությունը: 2011թ. առաջին անգամ «The Institute on the Holocaust and Genocide of Jerusalem»-ը (Հոլոքոստի եւ Երուսաղեմի ցեղասպանության ինստիտուտ) մեր ակցիայի գործընկերն է: Մեզ համար դա մեծ պատիվ է, եւ մենք շնորհակալություն ենք հայտնում պրոֆեսոր Իսրայել Շարնիին աջակցության համար: Ապրիլ ամիսը միայն հայոց ցեղասպանության ամիսը չէ. 1994թ. ապրիլի 7-ին Ռուանդայում սկսվել է երկրում փոքրամասնություն կազմող տութսիների ցեղասպանությունը. 100 օրում մեկ միլիոն տղամարդ, կին, երեխա սպանվել են, սվինահարվել կամ կենդանի այրվել:
– Ինչպե՞ս է Ձեր գործունեությունը ծավալվում ամբողջ աշխարհում:
– Մենք նորամուծություն կատարեցինք եւ շատ արագ թափանցեցինք հայկական համայնքի միկրոկոսմոս: Մեր ինքնուրույնությունը միշտ չէ, որ լավ է ընդունվում ոմանց կողմից: Բայց մեր դիրքորոշումը վստահություն է առաջացնում մեր համակիրների մոտ: Հետեւաբար` մեր համախոհները երկու անգամ ֆինանսավորել են, որպեսզի մեր ուղերձները մի ամբողջ էջով տպագրվեն ֆրանսիական առաջատար թերթերից մեկում`«Liberation»-ում: Ֆինանսական աջակցությունից զատ, մարդիկ մեզ են առաջարկում իրենց անգնահատելի օգնությունը, մասնավորապես` թարգմանություններ կատարելու հարցում: Երբ հայկական համայնքից բացի, բավականին լուրջ մի լրատվամիջոց` ինչպիսին «L’Arche»-ն է (Ֆրանսիայի հրեաների ամսագիրը), կիսում է իր հրապարակումներում «Collectif VAN»-ի մտահոգությունները, այդժամ կարող ենք ասել, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Մեր հետեւորդները բազմաթիվ ոչ հայկական կազմակերպություններ եւ լրատվամիջոցներ են, որոնք հետաքրքրվում են այլ ցեղասպանությունների մասին մեր բացահայտումներով:
– Արդյո՞ք սփյուռքահայերը չեն ընկալվում որպես ծայրահեղականներ:
– Դրանից խուսափելու համար հայկական սփյուռքը պետք է այնպես հարմարեցնի իր խոսքը, որպեսզի լսելի լինի լրատվամիջոցների, հասարակության եւ քաղաքական գործիչների համար: Բավարար չէ իմանալ, որ մեր պահանջներն իրավացի են: Պետք է կարողանալ ուրիշներին դա հասկացնել եւ ամենակարեւորը` համոզել նրանց: Հնարավորությունների շրջանակն ընդարձակ է` ռադիո, հեռուստատեսություն, թերթեր, ինտերնետ-կայքեր, ֆորումներ, սոցիալական ցանցեր. մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել դեսպան` ծառայելով պատմական ճշմարտությանը: Սակայն դեսպանը, ըստ էության, դիվանագիտական լեզվով պետք է խոսի: Շատ կարեւոր է առաջնություն տալ բանականությանը` հիմնված միմիայն փաստերի վրա, տեղիք չտալ զգացմունքներին: Ազգայնական եւ աղանդավորական մոտեցումներն անընդունելի են: Երբ մենք տեսնում ենք «Facebook»-ում կամ ինտերնետում հայերի կողմից հնչեցրած ռասիստական կամ հակասեմական արտահայտություններ` մենք արձագանքում ենք, որովհետեւ դա վատորակ գովազդ է ողջ հայերի համար: Մենք քաջատեղյակ ենք, որովհետեւ ամեն օր պայքարում ենք թրքամետ ֆրանսիացի ժխտողականների դեմ, գիտենք, որ այս թեմաները (հայերին ենթադրվող հակասեմիտիզմը կապված է Նացիստական բանակում գեներալ Դրոյի մասնակցության հետ) հաճախ օգտագործվում են հայերին ստորացնելու համար: Ահա թե ինչու շատ կարեւոր է լինել զգոն եւ տեղիք չտալ այս կարգի ոտնձգություններին:
– Ձեր կարծիքով` ո՞րն է Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը:
– Թուրքական պետությունը Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ ունեցած իր կապերի միջոցով 2010թ. մի նոր հարձակվողական ռազմավարության է դիմում: Այսուհետ, յուրաքանչյուր ոք` լինի դա գիտաշխատող, ակադեմիկ, լրագրող, քաղաքական գործիչ կամ որեւէ պաշտոնյա, ով կհանդգնի որակել «ժխտողական» Թուրքիայի պետական սկզբունքները, կամ պարզապես, եթե ասեն, որ թուրքական կայքերն անհուսալի աղբյուրներ են պատմական առումով` նրանց դեմ քրեական գործ կհարուցվի զրպարտության համար: Զավեշտալի իրավիճակ է ստեղծվում զոհերի հետնորդների եւ նրանց կողքին աշխատողների համար, որոնց այս կերպ փորձում են լռեցնել, մինչդեռ ժխտողականներն օգտվում են անպատժելիությունից: Բուռն հակահայկական ատելությամբ են ողողված բազմաթիվ օտարերկրյա ֆրանսախոս կայքեր:
– Արդյո՞ք ցեղասպանության ոճիրը կշարունակի մարդկության պատմության մի մասը կազմել:
– Ցանկալի է, որ ոչ, բայց միայն մի բանում կարող ենք վստահ լինել, որ եթե մի որեւէ ցեղասպանություն անպատիժ մնա, միշտ ինչ-որ մի տեղ աշխարհում մեկ այլ ցեղասպանություն իրագործողը պատրաստ կլինի փորձել իր բախտը` հույս ունենալով խուսափել արդարադատությունից:
– Ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանում:
– 2006թ. մարտին Երեւանում ստեղծվեց «Collectif VAN»-ի մասնաճյուղը: Մենք գիտենք, որ ժխտողականության թեման բավականին վերացական է Հայաստանի հայերի համար, քանի որ, ինտերնետից բացի, նրանք հազվադեպ են բախվում ժխտողականներին: Բայց մեզ համար կարեւոր էր առնվազն հղել մեր եղբայրության ու համերաշխության ուղերձը ցեղասպանության բոլոր ժողովուրդների զոհերին: 2006-2010թթ. մի շարք ցուցահանդեսներ են անցկացվել Երեւանում: Քանի որ Հայաստանի մեր ներկայացուցիչը այժմ Ֆրանսիայում հեռահաղորդակցության ոլորտում մագիստրոսի որակավորման է պատրաստվում, ստիպված դադարեցրել է գործունեությունը: Սակայն արդեն կամավորները մեծ ցանկություն են դրսեւորում, որպեսզի ստանձնեն մեր պարտականությունները Հայաստանում: Եթե կգտնվեն երիտասարդներ, ովքեր կցանկանան միանալ մեր պայքարին` ժխտողականության, ռասիզմի եւ հակասեմիտականության դեմ, նրանք կարող են կապ հաստատել մեզ հետ [email protected] էլեկտրոնային հասցեով: