Երեկ ամբողջ օրը Երեւանում, ինչպես նաեւ` տարբեր մարզերում օդում փոշու մեծ քանակություն էր նկատվում, ինչը, բնականաբար, լուրջ անհանգստություն էր պատճառել բնակիչներին: Օդում կուտակված փոշու գոյացությունից նույնիսկ դժվարացել է շնչելը: ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնից տեղեկացրել են, որ Մերձավոր Արեւելքի անապատներից հանրապետություն նախօրեին գիշերը եւ երեկ ցերեկը դիտվել է արեւադարձային տաք օդային հոսանքների ինտենսիվ ներհոսք: «Դրանով էլ պայմանավորված` անապատային փոշին տեղափոխվել է հանրապետության տարածք»,- news.am-ին ասել է «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: Իսկ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Բաղդասար Սնգրյանն էլ ասել է, թե Կենտրոնը փորձանմուշներ է վերցնում, որոնց պատասխանները կստացվեն ավելի ուշ: «Մենք արձանագրել ենք օդային ավազանում փոշու քաշը, որը նորմային գերազանցում է երկու անգամից ոչ ավելի»,- ասել է Բ. Սնգրյանը` հավելելով, թե անապատային փոշիները, որոնք գետնամերձ շրջանում նկատելի չեն, հանրապետություն են ներթափանցել Իրաքի եւ Սիրիայի տարածքից: Նման երեւույթ, ըստ Սնգրյանի, Երեւանում տարին մեկ անգամ արձանագրվում է: Ի դեպ, նա հերքել է լուրերը, թե հնարավոր է` փոշու ամպը ներթափանցել է Ճապոնիայից ,եւ որ այն «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարի հետեւանքով առաջացած ռադիոակտիվ փոշին է:
Երեկ այս առնչությամբ բնապահպան Կարինե Դանիելյանը հույս է հայտնել, որ Մերձավոր Արեւելքի անապատներից հանրապետություն ներթափանցած փոշու ամպերը չեն վնասի արդեն ծաղկած ծառերին: «Եթե ավազը տաք լիներ, ապա նստելով բուսականության եւ ծառերի վրա` կարող էր խանձել դրանք, բայց հուսով եմ` նման բան չի լինի: Իհարկե, ընդհանուր առմամբ` սա բացասական երեւույթ է, բայց եթե հաշվի առնենք, որ ավազն ու փոշին տաք չեն, վտանգը պետք է որ այնքան էլ մեծ չլինի: Առանձին հարց է` կա՞ն արդյոք փոշու ամպերի մեջ տոքսիկ նյութեր, որոնք կարող են լրացուցիչ վնաս հասցնել բուսական եւ կենդանական աշխարհին, սակայն ուսումնասիրությունների արդյունքները պատրաստ կլինեն միայն վաղը: Ես հույս ունեմ, որ նման նյութեր, ամեն դեպքում, փոշու մեջ չեն հայտնաբերվի»,- կայքին ասել է Կ. Դանիելյանը: