Պահ-պահ-պահ

21/04/2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ անձամբ մեքենայի ղեկին նստել ու քարուքանդ եղած ճանապարհներով գնացել է Ամասիայի շրջանի Բերդաշեն համայնք: «Պետությունն անում է հնարավորը իր կարողությունների շրջանակներում: Երբ կարողություններն ավելանում են, մենք փորձում ենք առաջին հերթին մեր ֆինանսական օժանդակությունը ուղղել առավել անապահով շրջաններին: Սոցիալապես առավել անապահով համայնքները, հեռավոր համայնքները պետք է գտնվեն կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ սկզբունքից ելնելով էլ ընտրվել են այս համայնքները: Մենք դրա համար ենք եկել այստեղ, հանդիպում ենք բնակչության հետ, որպեսզի քննարկենք իրենց հուզող առաջնահերթ խնդիրները` սոցիալական, տնտեսական»,- Բերդաշենում լրագրողների հետ զրույցում ասել է Տ. Սարգսյանը: Նրա խոսքով, Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում փորձագետների իրականացրած հաշվարկները ցույց են տվել, որ այս ծրագրի իրականացմամբ կոնկրետ Բերդաշեն համայնքի տարեկան եկամուտները կավելանան մոտ 20 տոկոսով: Համաշխարհային բանկի վարկային այս ծրագիրն արժե 21 միլիոն 330 հազար դոլար: Ծրագիրը հաշվարկված է հինգ տարվա համար` 2011-2016թթ.: Բերդաշենից հետո կոոպերատիվներ կստեղծվեն եւս 6 մարզերի առավել աղքատ 55 համայնքներում: