Գողացել են

21/04/2011

«Կոմսոմոլսկայա պրավդա» օրաթերթի փոխանցմամբ, Մոսկվայի Յուժնոյե Չերտանովո շրջանում «իսկական դիվային պատմություն է տեղի ունեցել»: Ռուսաստանի Աստվածաշնչի միության վարորդը հրատարակությունից պահեստ է փոխադրել Աստվածաշնչի 3888 օրինակ: Ճանապարհին վարորդը որոշել է մի պահ կանգ առնել եւ այցելել ազգականներին: Կես ժամ անց նա դուրս է եկել բակ եւ տեսել, որ մեքենան` հսկայական «ԿամԱԶ»-ը, անհետացել է: Շփոթված վարորդը դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել Աստվածաշնչյան միության ղեկավարներին, ովքեր էլ դիմել են Ոստիկանություն: Բեռնատարը հետախուզման մեջ է, բայց որեւէ հետք այս պահին չի հայտնաբերվել: Քննիչների կարծիքով, հափշտակիչը, ամենայն հավանականությամբ, չի էլ իմացել, թե ինչ բեռ է փոխադրում «ԿամԱԶ»-ը: Ռուսաստանի մայրաքաղաքում հաճախ են գողանում շինարարական աշխատանքում կիրառվող տեխնիկա` բեռնատարներ, ամբարձիչ կռունկներ, բետոնախառնիչներ եւ այլն: «Մնում է հուսալ, որ գողը կտեսնի, թե ինչ է գողացել: Թող բացի Աստվածաշունչը, կարդա ու հասկանա «մի՛ գողացիր» պատվիրանը»,- ասել է Ռուսաստանի Աստվածաշնչյան միության ներկայացուցիչը: