Տասը տարիների ընթացքում աբորտների թիվը չի նվազել

21/04/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Թեեւ Համաշխարհային առողջապահության կազմակերպության (ՀԱԿ) հրապարակած զեկույցի համաձայն` ԱՄՆ-ում ամենաշատ տարածված հիվանդությունը համարվում է դեպրեսիան, այդուհանդերձ, տեղի մասնագետները մեզ հետ զրույցում միանգամայն այլ տվյալներ ներկայացրեցին:

ԱՄՆ Այովա նահանգի Մարդու իրավունքների վարչության գործադիր պաշտոնյա Ռեյչել Սքոթը մեզ հետ զրույցում նշեց, որ վիճակագրական տվյալների համաձայն` ԱՄՆ-ում ամենաշատը տարածված են սրտանոթային հիվանդությունները, ինչպես նաեւ` գիրությունը: Մասնագետներից ոմանք որպես գիրության պատճառ` մատնանշում են արհեստական հավելումներով, արագ պատրաստվող, այսպես կոչված` «Fast food» սնունդը: Առողջապահական ոլորտի որոշ մասնագետներ էլ, մասնավորապես` կանանց գիրացումը համարում են մեծ քանակությամբ հորմոնալ դեղամիջոցների կիրառման արդյունք: Այովա նահանգի «Հաթլենդի ընտանիքի պլանավորման» գործակալության տնօրեն Թոդ Բուչակերի հավաստմամբ, տեղի բնակչության կանանց զգալի հատվածն, ի տարբերություն նախորդ տարիների, ներկայումս աբորտի դիմելու փոխարեն` օգտագործում է հակաբեղմնավորիչներ: «Անշուշտ, այդ հակաբեղմնավորիչները մեծաքանակ հորմոնալ խառնուրդ են պարունակում, խանգարում են հորմոնալ ֆոնը, հավելյալ քաշ են առաջացնում, բայց ես չեմ կիսում այն կարծիքը, որ կանայք գիրանում են հորմոնալ դեղամիջոցներից»,- նշեց նա` մանրամասն տեղեկացնելով այն դեղամիջոցների բաղադրության մասին, որոնք ստեղծվել են վերջին տարիներին եւ լայն տարածում են գտել հղիությունից խուսափող կանանց միջավայրում: Վերջին տարիներին արձանագրված անչափահասների հղիությունները նահանգային իշխանություններին ստիպել են (ի դեմս առողջապահական եւ կրթական ոլորտների մասնագետների) լրջորեն զբաղվել անչափահասների սեռական դաստիարակության խնդիրներով: Թ. Բուչակերը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իր ղեկավարած «Ընտանիքի պլանավորման գործակալությունն» ինքնաֆինանսավորվող, ինչպես նաեւ` բարերարների նվիրատվությամբ գոյատեւող հաստատություն է, հետեւաբար` կրթական հաստատություններում իրականացվող ծառայությունները վճարովի են: «Մենք ունենք մասնագետներ, որոնք աշխատում են դպրոցների հետ: Դա պետական ծրագիր չէ, այլ պայմանագրային աշխատանք: Մենք սեռական դաստիարակության դասընթացներ կազմակերպելու առաջարկություններ ենք ներկայացնում ավագ դպրոցների ղեկավարներին: Տնօրենները դա քննարկում են աշակերտների ծնողների եւ աշխատակազմի հետ: Եթե նրանք դա գտնում են նպատակահարմար, ապա ընդունում են առաջարկը, եւ կնքում ենք երկկողմանի պայմանագիր ողջ տարվա համար: Պետք է նշեմ, որ դա շատ արդյունավետ մեխանիզմ է, քանի որ երեխաները նախապատրաստվում են, սկսում են ճանաչել սեռական կյանքը եւ գրագետ են այդ իմաստով: Անշուշտ, կան դպրոցներ, որոնք դա ավելորդ են համարում, բայց փորձը ցույց է տվել, որ նման պարագայում անցանկալի հղիությունների, սեռավարակների, հոգեբանական սթրեսների, բռնությունների եւ շատ այլ տհաճ իրավիճակների դեպքեր են արձանագրվում»,- ասաց Թ. Բուչակերը` տեղեկացնելով, որ դպրոցականները հնարավորություն են ստանում հատուկ պատրաստված մարիոնետների, փափուկ խաղալիքների միջոցով ծանոթանալ նաեւ մարդու սեռական օրգաններին եւ սեռային առանձնահատկություններին: Ըստ նրա` ավագ դպրոցներում սեռական դաստիարակության ուսուցման ժամանակ սկզբնական շրջանում բացատրություններն ու պրակտիկ նկարագրությունները դպրոցականների մոտ ծիծաղ ու ամոթխածություն են առաջացնում, մինչդեռ աղջիկներին եւ տղաներին առանձին խմբերի բաժանելիս` նրանք սկսում են հետաքրքրվել եւ շատ հարցեր տալ: Ի դեպ, Այովայի ինչպես` պետական կառույցները, այնպես էլ` հասարակական կազմակերպությունները մեծ ուշադրություն են դարձնում աբորտի խնդրին: Մի դեպքում` աբորտի դիմելը համարվում է կնոջ իրավունքը, իսկ մյուս դեպքում` կրոնական մեկնությամբ դա համարվում է մանկասպանություն: Թ. Բուչակերի հավաստմամբ` աբորտների թիվը, շուրջ 10 տարի է, տարեկան հասնում է 6000-ի: Թեեւ շատերը ներկայումս անցանկալի հղիությունից խուսափելու համար դիմում են ընտանիքի պլանավորման գործակալություն եւ հակաբեղմնավորիչներ են օգտագործում, այդուհանդերձ, աբորտների ցուցանիշի սանդղակը դրանից չի նվազում. «Աբորտների մեծ թիվը մեզ մոտ հակված են բացատրել տնտեսական վատ վիճակով: Այլ կերպ ասած` ընտանիքները կամ կանայք պատրաստ չեն երեխա ունենալու եւ մեծացնելու դժվարություններին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք ավելի շատ հակաբեղմնավորիչներ են օգտագործում, քան, ասենք` պահպանակով են սեռական կյանքով ապրում: Մեր բժիշկ-մասնագետներն այնպիսի հակաբեղմնավորիչներ են նշանակում մեր այցելուներին, որոնց կիրառմամբ` անկանխատեսելի սեքսի ժամանակ 72 ժամում կամ հինգ օրում ազդում եւ կանխվում է հղիությունը: Մենք նաեւ կիրառում ենք ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստեր, որոնք լնդերի մեջ տեղադրելով` կարելի է որոշել այդ հիվանդության առկայությունը: Ի դեպ, պետք է նշեմ, որ ներկայումս մեզ մոտ վերարտադրողական առողջության վերաբերյալ օրենքներ են մշակվում, ինչի համար մեծ ներդրումներ անելու կարիք կա»: Այովա նահանգում նաեւ լուրջ մտահոգություն կա որոշ օրինագծերի վերաբերյալ, որոնց օրենքի ուժ ստանալուց հետո օրենսդիրները կսկսեն բուժհաստատությունների վրա ճնշում գործադրել` աբորտների թիվը սահմանափակելու եւ վերարտադրողական ծրագրերի խրախուսման համար: «Ներկայումս Այովայում աբորտ կարող են կատարել մինչեւ 24 շաբաթական հղիության դեպքում, մինչդեռ օրենքը կարող է որոշակի սահմանափակումներ մտցնել, ըստ որի` մասնագետներն իրավունք կունենան այդ գործողությունը կատարել մինչեւ 20 շաբաթական հղիություն ունեցող կնոջը: Այս մոտեցման տրամաբանությունը նաեւ այն է, որ այդպիսով նաեւ կնվազի մոր եւ երեխայի առողջության վտանգը»,- նշեց «Հաթլենդի ընտանիքի պլանավորման գործակալության» տնօրենը` հավելելով, որ աբորտի վերաբերյալ ֆեդերալ օրենքներն այլ են, որովհետեւ ԱՄՆ կառավարությունը թույլ է տալիս ցանկացած պարագայում աբորտի դիմել, բայց նահանգային իշխանությունները կարող են ժամկետային սահմանափակումներ մտցնել: Այովայի շատ կազմակերպություններ, այնուամենայնիվ, բոյկոտում են ժամկետների հետ կապված սահմանափակումների դեմ` հայտարարելով, որ դա կնոջ իրավունքների սահմանափակում է: Աբորտի դեմ շարժումը նաեւ վտանգավոր էլեմենտներ է պարունակում, քանի որ նման կոնսերվատիվ տեսակետներից ու օրենսդրական սահմանափակումներից ելնելով` կանայք աբորտ կատարում են այլ, ոչ պրոֆեսիոնալ վայրերում եւ ոչ մասնագետների միջոցով:

ԱՄՆ (Այովա)-Երեւան