«Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը երեկ քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց Երեւանի նոր գլխավոր հատակագիծը, որի աշխատանքները կավարտվեն նոյեմբերի 15-ին: Գ. Մուշեղյանի հավաստմամբ՝ գլխավոր հատակագիծը մշակվել է կառավարության որոշման համաձայն, այն թվով հինգերորդ գլխավոր հատակագիծն է: Նոյեմբերին այն կներկայացվի կառավարության հաստատմանը: «Կարող եմ ասել, որ այս գլխավոր հատակագիծը մշակվել է ամենակարճ ժամկետում՝ 4 տարում, նախորդը մշակվել էր մոտ 10 տարում: Հաճախ պատահել է, որ գլխավոր հատակագիծն ավելի շուտ է հնացել: Հին գլխավոր հատակագիծը նախատեսված էր մինչեւ 2000թ., սակայն 1980-ականների կեսին արդեն նոր գլխավոր հատակագիծ մշակելու անհրաժեշտություն կար»,- ասաց պրն Մուշեղյանը: