Քսերքսեսը` «դաշույնի եւ թիկնոցի» վարպետ
Արքայից արքան ուներ դիվանագիտական լավ հոտառություն: Նա գիտեր. ով տիրապետում է ինֆորմացիային, տիրապետում է աշխարհին: Կայսրության բոլոր ծագերից եւ արտասահմանից ինֆորմացիոն հոսքն արքունիքի ուղեղային կենտրոն` նրա համար ինքնանպատակ գործընթաց չէր. այն ուսումնասիրվում, մշակվում եւ օգտագործվում էր օպերատիվ նպատակների համար: Այդ աշխատանքը հատկապես աշխուժացավ Հունաստանի դեմ Պարսկաստանի լայնամասշտաբ ռազմական գործողությունների նախաշեմին: Վաթսուն տարուց ավելի Հելլադան հանդիսանում էր Պարսկաստանի ախոյանը, այնպես որ, ամեն տիպի պայքարի ձեւերն արդարացված էին: Սա հիշեցնում է սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ԱՄՆ հարաբերությունները, երբ Վաշինգտոնը Մոսկվան որակում էր` որպես «Չարյաց կայսրություն», իսկ վերջինս նրան դիտում էր իբրեւ «Գլխավոր հակառակորդ»:
Քսերքսեսի օրոք հատուկ ծառայությունները մեծ հաջողություններ գրանցեցին հոգեբանական պատերազմի, քարոզչության, հակաքարոզչության, ապատեղեկատվության եւ ցուցադրական ագիտացիայի ասպարեզում: Այս ամենը ղեկավարում էր արքայից արքան, ով համար մեկ դիվանագետը եւ համար մեկ լրտեսն էր: Նա քաղաքական խաղերի, սադրանքի` ինտրիգների, մեծ վարպետ էր, իսկական գրոսմայստեր: Նա ծրագրում էր նուրբ մտածված, բազմապլանային կոմբինացիաներ եւ տանում էր մինչեւ վերջ: Ահա դրանցից մի քանիսը:
Պատում առաջին: Սպարտացիները մի գեղեցիկ օր ստանում են տախտակի երկու կտոր, որոնց վրա նամակ էին գրում: Տախտակների վրա ոչինչ չկար գրված: Արքունիքում գլուխ են ջարդում, թե ինչ կնշանակի այդ անսովոր ուղերձը, մինչեւ որ թագավոր Լեոնիդասի կինը` Գորգոն, չի առաջարկում քերել տախտակի վրայի մոմի շերտը, որի տակ հայտնաբերվում է վերը նշված Դեմարատոսի նամակը` ուղղված հայրենակիցներին: Վտարանդի արքան գրում էր, որ պարսկական զորքը շարժվում է Հելլադայի վրա: Սպարտայական արքունիքում նախ ենթադրում են, որ նախկին թագավոր Դեմարատոսի մոտ հետին թվով զարթնել են հայրենասիրական զգացմունքները, եւ նա այդ կերպ ցանկանում է քավել իր մեղքը` Սպարտան դավաճանած լինելու համար: Սակայն հետո գալիս են այն եզրակացության, որ նամակը սարքված է արքայից արքայի ուղեղային կենտրոնում` ամենից առաջ Հելլադայում խուճապ առաջացնելու եւ ազգամիջյան կենտրոնախույս միտումներն ուժեղացնելու նպատակով: Արքան ձգտում էր բարոյալքել հելլեններին: Սակայն նա կարողացավ իր ծրագրած խաղով Սպարտայում ընդամենը ստեղծել լարված հոգեբանական մթնոլորտ:
Պատում երկրորդ: Սպարտայում գուշակները, կաշառված լինելով արքայի կողմից, զոհաբերությունների ժամանակ սկսեցին ստանալ «չարագուշակ նշաններ», ասելով, թե տասը տարի առաջ այստեղ սպանված պարսիկ դեսպանների ոգին թեւածում է երկնքում եւ փոխհատուցում պահանջում: Այն դեսպանների, որոնց նետել էին ջրհորը` «հող եւ ջուր» պահանջելու համար: Սպարտացիները կուլ տվին այս հիմարագույն խայծը, եւ երկրում խուճապ բարձրացավ: Երկու դիվանագետներ` Սպերթիեսը եւ Բուլիսը, կամովին մեկնեցին Սուսա եւ պատրաստակամություն հայտնեցին զոհաբերվել` իրենց քաղաքի մեղքը քավելու համար: Հետաքրքիր է Քսերքսեսի պատասխանը: Թվում է, նա պետք է վրեժը լուծեր արյունով: Մինչդեռ արքան մեծահոգաբար մերժում է դիվանագետների մորթվելու պատրաստակամությունը եւ աշխարհով մեկ հայտարարում, որ «ինքը չի նմանվի նրանց, ովքեր արհամարհելով բոլորի կողմից հարգված օրենքները, սպանեցին պարսից դիվանագետներին: Նա փոխադարձաբար նույնը չի անի»: Նա դրանով ցանկացավ ապացուցել, որ բարբարոս են ոչ թե պարսիկները, այլ` հելլենները: Սակայն արքայի հեռահար նպատակն այլ էր. պատերազմից առաջ շահել սպարտացիների համակրանքը կամ, գոնե, ապահովել նրանց չեզոքությունը. նա լավ գիտեր Սպարտայի ռազմական ուժի մասին եւ չէր ցանկանա բախվել նրա հետ: Պլանը տապալվեց:
Պատում երրորդ: Հելլենական երեք լրտեսներ թափանցում են Պարսկաստանի Ասիական տարածքները եւ Սարդեսում ռազմական տեղեկություններ հավաքելիս, ինչպես ընդունված է ասել պրոֆեսիոնալ սլենգով` «վառվում են», այսինքն` տապալվում: Հակահետախուզության սպաները նրանց տանջելուց եւ հարցաքննելուց հետո տանում են գլխատելու: Արքան կանգնեցնում է մահապատիժը, հրավիրում է իր մոտ լրտեսներին եւ, մանրամասն տեղեկանալով նրանց ստացած առաջադրանքի մասին, հրամայում է ցուցադրել իր ողջ զորքը` հեծյալ եւ հետեւակ, տալ գրավոր (կեղծ) տվյալներ բանակի մասին ու բաց թողնել: Քսերքսեսի հաշվարկները ճիշտ են դուրս գալիս: Լրտեսները վերադառնալով Աթենք` ակամայից դառնում են պարսից բանակի հզորության քարոզիչներ` խուճապ եւ պարտվողական տրամադրություններ առաջացնելով յուրայինների մեջ: Լավ սարքված ապատեղեկատվությունը մեծ վնաս կարող է հասցնել: II համաշխարհային պատերազմի նախօրեին Հիտլերի ուղեղային կենտրոնում պատրաստված կեղծ փաստաթղթին հավատալով` Ստալինը գլխատեց Կարմիր բանակի հրամանատարական կազմն, այդ թվում` անվանի զորավարներ Տուխաչեւսկուն եւ Բլյուխերին:
Պատում չորրորդ: Ռազմածովային հետախուզությունը զեկուցում է, որ Հելեսպոնտոսով անցնում են հացահատիկ փոխադրող հունական նավեր, եւ թույլատրություն է խնդրում խորտակել կամ գրավել դրանք: Արքան նկատում է. «բայց չէ՞ որ մենք եւս նավում ենք դեպի այնտեղ, ուր եւ նրանք, եւ բացի մյուս բաներից` տանում ենք նաեւ հաց: Արդ, նրանք ի՞նչ վնաս են տալիս մեզ համար հաց տանելով»: Հետագա դեպքերը ցույց տվեցին, սակայն, որ աշխարհի տիրակալները եւս կարող են սխալվել իրենց կանխատեսումների մեջ, մանավանդ, երբ նրանք դեմագոգ են:
Պատում հինգերորդ: Որտեղ հնարավոր չէր լինում գտնել զինակից, արքան գործում էր իրեն հատուկ դաժանությամբ եւ անողոքությամբ: Երբ պարսկական հատուկ ծառայությունները ապարդյուն փորձեցին Սպարտայի մեկ այլ թագավորին` Կլեոմենեսին գցել ծուղակը, նրանք մշակեցին թագավորին անվանարկելու մի քանի տարբերակ: Նրանց հաջողվեց «գործ սարքել» թագավորի գլխին` «բռնել կաշառքի վրա»: Հելլադայում կոռումպացված թագավորներին չէին ներում: Ի տարբերություն ներկա Հայաստանի եւ ԱՊՀ-ի մյուս երկրների: Ժողովուրդը նրան արտաքսեց քաղաքից: Որոշ ժամանակ անց Կլեոմենեսը վերադարձավ: Կարծես թե ամեն ինչ հանդարտվեց: Բայց ոչ: Այս անգամ նրան հայտարարեցին խելազուրկ եւ հարբեցող: Գտնվեցին վկաներ: Կլեոմենեսի խորթ եղբայրները նրան նստեցրին բանտ, իսկ առավոտյան գտան մեռած` ոտքերի, ազդրերի եւ փորի մսերը կտրատած:
Այս ամենը հիմքեր են տալիս ասելու, որ հույն-պարսկական գաղտնի պատերազմները, հատուկ ծառայությունների առճակատումը, ուղեղների մենամարտը, դիվանագիտական եւ լրտեսական կոմբինացիաներն ու որոգայթները լավ դպրոց հանդիսացան «թիկնոցի եւ դաշույնի» հետագա սերունդների համար:
«Մենք հաղթեցինք». ասաց նա եւ ընկավ անշնչացած
Օգոստոս: 480 թիվ: Պարսկական էքսպեդիցիոն զորքերը Կիլիկիայի ափերից ուղղվում են դեպի Հունաստան: 600 ռազմանավ հովհարաձեւ մխրճվում են Էգեյանի ջրերը` Սամոս-Եվբեա կղզիների պարամետրով` իրենց հետ տանելով 25 հազար ցամաքային ծանրազեն մարտիկներ, ծովային հետեւակ, հեծելազոր, օժանդակ զորքեր, մեծ քանակությամբ պարեն ու խմելու ջուր: Արքա Դարեհի «բլիցկրիգի» պլանի մեջ մտնում է երկու խնդիր: Առաջին. պատժել Աթենքին եւ Էրետրիային Իոնական ապստամբությանը մասնակցելու համար, հոգեբանական ճնշում գործադրել հելլենների վրա` հետայսու արքայից արքային հլու-հնազանդ լինելու եւ իրենց «խելոք պահելու» համար: Երկրորդ. բարենպաստ պայմաններ ստեղծել Հունաստանից «հող ու ջուր» պահանջելու, եւ վերջին հաշվով, այն անեքսիայի ենթարկելու համար: Խնդիր չէր դրված Հելլադան վերջնականապես ոչնչացնել` Եվրոպա ոստնելու համար: Ոչ: Դեռ ոչ: Դա գլոբալ ստրատեգիական պլանի երկրորդ, գլխավոր մասն է, որին արքայանիստ Սուսան դեռ վերադառնալու էր` հանգամանորեն պատրաստվելուց հետո: Իսկ այժմ պարսիկները, ընդամենը, դուրս են եկել «թեթեւ զբոսանքի»` իրենց ադրենալինը բարձրացնելու եւ հույներին ռազմական արվեստի «master class» ցուցադրելու համար: Զորքերի հրամանատարներն են մեդիացի աղվես ու դեմագոգ Դատիսը եւ Սարդեսի սատրապ, արքայի զարմիկ Արտափրենեսը, որի դաժանության եւ խորամանկության մասին նշել ենք վերը: Զորքերին ուղեկցում եւ խորհուրդներ էր տալիս դավաճան Հիպիասը, որը հիսուն տարի առաջ, լինելով Աթենքի տիրանը, մազապուրծ էր եղել դեմոսի դատաստանից, ապաստանել էր Պարսկաստանում եւ հիմա ծառայում է արքայից արքային: Հիպիասը, բացի դավաճան լինելուց, ըստ երեւույթին, տառապում էր սեռական պաթոլոգիայով եւ ուներ արյունապղծության (ինցեստ) սինդրոմ: Ինչպե՞ս այլ կերպ բացատրել արշավանքի նախօրեին իր տեսած երազը, թե իբր ինքը քնել էր հարազատ մոր հետ: Այս երազը նա մեկնում էր այն իմաստով, որ կվերադառնա Աթենք եւ, վերագրավելով իշխանությունը, կվախճանվի իր երկրում, խորը ծերության հասակում: Նշենք ընդամենը, որ երբ նա նման կեղտոտ երազներ էր տեսնում եւ անրջում իշխանություն` արդեն ութսուն տարեկան էր:
Պարսիկները սկսեցին «սանրել» Էգեյան կղզիները: Նրանք գրավեցին Նաքսոսը, որն ինը տարի առաջ հերոսաբար դիմադրել էր իրենց: Այրեցին քաղաքը, սրբավայրերը, իսկ նրանց, ովքեր չկարողացան թաքնվել լեռներում` գերեվարեցին: Մյուս կղզիներում տղամարդկանց զորակոչեցին պարսկական բանակ եւ, որպեսզի չփախչեն, նրանց երեխաներին պատանդ վերցրին: Պարսկական քարոզչամեքենան այս անգամ էլ չմոռացավ տեղացիների սիրտը շահելու եւ պոպուլիզմ խաղալու իր սցենարը: Ոչ մեծ Դելոս կղզում, որը համարվում էր Ապոլոն եւ Արտեմիս աստվածների ծննդավայրը, Դատիսը զոհաբերություն արեց նրանց պատվին եւ քարոզ հղեց թաքնված մարդկանց: «Սրբազան մարդիկ. ինչո՞ւ հեռու փախաք, կասկածելով, թե ձեր հանդեպ ես չար մտադրություն ունեմ: Քանզի ես այդքան խելամիտ եմ, որ չավերեմ երկու աստվածների ծննդավայրը: Արքան եւս ինձ հրամայել է նման բան չանել: Ուստի այժմ վերադարձեք ձեր տները եւ ապրեք ձեր կղզում»: Եվ, իրոք, նա չվնասեց տեղի բնակիչներին: II համաշխարհային պատերազմի ժամանակ գեբելսյան պրոպագանդիստները նմանատիպ ուղերձներ էին հղում օկուպացված երկրների բնակիչներին, երբ նրանց տներն արդեն ավերված եւ երիտասարդները քշված էին լինում Գերմանիա ստրկական աշխատանքի: Իսկ Կարիտոս կղզին գլուխ չխոնարհեց պարսիկների առաջ, որի համար հրի ու սրի մատնվեց, բնաջնջվեց: Կատաղի դիմադրություն ցույց տվեց թշնամուն Էրետրիան: Վեց օր էրետրիացիները հետ էին մղում գրոհները եւ դեռ կդիմանային, եթե երկու սրիկա, ընդ որում, պատվավոր քաղաքացիներ, պարսիկներին ցույց չտային դարպասների խոցելի տեղը: Քաղաքն ընկավ, բնակիչները կոտորվեցին: Հելլենների ողջ պատմության ընթացքում դավաճանությունը եւ հայրենասիրությունը ձեռք ձեռքի տված քայլել են կողք կողքի: Շա՞տ կան արդյոք նման ժողովուրդներ:
Կղզիների մեծ մասի հետ հաշվեհարդար տեսնելուց հետո պարսկական զորքերը ափ դուրս եկան Մարաթոնյան հովտում` Աթենքից հյուսիս-արեւելք: Աթենքի ճանապարհը բաց էր, մնում էր հաջողությունից արբեցած զորքը շարժել մի երկու քայլ հարավ եւ նավերով շրջանցել Սունիոնի հրվանդանը: Այնժամ բաղձալի եւ գոռոզ Աթենքը` հայտնվելով աքցանի մեջ, ծնկաչոք գթություն կաղերսի պարսիկից: Հեքիաթային գեղեցկուհի պոլիսի վրա կախվեց մահացու վտանգ: Եվ Ժողովրդական ժողովն ահազանգեց. «Հայրենիքը վտանգի մեջ է: Ի զեն»: Բոլոր նրանք, ովքեր ի վիճակի էին զենք բռնելու, շտապեցին Մարաթոն: Սակայն հույների հիմնական հարվածային ուժը կազմում էր ընդամենը տասը հազար մարդ: 10 հազար` 25 հազարի դիմաց: Բայց չմոռանանք, որ խոսքը վերաբերում է անտիկ աշխարհի ուժեղագույն ռազմիկներին` ծանր հետեւակային հոպլիտներին, ովքեր սպարտացիների նման հաղթում էին կամ սպանվում մարտի դաշտում, բայց հետները տանում էին թշնամու մի քանի զինվոր: Ի դեպ, աթենացիները դիմեցին սպարտացիների օգնությանը: Նշանավոր վազորդ Փիդիպիդեսն ուղարկվեց Սպարտա: Կտրելով գրեթե 140 մղոն, նա երկրորդ օրն իսկ տեղ հասավ եւ փոխանցեց խնդրանքը. «Ով լակեդեմոնացիներ. աթենացիները խնդրում են ձեզ օգնել իրենց եւ թույլ չտալ, որ Հելլադայի հնագույն քաղաքը ստրկացվի բարբարոսների կողմից»: Իսկ սպարտացիներն այդ ժամանակ քեֆ-ուրախության մեջ էին. նշում էին Ապոլոնի տոներից մեկը` Կորնիոսը: Նրանք չմերժեցին օգնել, բայց վեց օր հետո, երբ տոնն ավարտվի, հակառակ դեպքում` «Ապոլոնը չի ների իրենց»: Սպարտացիներն, իրոք, զորք ուղարկեցին Մարաթոն, բայց, երբ ամեն ինչ արդեն ավարտված էր: Եվ այսպես աթենացիները մնացին մեն-մենակ բազմահազարանոց հորդայի դեմ: Զորքը պատրաստ էր հարձակման: Սակայն կրկին երեւան եկավ հունական անվճռականության սինդրոմը. կռվե՞լ, թե՞ չկռվել: Տասը ստրատեգներ տարակարծիք էին: Տաղանդավոր զորավար Միլտիադեսը պնդում էր ակտիվ եւ վճռական գործողությունների վրա: Ելնելով ռազմական հետախուզության տվյալներից, նա ապացուցում էր, որ պահը ամենահարմարն է: Իսկ պարսիկները խորամանկ խաղ են սկսում: Նրանք փորձում են շեղել հելլեների ուշադրությունը. հեծելազորը գաղտնի բարձում են նավերի վրա` Աթենք ուղարկելու մտադրությամբ, իսկ հետեւակը թողնում են Մարաթոնում` ցամաքային ճակատամարտի համար: Մինչդեռ զորավարը հաշվարկել էր հակառակորդի քայլերը եւ եկել էր այն եզրակացության, որ կիսելով բանակը` պարսիկները թույլ են տվել ճակատագրական վրիպում: Դա ուղեղների գոտեմարտ էր, ով` ում: Արդյունքը որոշելու էր ճակատամարտի ելքը: Միլտիադեսը պնդում էր հարձակվել հիմա, վաղը ուշ կլինի: Հավանաբար այդ պահն էր, որ որոշելու էր Հելլադայի հետագա ճակատագիրը: Պահի ընտրությունը գերկարեւոր է: Երեկ շուտ էր, վաղը ուշ կլինի: Այսօր: Ասաց Լենինը եւ կործանեց վիթխարի տերությունը: Ռազմական խորհուրդն, ի վերջո, տվեց իր համաձայնությունը:
Միլտիադեսը, ով, ըստ ստրատեգների համար սահմանված կարգի, գերագույն հրամանատար էր այդ օրը, բարձրացրեց ձեռքը եւ մատնացույց անելով պարսիկներին` որոտալից գոչեց. «Վերցրո՛ւ դրանց»: Այն, ինչ կատարվեց հետո, կարելի է տեսնել միայն Հոլիվուդյան պանորամային-լայնէկրան կինոֆիլմերում: Հարձակվելով ողջ ճակատով, աթենացիները հիմնական հարվածն ուղղեցին կենտրոնի զորամիավորումներին: Թեպետ երկինքը մթագնել էր ֆշշացող նետերի տարափից, հույները նախ` ճնշեցին պարսիկներին եւ խորացան նրանց շարքերի մեջ, հետո սկսեցին դանդաղ-դանդաղ նահանջել, ընկրկելով արեւելյան տափաստաններից այստեղ հասած բարբարոս սակերի ճնշման տակ, ովքեր կացնի մի հարվածով ճեղքում էին երկաթյա սաղավարտները: Պարսիկները չհասկացան հույների խորամանկ եւ փորձված մանեւրը, իսկ երբ հասկացան` արդեն ուշ էր: Հելլենների զորքի երկու ֆալանգները կամաց-կամաց մոտեցան եւ միացան պարսիկների թիկունքում: Շղթան փակվեց, իսկ ներսում մնացածների համար աթենացիները սարքեցին կատարյալ մսաղաց: Շղթայից դուրս պրծած պարսիկներին, ովքեր խուճապահար փորձում էին հասնել ռազմանավերին, հույները կոտորում էին ծովափին կամ ջրի մեջ: Քչերին հաջողվեց խուսափել մահից: Մարաթոնի հովիտը եւ ծովափն այդ առիթով հետագայում անվանվեց սպանդանոց: Պարսիկների կորուստը ճակատամարտում կազմեց` 6400, իսկ հույներինը` 192 մարդ: Նրանք գրավեցին յոթ ռազմանավ, մյուսներին` հեծելազորով հանդերձ, հաջողվեց դուրս գալ բաց ծով:
Որոշ ժամանակ անց հունական հետախուզությունը զեկուցեց, որ Պենտելիկոնի լեռներից լուսային ազդանշաններ են նկատվում, ինչը նրանց կարծիքով` Աթենքում բուն դրած պարսկական V շարասյան ազդանշաններն էին պարսկական նավերին: Հույները սարսափեցին: Աթենքն անպաշտպան է, իսկ այնտեղ իրենց կանայք են, երեխաները, հարազատները… Հարկ է նավերից շուտ հասնել այնտեղ: Եվ նրանք առավոտյան ժամը տասին թողնելով Մարաթոնը` վազքով օրվա երկրորդ կեսին հասան Աթենք` անցնելով 26 մղոն: Ֆրանսիացի անվանի գիտնական Միշել Բրեայլը հիմք ընդունելով այս աներեւակայելի մարշ-թռիչքը, 1896 թ. Օլիմպիական խաղերում առաջարկում է մտցել «մարաթոնյան վազքի» ձեւը, որը հավասար է հույների անցած տարածքին: Նա պնդում է, որ վազորդ Փիդիպիդեսն առաջինը հասնելով Աթենք` ասել է. «Մենք հաղթեցինք», եւ շունչը փչել է: Ասում են, որ դա գեղեցիկ առասպել է: Թող որ լինի. այն ընդունված եւ սիրված է պատմության կողմից:
Զորքը հասցրեց դիրքեր գրավել, երբ հորիզոնում երեւացին թշնամու ռազմանավերը: Սակայն նրանք նավահանգիստ չմտան եւ, մի քանի ժամ դրսում հանգրվանելուց հետո, քաշեցին խարիսխները ու հեռացան դեպի Արեւելք: Մինչ օրս գիտնականները գլուխ են կոտրում Մարաթոնյան ճակատամարտի երկու կետի շուրջ: Նախ, ինչո՞ւ պարսկական հեծելազորը չմասնակցեց ճակատամարտին: Հետո, ինչո՞ւ պարսկական նավատորմը հեռացավ Աթենքի մատույցներից: Սակայն մի հարցի շուրջ նրանք միակարծիք են: Մարաթոնն ունեցավ բախտորոշ նշանակություն Հունաստանի պատմության հետագա ընթացքի համար: Նման շրջադարձային կետեր կան բոլոր ժողովուրդների կյանքում: Մենք` հայերս, ունենք Ավարայրի եւ Սարդարապատի ճակատամարտերը: Ռուսներն` Ալեքսանդր Նեւսկու ճակատամարտը շվեդների դեմ: Խորհրդային ժողովուրդների կյանքում եղել է Ստալինգրադյան ճակատամարտ, եւ այլն: Հելլեններն աշխարհին եւ իրենք իրենց ապացուցեցին, որ կարող են դիմակայել ահարկու թշնամուն եւ հաղթել: Սա կարեւոր հոգեբանական նշանակություն ունեցավ ողջ ազգի համար: Հույները, որոնք մինչ այդ բաց ճակատամարտում պարսիկներին չէին հաղթել, ապացուցեցին, որ իրենց ռազմական արվեստը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, ցուցադրեցին, որ Անտիկ աշխարհում հույն զինվորն իրեն հավասարը չունի: Փայլուն հրամանատարական կազմ, երկաթյա կարգապահություն, զենքի եւ ձեռնամարտի տեխնիկայի վարպետ տիրապետում: Այս բաղադրիչներից էր կազմված հելլենների հաղթանակը: Մարաթոնը նաեւ փաստեց, որ հունական հետախուզությունն ամենեւին էլ հետ չի մնում պարսկականից եւ սերտորեն համագործակցում է բանակի հետ: Եվ ամենակարեւորը: Չնայած պոլիսների սեպարատիստական միտումներին, դավաճանության եւ մատնության դեպքերին, հելլեններն ազդարարեցին աշխարհին, որ ազատատենչ եւ դեմոկրատիայի ոգով տոգորված մարդիկ են` պատրաստ մեռնելու կանգնած, քան ապրելու ծնկաչոք:
Շարունակելի