Հայտնաբերվել է ընկեցիկ երեխայի մայրը

21/04/2011

Երեւանի Զաքարիա Սարկավագի փողոցում գտնվող «Զատիկ» մանկատան դարպասների մոտ հայտնաբերված անչափահաս երեխայի հետ կապված news.am-ին հաջողվել է ուշագրավ մանրամասներ պարզել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` երեխան, ով Կարինե Յուրայի Կարապետյանն է, մանկատան տարածքում հայտնաբերվել էր 2010թ. մայիսի 29-ին` մանկատան աշխատակիցների կողմից: Երեխայի ձեռքում եղել է գրություն այն մասին, որ երեխան 2006թ. հունիսի 1-ին ծնված Կարինե Յուրայի Կարապետյանն է: Նույն երկտողում նշվել էր նաեւ, որ երեխան որեւէ փաստաթուղթ չունի, մայրը գիշերում է պատահական վայրերում, չունի հիմնական բնակության վայր եւ աշխատանք, որի կապակցությամբ էլ` ըստ երկտողի, մայրը խնդրել էր երեխային պահել մանկատանը` մինչեւ ինքը փաստաթղթեր ձեռք բերելուց հետո կներկայանա մանկատուն: Շուրջ մեկ տարի անց, նկատի ունենալով, որ երեխայի ճակատագրով հետաքրքրվողներ չկան` գործող կարգի համաձայն, երեխան ներկայացվել է որդեգրության:

Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունից Քանաքեռ-Զեյթունի բաժնում միայն մոտ մեկ տարի անց` ապրիլի 18-ի երեկոյան է գրություն ստացվել այն մասին, որ «Զատիկ» մանկատան մոտ երեխա է հայտնաբերվել: Ապրիլի 18-ին ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության 2-րդ` անչափահասների գործերով բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխայի մայրը Հրազդան քաղաքի բնակչուհի 28-ամյա Վարդուհի Կարապետյանն է, ով 2011թ. ապրիլի 18-ին հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ՔՀԳ վարչություն, որտեղ բացատրություն է տվել այն մասին, որ ինքը 2010թ. մայիսին իր 4-ամյա դստերը` Կարինեին, եւ 2-ամյա որդուն` Ալեքսին վարձավճարով խնամելու համար թողել է իր ծանոթ, Հրազդան քաղաքի բնակչուհի Ռայա Առաքելյանցի մոտ:

Մի քանի օր երեխաներին պահելուց հետո Ռ. Առաքելյանցը` պատճառաբանելով, որ ինքը ի վիճակի չէ խնամել Կարինեին, ուզում է հանձնել ինչ-որ մանկատուն, որի համար ստիպել է իրեն գրել անանուն երկտող մանկատան տնօրենի անվամբ եւ խնդրել, որ երեխան ժամանակավորապես ապաստանի տվյալ հաստատությունում: Այնուհետեւ, մի քանի օր անց երեխայի մայրը Ռ. Առաքելյանցից տեղեկացել է, որ Կարինեն այլեւս նրա մոտ չէ, գտնվում է ինչ-որ մանկատանը, եւ երեխայի կոնկրետ գտնվելու վայրի մասին կոնկրետ տեղեկություններ տրամադրելու համար գումար է պահանջել: Չունենալով Ռ. Առաքելյանցի պահանջած գումարը` Վ. Կարապետյանը փորձել է ինքնուրույն գտնել երեխային, սակայն ապարդյուն: Նա չի կարողացել գտնել Կարինեին: Դրանից հետո մայրը մի քանի անգամ հանդիպել է Ռ. Առաքելյանցին` ցանկանալով պարզել, թե որ մանկատանն է գտնվում երեխան, սակայն վերջինս երեխայի տեղն ասելու համար նորից գումար է պահանջել: Ապրիլի 18-ին ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 70 շենքի 19 բնակարանից 56-ամյա Ռայա Առաքելյանցը բերման է ենթարկվել ՔՀԳ վարչություն: Պարզվել է, որ Կարինեին ցանկացել են որդեգրել եւ տանել արտերկիր, սակայն Ոստիկանության ՔՀԳ վարչության աշխատակիցների օպերատիվ աշխատանքի արդյունքում որդեգրումը կանխվել է: Նշենք, որ Վարդուհի Կարապետյանը եւ Ռայա Առաքելյանցը ստորագրությամբ բաց են թողնվել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Կայքը փորձել է «Զատիկ» մանկատնից լրացուցիչ տեղեկություններ ստանալ դեպքի առնչությամբ: Մանկատան փոխտնօրեն Անահիտ Ամիրյանը տեղեկացրել է, որ երեխային հայտնաբերելու նույն օրն իսկ տեղյակ են պահել Ոստիկանությանը: Այնինչ Ոստիկանությունը նշում է, որ միայն ապրիլի 18-ին (շուրջ մեկ տարի անց) է գրություն ստացվել այն մասին, որ «Զատիկ» մանկատան մոտ երեխա է հայտնաբերվել:

«Զատիկի» փոխտնօրենը նշել է, որ Կարինեն իրեն լավ է զգում, ակտիվ երեխա է, առողջական ոչ մի խնդիր չունի: «Նա իր ծնողների եւ իր հետ տեղի ունեցածի մասին ոչ մի բան չի պատմել: Միայն պատմել է, որ Ալեքս անունով ապերիկ ունի»,- ասել է Ա. Ամիրյանը: Նաեւ հավելել է, որ մեկ տարվա ընթացքում երեխայի ծնողները ոչ մի անգամ չեն հետաքրքրվել երեխայով: Ըստ Ա. Ամիրյանի` երեխային պատշաճ կարգով ներկայացրել են Երեւանի քաղաքապետարան`որդեգրման: Սակայն, ըստ իր տեղեկությունների, Կարինեին առայժմ ոչ ոք չի ցանկացել որդեգրել: