Արամ Սարգսյանին, ում շատերը ճանաչում են` որպես Արամ mp3, հնարավոր է, շուտով տեսնեք ամբողջովին ճերմակած մազերով: Չնայած, եթե փորձենք գոնե մտովի պատկերացնել Արամի աշխատանքային գրաֆիկը, հնարավոր է` մեզ մոտ եւս ի հայտ գան ոչ միայն մի քանի սպիտակ մազեր, այլեւ` նյարդային ջղաձգումներ: Արամն այնքան հաճախակի է մեկնում երկրից, որ կինը` Աննան, արդեն չի հասցնում ընկալել ամուսնու հերթական չվերթի մասին լուրը:
Մեզ հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ Աննան Արամի հերթական արտերկիր մեկնելու մասին լուրն իմացել է չվերթից ընդամենը մեկ օր առաջ: «Գիշերն ասաց` շորերս պատրաստի, վաղը գնում եմ: Մտածեցի` աշխատանքի է գնում, շորերը դրեցի աթոռին ու պառկեցի քնելու: Դու մի ասա` ուզում է, որ ճամպրուկը պատրաստեմ, քանի որ Ֆրանսիա է մեկնում` նկարահանումների»,- ծիծաղելով պատմում էր Աննան: Արամի աշխատանքային ռիթմը կարելի էբնութագրել «Այստեղ, այնտեղ եւ ամենուր» վերնագրով: Մեզ հետ զրույցում Արամը վստահեցրեց, որ այլեւս մտադիր չէ ընդունել որեւէ նոր նախագծի առաջարկ` չափազանց հարգելի պատճառով: Բանն այն է, որ Արամն ու Աննան պատրաստվում են բալիկ ունենալ: «Ամռանը պապա եմ դառնալու եւ պատրաստվում եմ գոնե երկու ամիս շարունակ լինել կնոջս կողքին, քանի որ պարզ գիտակցում եմ, թե որքան շատ նա կզգա իմ կարիքն այդ շրջանում»,- ասում է Արամը:
– Այլ կերպ ասած` դեկրետային արձակուրդ ես վերցնելո՞ւ: Պատկերացնո՞ւմ ես, թե ինչպիսի նյարդային իրավիճակների մեջ ես հայտնվելու այդ երկու ամիսների ընթացքում:
– Այդ դեպքում առավել եւս պետք է լինեմ կնոջս կողքին, այդ շրջանում: Եթե երեխան որոշի անվերջ չպատճառաբանված գոռալ, ապա թող երկուսիս վրա գոռա:
– Քո զբաղվածությունը խնդիրներ չի՞ առաջացնում ընտանեկան կյանքում: Որքան տեսնում եմ` Աննան այլեւս քեզ հետ «հույսեր» չի կապում եւ անձամբ է գալիս քո աշխատանքի վայր` միասին լինելու համար:
– Պարզապես իմ ու Աննայի հարաբերությունները պապական ընտանեկան կյանքի` «Կնիկ, դու մնա տանը, ես գնացի գործի», տարբերակից դուրս է: Բացի այդ, մեր` «Vitamin» ակումբի տղաների կանայք հաճախ են լինում մեր գրասենյակում: Ռուսերեն ասած` «»: Ես ու Աննան ոչ միայն ամուսիններ ենք, այլեւ ընկերներ: Ես հասկանում եմ, որ նա իմ կարիքը շատ է զգում, հատկապես հիմա` հղիության շրջանում: Երբ ազատ ժամանակ եմ ունենում, միանգամից տուն եմ գնում, կամ` նա է գալիս աշխատանքիս վայր: Մտքովս անգամ չի անցնում` ազատ ժամանակ սրճարանում նստել կամ որեւէ այլ գործով զբաղվել: Ես աշխատում եմ այնպես անել, որ նա իրեն մենակ չզգա: Իմ խոսքերի վառ ապացույցն այն է, որ Աննայի հետ միասին մեկնեցինք Իսպանիա` նկարահանումների, երբ նա արդեն իսկ հղի էր: Ես նրան բավականին վտանգավոր վայրեր տարա: Երբ հաղորդման շրջանակներում ցլամարտ էինք նկարահանում, այնուհետեւ` ցլերի վազքը մարդկանց ետեւից, այդ ամբողջ ընթացքում Աննան մեզ էր նկարում` ինձ ու Գարիկին` ցլերից փախչելիս: Տեսարանը թույլ նյարդեր ունեցողների համար չէր, սակայն Աննան ոչ միայն նկարում էր, այլեւ` ծիծաղում էր մեզ վրա: Մեր տղան դեռ չծնված` արդեն ցլամարտերի մեջ է եղել:
– Իսկ մազերիդ վաղաժամ ճերմակելը ամուսնական կյանքի՞ հետեւանք է, թե՞ լարված աշխատանքի:
– Ժառանգական է, քանի որ մորս մազերը եւս շատ շուտ են ճերմակել: Սակայն չեմ բացառում նաեւ գերզբաղվածության եւ գերլարվածության հետեւանքը: Մազերս սպիտակել են, բայց կարեւորը` ես չեմ ծերացել: Ընկերներիս մի մասը խորհուրդ էր տալիս ներկել մազերս, իսկ մյուս մասը` կարծում էր, որ նման քայլի չարժե դիմել: Ընկել էի երկու քարի արանքը: Հետո կինս ասաց, որ ինձ այսպես էլ է սազում: Կարեւորը, որ կինս ինձ հավանի:
– «Comedy clube»-ում կարող են իրենց թույլ տալ անգամ բեմ բարձրացնել Ռուսաստանի վարչապետ Վ.Պուտինի նմանակին եւ նրա անունից հումորային համարներ պատրաստել: Պետք է սակայն նկատել, որ այդ «հերոսը» միայն դրական կողմից է ներկայացնում վարչապետին: Այնուամենայնիվ, մեր երկրում նման երեւույթ հնարավո՞ր է իրականացնել: Որքանո՞վ եւ ո՞ւմ կողմից է վերահսկվում հայկական հեռուստաեթերով հնչող հումորը:
– Կարծում եմ` ակնհայտ է, որ Պուտինի նմանակի դեպքում` հակագովազդը եւս գովազդ է: Հումորը միանշանակ վերահսկվում է մեր երկրում: Կարող է թվալ, թե հումորը վերահսկում է հեռուստաընկերությունը, սակայն ակնհայտ է, որ հեռուստաընկերությանը եւս զգուշացրել են, որ կան թեմաներ, որոնց չպետք է անդրադառնալ:
– Ձեզ թույլ կտա՞ն երբեւէ նմանակել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կամ, ասենք, Ռոբերտ Քոչարյանին: Հեռուստատեսությունը կարո՞ղ է իրեն նման «շռայլություն» թույլ տալ:
– Մի ժամանակ մեր քաղաքում մի երթուղային տաքսու վարորդ կար, ով, ասես, Ռոբերտ Քոչարյանի կլոնը լիներ: Անգամ խալն էր նույն այտի վրա: Երբ ուղեւորները նստում էին այդ երթուղային, մի պահ շվարում էին:
– Այնուամենայնիվ, եթե գտնեք որեւէ ակնառու քաղաքական գործչի նմանակի, ձեզ թույլ կտա՞ն հումորային ծրագրի շրջանակներում նրան եթեր բերել:
– Կարծում եմ` այո, սակայն առանց շատ լուրջ խմբագրման եւ չափազանց ուշադիր վերահսկման մեզ մոտ նման նախաձեռնություն ոչ ոք չի կարող իրականացնել:
– Դու գրավել ես «Շանթի» եթերը: Չե՞ս կարծում, որ չափազանց շատ ես երեւում եթերով: «Շանթն» ասես փորձում է ներգրավել քեզ իր յուրաքանչյուր նախագծում:
– Ճիշտն ասած` միայն երկու նախագծում կամ, ուրիշ բան չեմ անում: Դե, «Vitamin»-ը չեմ հաշվում, քանի որ այն մերն է: Ինչ էլ անում եմ, տարբեր բնագավառների համար եմ անում: Չեմ կարծում, թե ձանձրացնում եմ հանդիսատեսին:
– Ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ դուրս եկաք «32 ատամից»: Եվ ինչո՞վ է պայմանավորված «Vitamin»-ի եւ «32»-ի գրեթե միաժամանակ եթերում լինելը:
– «Vitamin»-ի եթերային ժամը մշտապես նույնն է եղել, սակայն, թե ի՞նչ է կատարվել հետո`«32»-ի ժամերի փոփոխման հետ` ես տեղյակ չեմ: Իրականում մենք «32»-ի հետ կիսելու ոչինչ չունենք: Պարզապես նրանք նախապատվությունը տվեցին «Արմենիա» հեռուստաընկերությանը, իսկ մենք` ոչ: Մեզանից յուրաքանչյուրն ընտրեց այն միջավայրը, որտեղ ավելի հեշտ եւ հարմարավետ է աշխատել: Կռիվ ու պատերազմ մեր միջեւ չի եղել: