Երեւանի Կամերային թատրոնի դերասան Արշալույս Հարությունյանը հանդիսանում է Հայաստանում առաջին անգամ նկարահանված «Թափառում» ռոք-օպերա ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր դերակատարը: Նա հուսով է, որ մոտ ժամանակներս արդեն կկարողանա ֆիլմը ներկայացնել հանդիսատեսի դատին:
Ֆիլմի շուրջ Ա. Հարությունյանի հետ զրուցելու ընթացքում անհնար էր չնկատել նրա լարված վիճակը, ինչը մատնում էր, որ նա մտովի մոնտաժի սենյակում գտնվող դերասանի եւ ռեժիսորի հետ է: Երբեմն թվում էր, թե նա ծխում էր ավելի հաճախ, քան` շնչում: 2001թ. Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառումների շարքում իրականացվեց նաեւ «Գրիգոր Լուսավորիչ» ռոք-օպերան, որի մտահղացման հեղինակներն էին Արշալույս Հարությունյանն ու Արամ Սուքիասյանը: Մի նախագիծ, որը հանձնվեց հանդիսատեսի դատին` շնորհիվ ինստիտուտը նոր ավարտած ուսանողների: «Գրիգոր Լուսավորիչ» ռոք-օպերայի կոմպոզիտորը Արման Էլբերտն էր, լիբրետոյի հեղինակը` Արամ Սուքիասյանը, իսկ Արշալույսը հանդես եկավ` որպես բեմադրիչ: «Այն մեծ հաջողություն ունեցավ, սակայն, ցավոք սրտի, միայն մեկ անգամ խաղացինք, քանի որ այդ բացօթյա ներկայացման վերականգնումը բավականին թանկ հաճույք էր իրենից ներկայացնում: Մեծամասշտաբ բեմադրություն էր, որին մասնակից էր 105 դերասան: Այդ ներկայացումից հետո, ոգեւորվելով ռոք-օպերայի գաղափարից, նույն թիմով որոշեցինք` կրկին անդրադառնալ այդ թեմային: Երկար փնտրտուքից հետո կանգ առանք Մուշեղ Իշխանի` «Մեռնիլը որքան դժվար է» տրագիկոմեդիայի ընտրության վրա, ինչը մեզ համար հիմք հանդիսացավ նոր` «Թափառում» ռոք-օպերա ֆիլմի համար: Հարկ է նշել, որ մենք փոխել ենք եւ սյուժետային գիծը, եւ հերոսներին»,- նշում է Ա. Հարությունյանը:
– Այդ դեպքում, Մուշեղ Իշխանի տրագիկոմեդիայից էլ ի՞նչ մնաց:
– Հիմնական գաղափարը` հայի ուղեղը օտար մարմնում, հայի անվերջ թափառումները: Մեր ֆիլմի հերոսը օտար ափում ապրող Ջեյմս Արամյանն է, որի հետ ավտովթար է տեղի ունենում, ինչի արդյունքում նա մահանում է: Սակայն օտարերկրացին, որի հետ նա բախվել էր ավտովթարին` կենդանի է մնում` վնասված ուղեղով: Այդ իսկ պատճառով բժիշկները որոշում են վիրահատության միջոցով մահացած հայի ուղեղը տեղափոխել վնասված ուղեղով օտարերկրացուն: Այդ վիրահատության արդյունքում նրան է փոխանցվում ոչ միայն հայի ուղեղը, այլեւ մտածելակերպը, հոգեբանությունը, կարոտը: Ֆիլմի գաղափարական մյուս գիծը ցույց է տալիս անգամ մահից հետո թափառող հային, որին չեն ընդունում ո՛չ դրախտում, ո՛չ դժոխքում, եւ նա մնում է քավարանում: Այնտեղ հանդիպում է հրեշտակների, որոնք ուզում են օգնել թափառող հային, սակայն անգամ հրեշտակներն են անզոր գտնվում: Ամբողջ սյուժեն, բնականաբար, չեմ կարող պատմել, քանի որ ֆիլմում ինտրիգ կա, որի ընթացքում փորձում ենք հասկանալ` մի՞ֆ էր դա, թե՞ իրականություն: Ավտովթար ասվածը ֆիլմում շատ կարեւոր հանգուցալուծում է, բայց իրականում դա, ըստ էության, կապ չունի այն իրականության հետ, որը ֆիլմում տեղի է ունեցել կամ տեղի չի ունեցել ընդհանրապես:
– Այլ կերպ ասած, չես ուզում պատմել սյուժեն, փոխարենն ավելի ես խառնում բոլոր այն ընթերցողների մտքերը, ովքեր քո խոսքերից փորձում են որոշակի պատկերացում կազմել ֆիլմի մասին:
– «Թափառում» ֆիլմի երկու հերոսներն էլ որոնումների մեջ են, նրանք շարունակ թափառում են: Հերոսներից մեկը փորձում է գտնել իր տեղը ինչպես կենդանության օրոք, այնպես էլ մահից հետո: Իսկ մյուս հերոսը, ով վիրահատությունից հետո այլեւս ապրում է հայի ուղեղով, չի կարողանում հասկանալ այն ներքին կարոտը, ցավը, որը զգում է ուղեղով` միեւնույն ժամանակ հասկանալով, որ այդ զգացողություններն իրենը չեն: Հայի ուղեղն օտար մարմնում եւ թափառող հայ. ահա ֆիլմի երկու գաղափարական գծերը, որոնք ծավալվում են ֆիլմի ողջ ընթացքում:
– Ովքե՞ր են «Թափառում» ռոք-օպերայի հեղինակները:
– Օպերայի եւ լիբրետոյի հեղինակն Արամ Սուքիասյանն է, ում հետ համատեղ մշակեցինք նաեւ ֆիլմի սցենարը, կերպարներին, տեսարանները: Արման Էլբերտը, ով մարմնավորել է գլխավոր հերոս օտարերկրացուն, գործիքավորման հեղինակն է: Երաժշտական պրոդյուսերը Արմեն Սուքիասյանն է: Ես բեմադրեցի ֆիլմը, ինչպես նաեւ` հանդես եկա գլխավոր դերում` մարմնավորելով Ջեյմս Արամյանի կերպարը:
– Չե՞ս կարծում, որ ռոք-օպերային քիչ ծանոթ հայ հանդիսատեսը, հնարավոր է, հիասթափվի դահլիճում` բացահայտելով, որ ֆիլմում ոչ թե խոսում են, այլ երգում: Չէ՞ որ, բացի «Ջիզիս Քրայս», «Ուրվականը» ռոք-օպերաներից, որոնք շատ հազվադեպ են ցուցադրվում եթերով, հանդիսատեսը գրեթե անծանոթ է ֆիլմի մատուցման այդ տարբերակին:
– Ցավոք, կարծիքները ռոք երաժշտության մասին միշտ չպատճառաբանված անարդարացի են: Ռոքը շատ խորը եւ գեղեցիկ ժանր է: Ուզում եմ, որ հանդիսատեսը դրական էմոցիաներով լի դուրս գա դահլիճից: Հայերս շատ վատ հատկություն ունենք. առանց անձամբ տեսնելու որեւէ ֆիլմ կամ այլ նախագիծ, պատրաստ ենք կարծիք հայտնելու: Լավ կլիներ, որ գոնե մեկ անգամ տեսնեին, նոր միայն կարծիք հայտնեին` անգամ բացասական:
– Շատ դժվար է գումար գտնել «խոսող» ֆիլմերի համար, որքանո՞վ էր հեշտ համոզել գործարար մարդկանց` գումար ներդնել «երգող» ֆիլմի իրականացման համար:
– Փառք ու պատիվ մեր ֆիլմի պրոդյուսերին եւ հեղինակին` Արամ Սուքիասյանին, ով երեք տարի ջանք ու եռանդ չխնայեց այս ֆիլմը իրականության վերածելու համար: Նա օգտագործեց իր ունեցած բոլոր հնարավոր եւ անհնար ռեսուրսները` ֆիլմի համար գումար հայթայթելու նպատակով: Եթե Հայաստանում կա իրական պրոդյուսեր, ով ցավում է իր ֆիլմի համար, դա միանշանակ Ա. Սուքիասյանն է: «Թափառում» ֆիլմը Կինոկենտրոնի եւ Ա.Սուքիասյանի «Ասք» մշակութային կենտրոնի համատեղ աշխատանքն է:
– Հայաստանում նկարահանվող գրեթե բոլոր ֆիլմերը ֆինանսավորվում են փուլերով, ինչը հանգեցնում է արդիականությունը կորցրած ֆիլմերի արտադրմանը: Առնչվե՞լ եք նման խնդրի հետ:
– Ֆիլմի նկարահանումները տեւել են 49 նկարահանման օր, սակայն ֆիլմը ստեղծման փուլում է արդեն երեք տարի` մաս առ մաս ֆինանսավորման պատճառով: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան է ձգվել այս ամենը: Ինձ համար այդ կարգի հետաձգումներն ամեն անգամ ստեղծագործական «վնասվածքների» էին հանգեցնում: Փառք ու պատիվ մեր ստեղծագործական թիմին, որը համառորեն եւ պնդաճակատորեն ամեն ինչ արել է, որ ֆիլմը գա վերջնական վիճակի: Այս ֆիլմի շրջանակներում մենք համագործակցեցինք «Մանքի» ստուդիայի հետ, քանի որ ֆիլմի գրեթե 70%-ը գրաֆիկա է` նկարահանված է կանաչ «ինկրուստում»: Նման փորձ Հայաստանում դեռ չի եղել, եւ կարծում եմ` դեռ երկար ժամանակ չի էլ լինի, քանի որ ոչ մի խելացի մարդ նման բեռի տակ չի մտնի:
– Ամերիկյան ֆիլմերում գրաֆիկան այնքան է գերակշռում, որ հնարավոր է շուտով գրաֆիկայով փոխարինվեն իրական դերասանները եւս: «Թափառում» ֆիլմը պատրաստվո՞ւմ եք ներկայացնել որեւէ միջազգային կինոփառատոնի: Մտավախություն չունե՞ք, որ քննադատության կարժանանա հայկական «սկսնակ» գրաֆիկայի որակը:
– Լավ ասույթ կա` «Պետք է, ուրեմն` կարող ես»: Ես չեմ թերագնահատում մեր կատարած աշխատանքը: Ամերիկան գրաֆիկայով զբաղվում է շատ վաղուց եւ շատ լուրջ: Եթե նման վախով մոտենայինք խնդրին, բնականաբար, ընդհանրապես որեւէ քայլ չպետք է ձեռնարկեինք: Բնական է, որ մեծ ցանկության դեպքում անգամ չէինք կարող նմանվել, սակայն դա դեռ չի նշանակում, որ պետք է ձեռքներս ծալած նստեինք: