ՍՈՒՏԸ
Պետք չէ «մեր ձայները տալ նրանց, ովքեր չեն պաշտպանում մեր շահերը»: Ցանկացած հանրապետական կարգ պնդում է այն սուտը, թե իբր «մեր շահերի» փոխարեն` հաստատվում են «պետական շահերը»: Հարկ է հիշել, որ այդ սուտը չի վերանում եւ խորհրդային իշխանության օրոք:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Վերցնելով երկու միաձույլ գաղափար եւ մանրակրկիտորեն հետազոտելով դրանց փոխառնչությունը, դուք միանգամից կբացահայտեք, թե դրանց մեջ որքան սուտ է պարփակված: Դա է պատճառը, որ ցանկացած հաստատուն արտահայտություն պրոբլեմատիկ է:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Արդյոք այդ պատճառով չէ՞, որ մեր հասարակության մեջ ցանկացած ռացիոնալ միտք արտահայտող, իրականում դա անում է իռացիոնալությունից, ցնցող իռացիոնալությունից:
ԼԵՆԻՆԸ
Ինձ ամենից շատ ապշեցնում է այն, որ Լենինը ամենասովորական մի հերոս էր:
ՄՈԼԵԳԻՆ ԽԱՂ
Նրանք, ովքեր մարտնչում են պատահականության դեմ, այսինքն` Աստծու, միշտ լեցուն են խորհրդավոր արժանապատվությամբ: Բացառություն չեն կազմում եւ խաղամոլները:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Դարեր ի վեր խաղամոլների շրջանում հոռետեսների բացակայությունը ցույց է տալիս, թե ինչ ապշելու նմանություն կա խաղամոլության եւ մարդկային կյանքի միջեւ:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Օրենքն արգելում է խաղամոլությունը ոչ այն պատճառով, որ դատապարտում է դրանց օգնությամբ հարստության վերաբաշխումը, այլ սոսկ այն բանի համար, որ դատապարտում է տնտեսական դիլետանտիզմը:
ՍԿԵՊՏԻՑԻԶՄԸ
Սկեպտիցիզմը հիմնված է ինչ-որ հավատի վրա` հավատի, որ կասկածի մեջ կասկած չկա: Հնարավոր է, որ այստեղ հակասություն է թաքնված: Բայց սկեպտիցիզմը միաժամանակ կասկածում է այն բանին, թե կարող է գոյություն ունենալ հավատի վրա հիմնված փիլիսոփայություն:
ՃՇՄԱՐՏԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ
Ճշմարտացի լինելով` մենք հայտնաբերում ենք, որ ամեն ոք ունակ չէ դրան: Ահա թե ինչու մենք, որոշելով ճշմարտացի լինել, ահ ենք ապրում:
ԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Ես մի սուտասանի էի ճանաչում: Նա բոլորից երջանիկ էր: Բայց բոլորը համարում էին, որ նա ստում է` նույնիսկ, երբ ճիշտ է ասում, որովհետեւ չափազանց հմտորեն էր ստում: Դա, հատկապես շրջապատողների աչքին, անկասկած, նրա ամենամեծ ողբերգությունն էր:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ես նույնպես, ինչպես ամեն մի արվեստագետ, հմուտ եմ ստի մեջ: Բայց երբեք չեմ կարողացել հասնել այն սուտասանին: Նա հիշում էր իր վաղեմի սուտն այնպես, ասես հինգ րոպե առաջ էր ստել:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Որքան էլ ցավալի է, բայց ինձ հայտնի է եւ այլ մի բան: Լինում է ճշմարտություն, որի մասին կարող ես պատմել միայն ստի օգնությամբ:
ՊԱՐՈՆՆԵՐԸ
Պարոններ, դուք վախենում եք, որ արվեստի շնորհիվ երիտասարդությունը վատթարացում է ապրում: Խնդրում եմ ձեզ, հանգստացեք: Նրանք այդքան արագ վատթարացում չեն ապրում, որքան դուք:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Պարոններ, դուք վախենում եք, թե արվեստը թունավորում է ժողովրդին: Բայց ես ձեզ խնդրում եմ, հանգստացեք: Ձեզ արվեստը հաստատ չի թունավորի: Անհնար է թունավորել ձեզ, որ ունակ չեք հասկանալու երկհազարամյա արվեստի հմայքը:
ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ
Հնազանդությունը` ռոմանտիկական ստրկամտություն է:
ՄՏԱՀՂԱՑՈՒՄԸ
Ինչ-որ բան ստեղծելը, պարտադիր չէ, որ դժվար լինի: Բայց ցանկանալը միշտ դժվար է: Համենայն դեպս, ցանկանալն այն, ինչն արժանի է ստեղծման:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Իրենց արժանիքներն ու թերություններն իմանալ ցանկացողները թող հիմնվեն իրենց արածի վրա եւ վերլուծեն, թե ինչ են իրենք պատրաստվում անելու ապագայում:
ԶԻՆՎՈՐԸ
Իդեալական զինվորը պետք է անվերապահորեն հնազանդվի հրամանատարին: Անվերապահորեն հնազանդվի… կնշանակի` հրաժարվել քննադատությունից: Հետեւաբար, իդեալական զինվորը պետք է ամենից առաջ կորցնի բանականությունը:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Իդեալական զինվորը պետք է անվերապահորեն ենթարկվի հրամանատարին: Անվերապահորեն ենթարկվել` կնշանակի` անվերապահորեն հրաժարվել այն բանից, որ քեզ վրա պատասխանատվություն վերցնես: Հետեւաբար, իդեալական զինվորը պետք է գերադասի անպատասխանատվությունը:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Զինվորական կրթությունն ավելին չէ, քան զինվորական եզրաբանության ոլորտում գիտելիքների փոխանցումը: Մյուս գիտելիքները եւ ունակությունները կարող են ձեռք բերվել եւ անկախ զինվորական կրթությունից: Իսկապես, մի՞թե զինվորական եւ զինվորա-ծովային դպրոցներում չեն աշխատում մեխանիկայի, ֆիզիկայի, կիրառական քիմիայի, լեզվի ոլորտների մասնագետներ: Դա ինքնին ենթադրելի է, եւ բացի այդ, այնտեղ աշխատում են նաեւ կենդոյի, ձյուդոյի, լողի մասնագետներ: Բացի այդ, եթե խորհենք, հենց ինքը` զինվորական եզրաբանությունը, ի տարբերություն գիտնականի, համակիրառելի է: Այսպիսով, կարելի է լիիրավ պնդել, որ զինվորական կրթությունը մաքուր վիճակում գոյություն չունի: Եվ չի կարելի որպես պրոբլեմ առաջ բերել այն, ինչը փաստորեն գոյություն չունի:
ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՄԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Չկա ավելի անիմաստ բան, քան «խնայողություն եւ մարտականություն» արտահայտությունը: Մարտականությունը` միջազգային ընդգրկման շռայլություն է: Իրոք, մի՞թե գերտերությունները վիթխարի միջոցներ չեն ծախսում սպառազինման վրա: Եվ եթե չես ուզում ապուշ երեւալ, ավելի լավ է այդ արտահայտությունը վերափոխես այսպես` «խնայողություն եւ շռայլություն»:
ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ
Մտածել, որ մենք, ճապոնացիներս, դեռեւս երկու հազար տարի առաջ հավատարիմ էինք կայսրին եւ հարգում էինք ծնողներին, միեւնույն է, որ մտածես, թե աստված Սարուտախիկոն կոսմետիկա է օգտագործել: Գուցե՞, ընդհանրապես վերանայենք բոլոր պատմական փաստերը:
ՃԱՊՈՆԱՑԻ ԾՈՎԱՀԵՆՆԵՐԸ
Ճապոնացի ծովահեններն ապացուցեցին, որ մենք եւս` ճապոնացիներս, լիովին կարող ենք ոտք մեկնել գերտերությունների հետ: Առեւանգման, կոտորածի, անառակության մեջ մենք ամենեւին չենք զիջում իսպանացիներին, պորտուգալացիներին, հոլանդացիներին, անգլիացիներին, որ «Ոսկե կղզու» որոնումներում նավելով հասել էին մեզ մոտ:
«ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ՁԱՆՁՐՈՒՅԹԻՑ»
Ինձ հաճախ հարցնում են. «Ձեզ, իհարկե, «Գրառումներ ձանձրույթիցը» դուր է գալիս: Բայց, որքան էլ դա ցավալի է, այն ինձ երբեք հաճույք չի պատճառել: Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչն է այդ ստեղծագործությանը այդպիսի մեծ փառքի արժանացրել: Թեպետ ես ընդունում եմ, այն լիովին համապատասխանում է, որպես միջնակարգ դպրոցի դասագիրք:
ՀԱՅՏԱՆԻՇ
Սիրո հայտանիշներից մեկն է` անդադար միտքն այն մասին, թե քանիսին է նա սիրել անցյալում, եւ աղոտ խանդի զգացողությունն այդ երեւակայական «քանիսի» հանդեպ:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Սիրո եւս մի հայտանիշ` իր նմաններին գտնելու սուր զգացողությունը:
ՍԵՐՆ ՈՒ ՄԱՀԸ
Միտքը մահվան մասին, որը հարուցում է սերը, ինչպես ինձ թվում է, իր հիմքում ունի էվոլյուցիայի տեսությունը: Սարդերի եւ մեղուների էգերը պտղավորվելուց անմիջապես հետո թունավորում եւ սպանում են որձերին: Իտալական խմբի կատարմամբ «Կարմեն» օպերան լսելիս` ես Կարմենի ամեն մի շարժման մեջ մեղու էի տեսնում:
ՓՈԽԱՐԻՆՈՒՄ
Կնոջը սիրելիս մենք հաճախ կապի մեջ ենք մտնում ուրիշի հետ, ով նրան փոխարինող է ծառայում: Եվ հաճախ մենք դա անում ենք ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ մեր սիրելին մերժել է մեզ: Երբեմն փոքրոգությունը, երբեմն գեղագիտությունը մեզ չեն թույլատրում սահմանափակվել մի կնոջով մեր դաժան զվարճանքների համար:
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ
Ամուսնությունը` զգայականության կարգավորման արդյունավետ միջոց է: Սակայն դա նաեւ կարող է ծառայել` որպես հենց սիրո կարգավորման արդյունավետ միջոց:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ամուսնանալով, երբ մի քսան տարեկան էր, նա դրանից հետո չէր սիրահարվում: Ինչ գռեհիկ բան:
ԳԵՐԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Սիրային արկածներից մեզ փրկում է ոչ թե բանականությունը, այլ ավելի շուտ չափազանց գերզբաղվածությունը: Որպեսզի լիովին տրվես սիրուն, ամենից առաջ ժամանակ է անհրաժեշտ: Հիշեք անցյալի սիրահարներին` Վերթերին, Ռոմեոյին, Տրիստանին` նրանք բոլորը պարապ մարդիկ էին:
ՏՂԱՄԱՐԴԸ
Իսկական տղամարդու համար աշխատանքը միշտ սիրուց թանկ է եղել: Եթե դրանում կասկածում եք, կարդացեք Բալզակի նամակները: Նա կոմսուհի Գանսկային գրում էր. «Եթե այս նամակը վերածենք ձեռագրի` քանի ֆրանկ այն կարժենար»:
ԼԱՎ ՇԱՐԺՈՒՁԵՎ
Շատ վաղուց մեր տուն էր գալիս մի վարսավիրուհի, որ աղջիկ ուներ: Ես մինչեւ հիմա հիշում եմ այդ մի տասներկու տարեկան աղջնակի դժգույն դեմքը: Վարսավիրուհին խիստ հետեւում էր նրա շարժուձեւին: Նա ամեն անգամ աղջկան պատժում էր, երբ նա պառկում էր տատամիի վրա, առանց գլխի տակ գլանաբարձ դնելու: Իսկ վերջերս ինձ պատմեցին, որ երկրաշարժից քիչ առաջ այդ աղջիկը գեյշա էր դարձել: Իմանալով այդ մասին, ես, բնականաբար, խղճացի աղջկան, բայց միաժամանակ չէի կարողանում ժպիտս թաքցնել: Գեյշա դառնալով, նա, անկասկած, հետեւելով մոր խիստ խրատներին, գլխի տակ գլանաբարձ է դնում:
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Բոլորն ազատություն են ուզում: Բայց այդպես միայն կողքից է թվում: Իրականում հոգու խորքում ոչ ոք ազատություն չի ուզում: Մի՞թե դա ապացուցվում է այն բանով, որ նույնիսկ ավազակը, ով առանց դույզն-ինչ վարանելու կխլի ցանկացած մարդու կյանքը, կպնդի, որ մարդուն սպանել է հանուն պետության շահերի: Սակայն ազատությունը` ամենայն սահմանափակումների բացակայությունն է, այսինքն` իր արժանապատվությունից ցածր համարելը ցանկացած ինչ-որ բանի համար պատասխանատվությունը կիսելու` լինի դա Աստված, լինի դա բարոյականությունը, լինի դա հասարակական ավանդույթը, հնարավորությունը:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ազատությունը նման է լեռնային օդի: Թույլերի համար այն անտանելի է:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Տեսնել ազատությունը` նույնն է թե` տեսնես Աստծո պատկերը:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ազատամտությունը, ազատ սերը, ազատ առեւտուրը` այդ «ազատություններից» ամեն մեկի մեջ բավական շատ ջուր է լցրած: Ընդ որում, ոչ թարմ ջուր:
ԲԱՆՆ ՈՒ ԳՈՐԾԸ
Որպեսզի մարդ համարվես, ում մեջ բանն ու գործը չեն բաժանվում, պիտի կատարելության հասնես արդարանալու ունակության մեջ:
ՀՆԱՐՔԸ
Եթե նույնիսկ գտնվեր մի իմաստուն, ով իր ողջ կյանքում ոչ մի մարդու չի խաբել, չկա իմաստուն, որ չի խաբել մարդկությանը: Բուդդիստական վանականի ամենագործուն հնարքը` հոգեւոր մաքիավելիզմ է:
ԱՐՎԵՍՏԸ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԱՐ
Արվեստը արվեստի համարի ամենաեռանդուն կողմնակիցները մեծ մասամբ արվեստում իմպոտենտ են: Հար եւ նման այն բանին, ինչպես եռանդուն ազգայնամոլները մեծ մասամբ մարդիկ են, որ հայրենիքից զուրկ են: Մեզանից ոչ մեկին պետք չէ այն, ինչը մենք արդեն ունենք:
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄԸ
Եթե յուրաքանչյուր արձակագիր պետք է պատկերեր կյանքը, հիմնվելով Մարքսի պատմական մատերիալիզմի վրա, ապա բանաստեղծը պետք է գովերգեր արեւն ու լուսինը, լեռներն ու գետերը, հիմնվելով Կոպեռնիկոսի հելիոցենտրիկ տեսության վրա: «Արեւը խեղդվել էր արեւմուտքումի» փոխարեն` ասեր. «Երկիրը շրջվեց այսքան-այսքան աստիճանով, այսքան-այսքան րոպեում»: Հազիվ թե դա կարելի է կոչել նրբագեղ բառաստեղծագործություն:
ՉԻՆԱՍՏԱՆԸ
Լուսատտիկի թրթուրը` խժռելով խխունջին, երբեք նրան մինչեւ վերջ չի սպանում: Նա լոկ կաթվածահար է անում նրան, որպեսզի անընդհատ ուտելու համար թարմ միս ունենա: Մեր ճապոնական կայսրության, ինչպես նաեւ` այլ տերությունների դիրքորոշումը Չինաստանի հանդեպ, ոչնչով, ըստ էության, չի տարբերվում խխունջի հանդեպ լուսատտիկի դիրքորոշումից:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Այժմյան Չինաստանի ամենամեծ ողբերգությունն այն է, որ ազգայնական ռոմանտիկները, այսինքն` «Երիտասարդ Չինաստանում», չկա Մուսոլինիի նման մեկը, ով ունակ կլիներ նրանց երկաթե դաստիարակություն տալու:
ՎԵՊԸ
Ճշմարտանման վեպն այն չէ, որում պարզապես իրադարձությունների զարգացման մեջ քիչ են պատահականությունները: Դա այն վեպն է, որում պատահականություններն ավելի քիչ են, քան կյանքում:
ԳՐԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Գեղարվեստական ստեղծագործության մեջ բառերին ավելի շատ գեղեցկություն պիտի տրվի, քան այն, որը նրանք ունեն բառարաններում:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Նրանք բոլորը, ինչպես Տյոգյուն, հայտարարում են. «Ոճը` դա մարդն է»: Բայց յուրաքանչյուրը հոգու խորքում համարում է. «Մարդը` դա ոճ է»:
ԿՆՈՋ ԴԵՄՔԸ
Տարօրինակ է, բայց կրքով համակված կնոջ դեմքը դառնում է ջահել աղջկա դեմք: Ճիշտ է, այդ կիրքը կարող է ուղղված լինել հովանոցին:
ԿԵՆԱՑ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ
Կրակի տալն ավելի հեշտ է, քան մարելը: Այս կենաց իմաստությունն էր դավանում «Bel ami»-ի հերոսը: Չհասցնելով սիրուհի ճարել, նա սկսում էր մտածել, թե ինչպես նրա հետ կապերը խզի:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Կենաց իմաստությունն ուսուցանում է չտառապել կրակոտության պակասությունից: Շատ ավելի բարդ է պաղության անբավությունը:
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ
Նյութական հարստությունից զուրկը զուրկ է եւ հոգեւոր հարստությունից` այդպես էր երկհազարամյա հնության ժամանակ: Այսօր այլ կերպ է` նութական հարստությանը տեր լինողները զուրկ են հոգեւոր հարստությունից:
ՆՐԱՆՔ
Ես միշտ ապշում էի, թե ինչ համերաշխության մեջ են ապրում այդ ամուսինները` միմյանց չսիրելով: Իսկ նրանք ապշում են, թե ինչ համերաշխորեն են մահանում սիրող զույգերը:
ԳՐՈՂԻ ԾՆԱԾ ԲԱՌԵՐԸ
«Երերում է», «Բարձրակարգ անբան», «արատներով հոխորտացող», «ծեծված»` բոլոր այս բառերն ու արտահայտությունները գրականություն է ներմուծել Նացումե-սենսեյը: Գրողի ծնած համանման բառերը հայտնվում էին եւ նրանից հետո: Ամենավերջին օրինակը` Կումա Մասաոյի ծնած բառերն էին` «կեռաժպիտը», «համառ փոքրոգությունը»: Ունո Կոձին հորինեց «երիցս եւ ավելին» արտահայտությունը: Մենք սովորաբար գլխարկն ակամա ենք հանում: Բայց երբեմն այն հանում ենք` լիովին գիտակցելով, այն մարդու առաջ, ում թշնամի, հրեշ կամ այլանդակ տիպ ենք համարում: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ գրողներից մեկին պախարակող հոդվածում օգտագործվել են հենց այդ գրողի ստեղծած բառերը:
ԵՐԵԽԱՆԵՐԸ
Ինչո՞ւ ենք մենք սիրում փոքր երեխաներին: Գլխավոր պատճառն այն է, որ մենք կարող ենք ստի երկյուղ չապրել միայն նրանցից:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Մենք չենք ամաչում բացեիբաց մեր անտարբերությունն ու տխմարությունը ցուցադրելուց` սոսկ փոքր երեխաների եւ կամ շների ու կատուների առաջ:
ԻԿԵ ՏԱՅԳԱՆ
«Իկե Տայգայի մասին դատում են այն բանով, որ նա բավական անհոգ մարդ էր, խուսափում էր մարդկանցից եւ նույնիսկ Գյոկուրայի հետ ամուսնանալուց հետո անգետ էր մնում ամուսնական հարաբերություններին:
Պատմությունն այն մասին, թե Տայգան, ամուսնանալով` չգիտեր, թե ինչ են իրենցից ներկայացնում ամուսնական հարաբերությունները, հետաքրքիր է այն բանով, որ ցույց է տալիս, թե որքան նա այս աշխարհից չէր, բայց կարելի է ասել, որ դա հիմար, առողջ բանականությունից զուրկ պատմություն է»:
Ինչպես ցույց է տալիս վերոնշյալ մեջբերումը, այսօր էլ դեռ նկարիչների եւ արվեստի պատմաբանների մեջ մնացել են մարդիկ, որ հավատում են դրան: Հնարավոր է, որ Տայգան ամուսնանալով Գյոկուրայի հետ, նրա հետ ամուսնական հարաբերությունների մեջ չմտավ, բայց նա, ով դրա հիման վրա հավատում է, թե իբր նրան անհայտ էին այդ հարաբերությունները, երեւի թե տառապում է գերզգայնությամբ եւ համոզված է, որ, իմանալով այդ կարգի հարաբերությունների գոյության մասին, անկարելի է դրանց մեջ չմտնել:
ՕԳՅՈՒ ՍՈՐԱՅԸ
Ափսոս, որ Օգյու Սորայը, ծամելով տապակած բակլահատերը, պախարակում էր հներին: Եվ թեպետ ես համոզված էի, որ նա ուտում էր տապակած բակլահատերը` տնտեսելու նպատակով, ինչու էր պետք հներին դատափետելը, չէի հասկանում: Բայց այժմ ես հանգեցի այս մտքին` հներին պախարակելը ավելի անվտանգ էր, քան ժամանակակիցներին:
ԳՐՈՂԸ
Գրականությամբ զբաղվելու համար, ամենից առաջ, անհրաժեշտ է ստեղծագործական խանդավառությունը: Իսկ որպեսզի մեջդ բորբոքես ստեղծագործական խանդավառությունը, ամենից առաջ պիտի առողջություն ունենաս: Քամահրել շվեդական մարմնամարզությունը, բուսակերությունը, դիաստազը կարող է լոկ նա, ով ստեղծագործությամբ զբաղվելու մտադրություն չունի:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Նա, ով որոշել է ստեղծագործությամբ զբաղվել, որքան էլ մինչեւ ուղնուծուծը քաղաքացի լինի, պիտի հոգու խորքում վերածվի բարբարոսի:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Նրա համար, ով որոշել է ստեղծագործությամբ զբաղվել, ինքն իրենից ամաչելը մեղք է: Մարդու հոգում, ով ամաչում է ինքն իրենից, չեն հայտնվի ինքնատիպության սաղմերը:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Քառասնոտնուկը. «Փորձիր քայլել»:
Թիթեռը. «Հըմ, փորձիր թռչել»:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Նրբագեղությունը պարփակված է գրողի վզում: Նա ինքը ունակ չէ դա տեսնելու: Իսկ եթե փորձի տեսնել, վիզը կջարդի:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Քննադատը. «Չէ՞ որ դու գրում ես միայն աշխատավոր մարդկանց մասին, այդպես չէ՞»:
Գրողը. «Իսկ գոյություն ունի՞ գրող, ով ունակ է գրելու ամեն ինչի մասին»:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Բոլոր ժամանակներում հանճարը գլխարկը կախել է մեխից, որին մենք` հասարակ մահկանացուներս, չենք կարող հասնել: Եվ ոչ այն պատճառով, որ չենք կարողանում նստարան գտնել:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Այդպիսի նստարաններ որքան ասեք կգտնեք հնավաճառի կրպակում:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ցանկացած հեղինակ ինչ-որ իմաստով ունի հյուսնի հպարտություն: Բայց դրա մեջ ոչ մի ամոթալի բան չկա: Ցանկացած հյուսն ինչ-որ իմաստով հեղինակի հպարտություն ունի:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Ավելին, ցանկացած հեղինակ ինչ-որ իմաստով կրպակի տեր է: Ինչպես, ես չե՞մ ծախում իմ ստեղծագործությունները: Դա միայն` երբ դու դրանք չես առնում: Կամ` երբ ես կարող եմ եւ չվաճառել:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Հեղինակների եւ երգիչների երջանկությունն այն է, որ նրանց ստեղծագործությունները չեն մնում` կարելի է եւ այսպես մտածել:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ինքդ քեզ պաշտպանելը շատ ավելի դժվար է, քան այլոց: Կասկածողները թող նայեն դատապաշտպանին:
ԿԻՆԸ
Առողջ բանականությունը հրամայում է. «Կնոջը մի մոտեցիր», սակայն առողջ բնազդը հրամայում է ճիշտ հակառակը. «Կանանցից մի խուսափիր»:
ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Կինը մեզ համար, տղամարդկանց, հիրավի հենց կյանքն է: Օրինակ, նա ամենայն չարիքի ակունքն է:
ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ես արհամարհում եմ Վոլտերին: Եթե տրվես բանականության իշխանությանը, դա մեր գոյության իսկական նզովքը կդառնա: Բայց դրանում երջանկություն էր գտնում համաշխարհային փառքով արբած «Կանդիդի» հեղինակը:
ԲՆՈՒԹՅՈՒՆԸ
Պատճառը, թե ինչու ենք մենք սիրում բնությունը, համենայն դեպս, պատճառներից մեկը այն է, որ բնությունը չի խանդում եւ խաբում, ինչպես մենք, մարդիկ:
ԿԵՆԱՑ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ
Կենաց իմաստության կարեւորագույն պատվիրաններից է` ապրել այնպես, որ արհամարհելուց սոցիալական պայմանականությունները` հակասության մեջ չմտնես սոցիալական պայմանականությունների հետ:
ԿՆՈՋ ԵՐԿՐՊԱԳՈՒՄԸ
Գյոթեն, որ երկրպագում էր նրան, ով «ընդմիշտ կին մնաց», հիրավի ամենափառասեր մարդկանցից մեկն էր: Իսկ Սվիֆթը, որ արհամարհում էր իսհուների էգերին, մահացավ խելագար: Արդյո՞ք դա կանանց նզովքը չէր: Կամ բանականությա՞ն նզովքը:
ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բանականությունը թույլատրում է մեզ հասկանալու բնականության անզորությունը:
ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Ճակատագիրը ոչ այնքան պատահականություն է, որքան անհրաժեշտություն. «Ճակատագիրը պարփակված է բնավորության մեջ» խոսքը չի ծնվել արհամարհելուց:
ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ
Օգտվելով բժշկական եզրաբանությունից, կարելի է ասել, որ պրոֆեսորները, գրականության դասախոսություններ կարդալիս, պետք է կլինիցիստներ լինեն: Իսկ նրանք երբեք չեն կարողացել որսալ կյանքի զարկերակը: Նրանցից ոմանք, որ անգլիական եւ ֆրանսիական գրականության գիտակներ են, շատ վատ գիտեն իրենց գրականությունը:
ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ
Մենք նույնիսկ ինքներս մեզ չգիտենք: Մեզ համար նույնիսկ դժվար է հասու լինել այն բանին, ինչը գիտենք: Մետերլինկը, որ գրել է «Իմաստություն եւ ճակատագիր» գիրքը ոչ չգիտեր թե ինչ բան է իմաստությունը, ոչ էլ, թե ինչ բան է ճակատագիրը:
Շարունակելի