Գաղտնիք չէր

18/04/2011

ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի գնահատմամբ` ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ակսել Ֆիշերի վերջին հայտարարության մեջ որեւէ արտառոց կամ անակնկալ գնահատական չկա: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ա. Ֆիշերն ու Ջոն Պրեսկոտը հայտարարություն էին տարածել, որտեղ ընդգծել էին, թե 2008թ. մարտի դեպքերին դերակատարություն ունենալու որոշակի մարդկանց ձերբակալությունը, ինչպես նաեւ 10 զոհերի մահվան պատճառների պատշաճ հետաքննության բացակայությունը շարունակում են «թունավորել Հայաստանի քաղաքական միջավայրը» եւ կարող են բացասական ազդեցություն ունենալ հաջորդ տարի կայանալիք ընտրությունների վրա: Նրանք նաեւ ՀՀ իշխանություններին կոչ էին արել նախաձեռնություններից անցնել գործողությունների: Համազեկուցողների հայտարարության վերաբերյալ Դ. Հարությունյանը երեկ ասել է. «Կարծում եմ, այն, ինչ զետեղված էր համազեկուցողների վերջին հաղորդագրության մեջ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ»: Ըստ նրա` որեւէ մեկը չի ժխտում պատշաճ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: Իսկ ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերի բացահայտման եւ քաղբանտարկյալներին ազատ արձակման մասին համազեկուցողների պահանջներին, ապա Դ. Հարությունյանը նշել է, թե երկրում բարեփոխումների անցկացումը, ինչպես նաեւ` այդ պահանջների կատարումը բխում է Հայաստանի շահերից եւ օրենսդրությունից, ինչի համար էլ քայլեր ձեռնարկվում են: Ի դեպ, Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է նաեւ, որ ԵԽ ԽՎ անցած նստաշրջանում ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում քննարկվել է Հայաստանի հարցը: «Դրանք գաղտնապահական են, դրա համար չեմ ցանկանում մանրամասներ հրապարակել»,- ասել է` «գաղտնազերծելով», թե ընդհանուր առմամբ համազեկուցողների մոտեցումները համահունչ են եղել իրենց վերջին հայտարարությանը: Իսկ հետո նաեւ հավելել է, թե համազեկուցողները կարծում են, որ Հայաստանում առկա խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ իշխանությունների քայլերը դեռ բավարար չեն, եւ իրենք ավելի մեծ արդյունք են ակնկալում: Նա նաեւ տեղեկացրել է, թե ԵԽ ԽՎ անցած նստաշրջանում քննարկվել է նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը, որը, հավանաբար, կհրապարակվի մայիսին: