Շնորհակալ եղեք ՀԱԿ-ից

18/04/2011

ՀԱԿ ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե ՀԱԿ-ը կողմ է իշխանությունների հետ բանակցություններ սկսել, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում առաջադրած երեք պահանջների կատարումից հետո: Իսկ դա, ըստ Ս. Աբրահամյանի` հնարավոր է անել մեկ օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ խոսքը քաղբանտարկյալների ազատ արձակման, Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքների անցկացման թույլտվության եւ Մարտի 1-ի մեղավորներին պատժելու մասին է: «Երկիրը կանգնած է կոլապսի առաջ` ղարաբաղյան չլուծվող հակամարտությունը, արտաքին ճնշումները Հայաստանի վրա… դուք ինքներդ էլ գիտեք, որ Հայաստանում ապրելը երբեք այսքան դժվար չի եղել»,- ասել է նա` բացատրելով, թե ինչու է ՀԱԿ-ը իշխանությունների հետ համագործակցելու պայմանները մեղմացրել: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ նշել է. «Ինչպե՞ս եք պատկերացնում, որ մի օրում ձեր պահանջները կատարվեն, երբ մինչեւ օրս չգիտենք, թե մարտի 1-ին ո՞վ է կրակել»: Մինասյանի կարծիքով` կան հարցեր, որոնք «միայն փոխադարձ ըմբռնման պայմաններում է հնարավոր լուծել»: «Կկատարեք մեր ասած երեք կետերը, դրանից հետո մենք կխոսենք մյուս կետերի շուրջ»,- հակադարձել է Ս. Աբրահամյանը: Ի պատասխան, Մ. Մինասյանն ասել է, թե մարտիմեկյան իրադարձությունների համար միայն իշխանություններին մեղադրելը ծայրահեղ սխալ է` նշելով. «Օրեր ու շաբաթներ դուք էիք թունավորում մեր ժողովրդին»: Ս. Աբրահամյանն էլ հակադարձել է. «Դուք էլ տարիներ շարունակ էիք թունավորում: Շնորհակալ եղեք, որ էսպիսի ընդդիմություն ունեք. ամեն ինչ պատկերացնում է օրենքի շրջանակում»: