«Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
Պատգամավորն իր լիազորությունները կատարում է մշտական հիմունքներով:
Պատգամավորի կարգավիճակը եւ գործունեության երաշխիքները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքով»: Սա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 65-րդ հոդվածն է։ Այն հոդվածը, որը գրեթե ամեն օր ոտնահարվում է ազգընտիրների կողմից։ Ընդ որում, այնքան հաճախակի եւ այնքան բացահայտ, որ արդեն սովորական է դարձել` եւ դրա վրա արդեն ուշադրություն չեն դարձնում ոչ միայն պատգամավորները, այլեւ՝ լրագրողները։
Օրինակ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանում է «Լուսակերտ» թռչնաֆաբրիկային, որից հետո լրագրողները մեկնաբանություն են խնդրում ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանից։ Նա էլ իր հերթին ասում է, որ համաձայն չէ այդ որոշման հետ, չի վճարելու եւ այլն։ Հետո բոլորս միասին սկսում ենք քննարկել՝ որքանո՞վ է ճիշտ հանձնաժողովը, որքանո՞վ է արդարացի պրն Մանուկյանի վրդովմունքը, եւ այլն։ Եվ այս ամենի ֆոնին կորում է ամենակարեւոր հարցը՝ ինչո՞ւ են լրագրողները մեկնաբանություն խնդրում Խ. Մանուկյանից, եւ ինչո՞ւ է Խ. Մանուկյանը պատասխանում իր բիզնեսին վերաբերող հարցերին, եթե նա պատգամավոր է եւ իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։
Օրինակները կարելի է երկար շարունակել, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվի։ Հայաստանի քաղաքացիները մեծ դժվարությամբ կարող են նշել Ազգային ժողովի գոնե 10 պատգամավորի, ովքեր բիզնեսներ չունեն, եւ իրենք էլ փաստացի չեն կառավարում այդ բիզնեսները։
Նորմալ երկրում, որտեղ Սահմանադրության եւ օրենքների նորմերը չեն ոտնահարվում, Խ. Մանուկյանը կամ մյուսները կասեին՝ մենք չենք զբաղվում ընկերության հարցերով, դիմեք տնօրենին։ Առավել հավանական է, որ նրանք իսկապես էլ չիմանային խնդրի մանրամասները։ Ավելին՝ նորմալ երկրում լրագրողների մտքով չէր էլ անցնի նման հարցով դիմել պատգամավորներին։
Խնդիրը, սակայն, վերը նշված պատգամավոր-բիզնեսմենների մեջ չէ. բոլորն են հասկանում, որ պատգամավորի մանդատն ընդամենը սեփականությունը պահպանելու երաշխիք է։ Ինչ վերաբերում է անկեղծանալուն եւ լրագրողների հարցերին պատասխանելուն, ապա դա առավել քան հասկանալի է. չպատասխանելն ավելի վատ կդիտարկվեր լրագրողների կողմից։ Խնդիրը համակարգի մեջ է, որը թույլ է տալիս, որ այս ամենը տեղի ունենա։
Հիմա կարծես ցանկանում են փոխել իրավիճակը։ Ազգային ժողովին է ներկայացվել օրենքի նախագիծ՝ «Հանրային ծառայության մասին»։ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը 2 օր առաջ «Հայլուրին» պարզաբանում էր, որ այս օրենքը հենց այն մեխանիզմն է, որը թույլ է տալու ապահովել Սահմանադրության վերը նշված դրույթի կատարումը։
Իհարկե, ԱԺ վերջին նիստում նախագիծը չի հաստատվել՝ քվորում չլինելու պատճառով, սակայն նախարարը համոզված է, որ դա ընդամենը տեխնիկական խնդիր է, որը կլուծվի։ Իսկ ինչ է իրենից ներկայացնում այդ օրենքը. այնտեղ Սահմանադրության վերը նշված նորմը (ոչ միայն պատգամավորների, այլ ընդհանրապես՝ բոլոր հանրային ծառայողների համար) փոքր-ինչ մանրամասնեցված է։ 24-րդ հոդվածը, մասնավորապես, հստակեցնում է, թե տվյալ դեպքում որն է համարվում ձեռնարկատիրական գործունեություն։ «Սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն է համարվում`1) անհատ ձեռնարկատեր լինելը, 2) առեւտրային կազմակերպության մասնակից լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առեւտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման,
3) առեւտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելը, առեւտրային կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ լինելը կամ որեւէ այլ ձեւով առեւտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը»։
Հատկապես վերջին պարբերությունը՝ «կառավարման այլ գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը», նշանակում է, որ պաշտոնյան չի կարող ֆորմալ առումով կապ չունենալ բիզնեսի հետ, սակայն ըստ էության՝ զբաղվել բիզնեսով։ Երբ պատգամավորը հրապարակային հայտարարություն է անում իրեն պատկանող բիզնեսի մասին, գնահատականներ տալիս, կամ ասում՝ այսինչ բանը այսպես կանենք, այնինչը` այնպես, սա նշանակում է, որ նա փաստացի ներգրավված է կառավարման գործառույթների իրականացմանը։ Սակայն ինչ կլինի օրենքի ընդունումից հետո, երբ ԱԺ պատգամավորին կրկին ցույց տան սեփական գործարանի դիմաց կանգնած իր բիզնես պլաններից խոսելիս՝ դեռ պարզ չէ։
Սա դեռ ամենը չէ։ Հ. Թովմասյանը հավաստիացնում էր, որ օրինագիծն ունի հակակոռուպցիոն նշանակություն։ Նախարարի առաջին հիմնավորումն այն է, որ պետք է կատարվի բարձրաստիճան անձանց եկամուտների եւ գույքի հայտարարագրում, օրենքով ստեղծվելիք էթիկայի հանձնաժողովները պետք է վարեն այդ հայտարարագրերի ռեեստր, վերլուծեն ինֆորմացիան եւ հրապարակեն։ Հանրությունն էլ կտեսնի՝ արդյո՞ք նրա եկամուտներն ու գույքը ավելի շատ են աճել, քան իր պաշտոնական եկամտի աղբյուրներից ստացված գումարները, եւ կորոշի՝ այդ անձը կոռուպցիոն եկամուտներ ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Սակայն եկամուտների հայտարարագրման մեխանիզմը Հայաստանում վաղուց է ներդրվել, եւ փորձը ցույց է տալիս, որ դրանից ոչ մի օգուտ չկա։
Սակայն մի հանճարեղ կետ էլ կա օրենքում։ Այն վերաբերում է հանրային ծառայողների կողմից ընդունվող նվերներին։ Եվրոպական շատ երկրներում, ինչպես հայտնի է, գործում են նվերներին վերաբերող սահմանափակումներ։ Օրինակ` Անգլիայում, եթե չեմ սխալվում, երկար ժամանակ գործում էր մի օրենք, համաձայն որի՝ կաշառք էր համարվում ցանկացած նվեր, որը հնարավոր չէ ուտել կամ օգտագործել 24 ժամվա ընթացքում։ Մերոնք որոշել են նման մի բան մտածել նվերների մասով։ Օրինագծի այդ կետը ներկայացնենք ամբողջությամբ։ Մի քիչ երկար է, սակայն արժե կարդալ։ 29-րդ հոդվածը ասում է, որ «Հանրային ծառայողը եւ բարձրաստիճան պաշտոնատար անձը չպետք է ընդունի նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, որը կապված կլինի իր լիազորությունների իրականացման հետ»։ Հետո պարզաբանվում է, թե տվյալ դեպքում ինչ ասել է` «նվեր». «Uույն oրենքի իմաuտով «նվեր» հաuկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիuացող այլ անձի: Uույն oրենքի իմաuտով «նվեր» հաuկացությունն ընդգրկում է նաեւ ներված պահանջը, անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը կամ մատուցված ծառայությունը, փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց oգտագործումը»։ Սակայն կան բացառություններ, որոնց դեպքում նվերը թույլատրվում է. արգելքը չի տարածվում ծառայողական պարտականությունների կատարման հետ պայմանավորված օրենսդրությամբ չարգելված պարգեւատրումների վրա, ծառայողական oգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի եւ նմանատիպ այլ նյութերի վրա, պաշտոնական արարողության ժամանակ կազմակերպվող հյուրաuիրության վրա, ինչպես նաեւ՝ «հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ բնակվող ընտանիքի անդամի կողմից իր ձեռնարկատիրական, մաuնագիտական կամ այլ բնույթի գործունեության հետ կապված նվերի վրա, այդ թվում` այն նվերի, որը կարող է համատեղ oգտագործվել ընտանիքի այլ անդամների, այդ թվում` հանրային ծառայողի, բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, uակայն պայմանով, որ նման նվերը չի կարող ողջամտորեն ընկալվել որպեu հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի վրա ներգործելուն նպատակաուղղված»։ Սակայն անգամ թույլատրելի համարվող նվերների դեպքում կա գումարային սահմանափակում. եթե թույլատրելի համարվող նվերները, որոնք oրացուցային տարվա ընթացքում uտացվել են նույն անձից, իրենց արժեքով գերազանցում են 50.000 դրամը, կամ oրացուցային տարում uտացված թույլատրելի համարվող բոլոր նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է 250.000 դրամը, ապա հանրային ծառայողը պարտավոր է դրա մաuին հնարավոր uեղմ ժամկետում հայտնել իր վերադասին կամ նրան փոխարինող անձին, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Իսկ եթե հանրային ծառայողին կամ բարձրաստիճան պաշտոնատար անձին տրվել է uույն հոդվածով թույլատրելի չհամարվող նվեր, որը «վերադարձնելը ողջամիտ ջանքերով հնարավոր չէ, ապա նա պարտավոր է կառավարության սահմանած կարգով այն հանձնել Հայաuտանի Հանրապետությանը»։
Լավ է շարադրված։ Միանգամից պատկերացնում ես, թե մի քանի հազար դոլար արժողությամբ ժամացույց ստացած պաշտոնյան ինչպես է միանգամից վազելու իր վերադասի մոտ եւ ձեւակերպի այդ նվերը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու գործարքը։ Պատկերացնո՞ւմ եք` բարոյական ի՜նչ բարձր արժանիքներ պետք է ունենալ այսպես վարվելու համար։ Մնում է նման գերազնիվ պաշտոնյաներով համալրել մեր իշխանական համակարգը։ Եթե անգամ այդպիսիք չկան, ապա՝ ըստ օրենքի, կլինեն, քանի որ օրենքը ձեւակերպում է նաեւ բարձրաստիճան անձանց էթիկայի կանոնները։ «Հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններն են`ա) հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին, բ) հարգել հանրության բարոյական նորմերը, դ) իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իրեն փոխկապակցված անձանց անձնական շահերով, ե) իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, զ) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել իր պաշտոնին վայել վարքագիծ…», եւ այսպես շարունակ։
Բա։ Պարզվում է՝ օրենքով հնարավոր է մարդուն բարոյական դարձնել, իսկ մենք դժգոհում ենք։