ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Հայաստանին ուղղված փաստաթղթում ասվում է, որ եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն պահպանել ներկայիս ստատուս-քվոն, ապա դա 2012թ. սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում կարող է ավելի վատ իրավիճակի բերել երկիրը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով ապրիլի 11-15-ը Ստրասբուրգում կայացած ԵԽ ԽՎ նստաշրջանի ժամանակ Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցի քննարկմանը, ինչպես նաեւ` հանձնաժողովի կողմից Հայաստանին ուղղված փաստաթղթի պահանջներին: «Հստակ նշվում է, որ այն բարեփոխումները, որոնք անում են իշխանությունները, գովելի են, բայց, այնուամենայնիվ, քիչ են, դրանք պետք է ունենան իրական գործառույթ, ինչի համար պետք է քաղաքական կամք, գործնական աշխատանք եւ քաղաքականության փոփոխություն, որը ենթադրում է փոփոխություն իշխանությունների տրամաբանության մեջ»,- ասել է Փոստանջյանը: Ըստ նրա` փաստաթուղթը միաժամանակ նաեւ արձանագրում է, որ այսօր առկա օրենսդրական դաշտն իշխանություններին տալիս է ժողովրդավար լինելու եւ մարդու իրավունքները հարգելու հնարավորություն, ինչին, սակայն, խանգարում են Հայաստանի իշխանությունների «մենթալիտետն ու տրամաբանությունը». «Հայաստանի իշխանություններին կոչ է արվում ազատ արձակել մարտի 1-ի դեպքերից հետո անազատության մեջ գտնվողներին: Նիկոլ Փաշինյանի մասով հստակ ասվում է, որ նրա պայմանական վաղաժամկետ ազատումը կարող է տեղի ունենալ ամռանը, իսկ Սասուն Միքայելյանի վերաբերյալ ասվում է` պետք է դրսեւորվի հումանիստական դրսեւորում, եւ առողջական խնդիրների հետ կապված նրան պարտադիր պետք է բաց թողնեն: Մարտի 1-ի 10 զոհերի մասով հստակ ասվում է, որ տեղի պետք է ունենա պատշաճ քննություն եւ բացահայտումներ»: