Հայ Ազգային կոնգրեսը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, թե վերջին մի քանի օրերին վարչախմբի պատճառով միջազգային հանրության կողմից Հայաստանին հասցվել է երեք հարված. «1. Վերջնականապես դադարեցվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը: Այս ծրագրով Հայաստանը գտնվում էր այն փոքրաթիվ զարգացող երկրների թվում, որոնք այդ օգնությունն ստանում էին որպես խրախուսանք` ժողովրդավարության հաստատման ուղղությամբ բարեփոխումներ անելու համար: Ծրագիրը դադարեցվել է այն հիմնավորմամբ, որ մեզ մոտ, ինչպես ժողովրդավարության, այնպես էլ` ընտրությունների վստահելիության ու մարդու իրավունքների ուղղությամբ այդպես էլ որեւէ առաջընթաց չի գրանցվում: Դրա հետեւանքով կորսվեցին հարյուրավոր միլիոն դոլարներ, որից 70 միլիոնը արդեն հաստատված` պետք է ներդրվեր 350կմ գյուղական նշանակության ճանապարհների վերականգնման վրա: 2. ԱՄՆ Պետդեպարտամենտը 2010թ. «Մարդու իրավունքների զեկույցում» ողջ միջազգային հանրության առջեւ Հայաստանը ներկայացնում է որպես մի բռնապետություն, որտեղ պարբերաբար եւ հետեւողականորեն խախտվում են մարդու հանրահայտ իրավունքները: Այստեղ մասնավորապես շեշտվում է Մարտի 1-ի սպանությունների չբացահայտման, քաղաքական բանտարկյալների առկայության, հավաքների ազատության սահմանափակման, սեփական իշխանություն ձեւավորելու (ընտրելու)` մարդկանց իրավունքների զանգվածային խախտման` իշխանության ոչ լեգիտիմության հարցերը: 3. ԵԽ ԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները Մոնիտորինգի հանձնաժողովի քննարկումից հետո հանդես են եկել ընդարձակ հայտարարությամբ, որտեղ որպես ներքաղաքական ճգնաժամի հիմնական պատճառներ` առանձնացրել են դարձյալ` Մարտի 1-ի սպանությունների բացահայտված չլինելը, քաղբանտարկյալների առկայությունը, քննադատել են ՀՌԱՀ-ի գործունեությունը, որի պատճառով խախտվում է ազատ խոսքի եւ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Առաջին անգամ միջազգային փաստաթղթում արձանագրվում է, որ բարեփոխումների չկատարումը, գումարվելով սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացմանը, կարող է հանգեցնել սոցիալական խռովության: Այս հարվածները Հայաստանին հասցվել են միայն ու միայն այն պատճառով, որ ռեժիմն, իր ոչ լեգիտիմության բերումով, շարունակում է կառչած մնալ գործելակերպի բռնապետական ու հակաօրինական մեթոդներին, ի զորու չէ առաջնորդվել քաղաքական մտածողությամբ, առավել եւս` չի գիտակցում եւ չի առաջնորդվում պետական շահերով: ՀԱԿ-ի առաջնահերթ պահանջները (որոնք համընկնում են նաեւ` միջազգային հանրության պահանջներին) չկատարելու հետեւանքը ոչ միայն այն է, որ թունավորված է մնում երկրի ներքաղաքական մթնոլորտը, այլ նաեւ դրա պատճառով Հայաստանի ժողովուրդը զրկվում է լուրջ օգնությունից, իսկ միջազգային ասպարեզում, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի բանակցություններում, թուլանում են Հայաստանի դիրքերը, ընկնում է նրա հեղինակությունը: Պետական մտածողությունը միայն ընդդիմությանը չէ, որ պետք է հատուկ լինի, ավելի շատ այն պետք է հատուկ լինի իշխանությանը: ՀԱԿ-ն ակնկալում է, որ վարչախումբը վերջապես կհրաժարվի որեւէ իշխանության անհարիր «տղայական» վարքագծից, շուտափույթ քայլեր կանի ընդդիմության, այսօր արդեն` նաեւ միջազգային հանրության կողմից առաջադրված պահանջների կատարման ուղղությամբ, ինչը բխում է մեր երկրի ու ժողովրդի (իսկ վերջին հաշվով` նաեւ իրենց) շահերից»,- ասված է հայտարարության մեջ: