Երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան: Նա հանդիպել է ՀՀ նախագահին, ՀՀ պաշտպանության նախարարին: Երկու երկրների պաշտպանության նախարարները կարծիք են հայտնել, որ տարբեր անվտանգության համակարգերի ինտեգրվելու փաստը չի կարող խանգարել հայ-վրացական ռազմական համագործակցությանը: Հանդիպումներից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե երկու երկրների ռազմական համագործակցության վրա ի՞նչ ազդեցություն են ունենում անվտանգության տարբեր համակարգերի` ՀԱՊԿ-ին եւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հանգամանքն ու ռուս-վրացական չկարգավորված հարաբերությունները, ասել է. «Հայ-վրացական հարաբերությունները յուրահատուկ են, եւ ոչ մի ուժ չի կարող խանգարել երկու երկրների համագործակցությանը, որը, համոզված եմ, առաջիկայում ավելի ամրապնդվելու է»: Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ ասել է, թե երկկողմ ձեւաչափերում եւ անվտանգության տարբեր համակարգերի շրջանակներում միջազգային համագործակցությունը Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է. «Այսօրվա փորձը ցույց է տալիս, որ մեկը մյուսին չեն խանգարում, որովհետեւ բոլոր համակարգային անվտանգային խնդիրների լուծման մեջ բոլոր համակարգերն ու բոլոր պետություններն էլ տեսնում են միայն ու միայն հակամարտությունների, կամ գոյություն ունեցող խնդիրների լուծման մեկ` բանակցային, երկխոսության, խաղաղ պայմաններում լուծման ճանապարհ»: Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին առնչվող հարցերին, Բաչո Ախալայան ասել է, թե բոլոր հակամարտությունները, որոնք գոյություն ունեն Կովկասում, պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով: Ս. Օհանյանը նաեւ տեղեկացրել է, որ Բաչո Ախալայայի հետ քննարկել է նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ` ասելով. «Գտնում ենք, որ մեր երկու երկրների համագործակցության շրջանակներում տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանումը ամենակարեւոր ուղղություններից է»: