Խոշոր խախտումներ` Մշակույթի նախարարությունում

18/04/2011

ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումների արդյունքում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել այս անգամ ՀՀ մշակույթի նախարարությունում, մասնավորապես` մշակութային միջոցառումների իրականացման ոլորտում: Խախտումները կրել են ֆինանսական բնույթ: Այսինքն` միջոցառումների կազմակերպման, գրքերի հրատարակման համար նախարարությանը հատկացված միջոցները ծախսվել են ոչ նպատակային: Ըստ այդմ, ֆինանսական խախտումները կազմել են 9 մլն դրամ: Ստուգումների արդյունքում 5,5 միլիոն դրամը վերականգնվել է պետբյուջե, մնացած գումարը ենթակա է վերադարձման: Ըստ տեղեկանքի, 2009-ի հոկտեմբերի 10-15-ը Երեւանում կայանալիք երիտասարդական թատերական փառատոնի կազմակերպման նպատակով 2 մլն 500.000 դրամ է հատկացվել «Հայաստանի թատերական գործիչների միավորում» հ/կ-ին, որն էլ բնակարանների վարձակալական պայմանագրեր է կնքել Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցների հետ (վարորդ, հաշվապահ, ադմինիստրատոր)` 11 անձին 10 օրով գիշերելու եւ դրա համար վերը նշված աշխատակիցներին չգիշերած օրերի համար ավելի է վճարել է 890.000 դրամ: Ուսումնասիրությամբ նաեւ պարզվել է, որ «Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հանրահռչակում» միջոցառման հետ որեւէ առնչություն չունեցող անձ է գիշերել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, եւ նրա գիշերավարձի ու սննդի համար ծախսվել է 141.000 դրամ: Այդ գումարը Վերահսկիչ պալատի ուսումնասիրության ժամանակ վերականգնվել է պետական բյուջե: Այս միջոցառման իրականացման համար Մշակույթի նախարարությունը 40 մլն դրամ է հատկացրել «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամին: Նախորդ ստուգման արդյունքներով, 4 մլն 994.3 հազար դրամը պետք է վերականգնվեր պետբյուջե: Սակայն պետբյուջե է փոխանցվել 3 մլն 861.000 դրամ, մնացածը ենթակա է վերադարձման: 2009թ. հոկտեմբերի 26-30-ը «21-ի հեռանկարներ» 10-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում փառատոնի 10-ամյակին նվիրված հոբելյանական համերգի եւ «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշարի կազմակերպման նպատակով 20 մլն դրամ հատկացվել է «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» հ/կ-ին: Սահմանված ժամկետում` 2009թ. հոկտեմբերի 26-30-ը կազմակերպվել է 3 համերգ` 4-ի փոխարեն, որի համար տրամադրված 20 մլն դրամից ներկայացվել է 12 մլն 831.000 դրամի ծախսի հաշվետվություն: 864.000 դրամի ծախսը փաստաթղթերով չի հիմնավորվել եւ ենթակա է վերականգնման: Խախտումներ են հայտնաբերվել նաեւ 2009-ին կայացած «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի կազմակերպման նպատակով իրականացված ծախսերի մեջ: Թատերական փառատոնի համար 34 մլն 569.5 հազար դրամ է հատկացվել «Հայ դերասանների միություն» հ/կ-ին: Հաշվարկելով հյուրերի` Երեւանում մնալու օրերի թիվը` պարզվել է, որ փաստացի թվի նկատմամբ սննդի ծախսը 822.000 դրամի չափով ավելի է կատարվել: