Տղամարդը բռնաբարել է իր վեց երեխաներին

18/04/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԱՄՆ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունն իսկապես կարող է Հայաստանի նման երկրի համար օրինակ լինել: Մինչդեռ, կան արժեքներ, որոնք այս գերտերության մեջ բավականին թույլ հիմքերի վրա են դրված:

Օրինակ` ընտանիքի ինստիտուտն ԱՄՆ-ում խարխլված ու խոցելի է: Մեծ թիվ են կազմում թմրամոլությունն ու անչափահասների` տանից փախչելու դեպքերը: Ներկայումս թմրամոլների մի մեծ զանգված պայքարում է` իշխանություններից պահանջելով որոշ թմրատեսակների օգտագործումը դարձնել օրինական: ԱՄՆ Այովա նահանգի «Ընտանեկան բռնությունների կենտրոնի» կոորդինատոր Մարի Ավիլան մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց նահանգում ամուսնալուծությունները կազմում են 60% եւ հասարակական վերաբերմունքն ամուսնալուծվածների նկատմամբ ադեկվատ է. «Մեզ մոտ ամուսնալուծված մարդկանց շատ նորմալ են վերաբերվում, դա համարվում է նորմալ երեւույթ: Մեր կենտրոն հաճախում են ընտանեկան բռնությունների ենթարկված զոհերը. հիմնականում կանայք եւ երեխաներ են: Նրանք կարող են մեզ մոտ երկար ապրել, մինչեւ կարողանան ընտանեկան հարաբերություններում լուծում գտնել: Կենտրոնում աշխատում են հոգեբաններ, սոցիալական ծառայողներ, մանկավարժներ: Այլ կերպ ասած` այս կենտրոնը վերականգնողական կենտրոն է»: Մ. Ավիլայի հավաստմամբ` կանանց իրավունքների պաշտպանության հարցում Այովայում շատ մեծ խնդիրներ կան, որի համար պայքարում են ինչպես պետական որոշ ծառայություններ, այնպես էլ` հասարակական կազմակերպությունները: Զոհի կարգավիճակում հայտնված կանանց եւ երեխաներին բռնության ենթարկելու դրդապատճառները տարբեր են, սակայն հիմնականում ընտանիքի ամուսինը բռնություն կատարում է հարբեցողության կամ թմրամիջոցների ազդեցության տակ: «Ընտանեկան բռնությունների կենտրոն» հաճախող կանանց կենտրոնի մասնագետներն օգնում են ամուսնալուծության հայցով դատական պրոցեսը հաղթահարելու գործում, փորձում են նրանց համար աշխատանք գտնել, զբաղվում են երեխաների կրթության եւ պաշտպանության հարցերով: «Նրանք մեզ մոտ ապրում են այնքան ժամանակ, մինչեւ անձնական խնդիրները կլուծվեն: Մենք ապահովում ենք անվճար սնունդով, հագուստով, հիգիենիկ պարագաներով, դատական ծախսերն ենք հոգում, փաստաբան ենք տրամադրում, ինչպես նաեւ` երեխաների դպրոցական հարցերով ենք զբաղվում»,- վստահեցրեց Մ. Ավիլան` հավելելով, թե երբեմն բռնության ենթարկված կնոջը հետապնդող ամուսնուց պաշտպանել չկարողանալու դեպքում` նրան Այովայից ուղարկում են այլ նահանգ: Նման դեպքերում կենտրոնը նրա համար մի քանի ամսով բնակարան է վարձակալում, աշխատանք է գտնում, մինչեւ վերջինս կարողանա ինքնուրույն ապահովել սեփական կեցությունը: Մ. Ավիլայից հետաքրքրվեցինք` արդյոք կենտրոնի մասնագետներն ընտանեկան բռնության ենթարկված կնոջ հետ աշխատանք չե՞ն տանում` ամուսնու հետ հաշտեցնելու համար. «Ոչ, որովհետեւ մեր բավականին երկար տարիների փորձը ցույց է տվել, որ դա անօգուտ եւ անարդյունավետ է: Նման դեպքերում որպես կանոն` կինը կրկին վերադառնում էր կենտրոն, քանի որ բռնությունը շարունակական բնույթ էր կրում: Եթե նա որոշել է դատական կարգով վերջ դնել ամուսնությանը, ապա մենք այդ հարցում օգնում ենք նրան»: Հարկ է նշել, որ կենտրոնի մուտքը խիստ հսկողության տակ է, եւ անվտանգության հզոր սարքերի միջոցով կենտրոնի մասնագետները տեղեկանում են, որ երբեմն բռնություն կատարող ամուսինները ցանկանում են կնոջը կամ երեխաներին տեսնելու համար մուտք գործել տարածք: Անվտանգության սարքի միջոցով կենտրոնի մասնագետներն անմիջապես արգելափակում են նրա մուտքը` ավելորդ միջադեպերից խուսափելու համար: Ի դեպ, Մ. Ավիլան նշեց, որ «Ընտանեկան բռնության կենտրոն» են դիմում նաեւ հոմոսեքսուալիստներ եւ լեսբիներ` տեղեկացնելով, որ բռնության են ենթարկվում զուգընկերոջ կողմից: Համաձայն ուսումնասիրությունների` ամերիկացի կին եւ մեքսիկացի տղամարդ հարաբերություններում հիմնականում տուժում են տղամարդիկ: «Պատահում են նաեւ կեղծ այցելություններ: Օրինակ` անօթեւան շատ մարդիկ այցելում են` ահազանգելով, թե բռնության ենթարկվածներ են: Նրանք ցանկանում են ապահով կացարանում ապրել, անվճար սնվել եւ այլն: Բայց երկարատեւ փաստերի ուսումնասիրությունների արդյունքում մենք պարզում ենք, որ դա կեղծ ահազանգ է»: «Ընտանեկան բռնությունների կենտրոնը» նաեւ սերտորեն համագործակցում է Նահանգային ոստիկանության հետ: Շատ դեպքերում բռնության ենթարկված անձն ահազանգում է Ոստիկանություն, այնուհետեւ Ոստիկանությունը նրան ուղղորդում է այդ կենտրոն։ «Եթե կինը ցանկանում է բողոք ներկայացնել ամուսնու դեմ եւ քրեական գործ հարուցել, ապա մենք նրան աջակցում ենք այդ հարցում: Հակառակ դեպքում` ինքնակամ որեւէ գործողություն չենք կարող կատարել, քանի որ դա նրա իրավունքն է»,- նշեց Մ. Ավիլան` ասելով, որ Այովայում ընտանեկան բռնության ցավալի շատ դեպքեր են արձանագրվել, որոնք կարող էին առհասարակ չլինել, եթե ընտանիքի զոհը ժամանակին դիմեր կենտրոնի օգնությանը: Նա մեզ պատմեց, որ ընտանիքներից մեկի տղամարդը մեկնել էր Իրաքյան պատերազմում կռվելու: «Նա վերադարձավ եւ սկսեց մշտապես ալկոհոլ օգտագործել: Շատ ագրեսիվ էր դարձել, չարացած էր եւ նյարդերը փորձում էր հանգստացնել հարբեցողության գնով: Մշտապես վիճաբանություններ էր սարքում, ծեծում էր կնոջը, երեխաներին: Պատերազմ մեկնելուց հետո նա գազանի վերածվեց: Մի օր էլ Ոստիկանությունը բացահայտեց, որ նա կնոջը դանակահարելով սպանել է: Դեպքեր են եղել, երբ բռնության ենթարկված կանայք սպանել են իրենց երեխաներին: Մենք նաեւ ունեցել ենք բռնության ենթարկված 92 տարեկան տատիկ»,- պատմեց Մ. Ավիլան` հավելելով, որ վերջերս արձանագրվել է եւս մեկ ցնցող դեպք, երբ ընտանիքի հայրը բռնաբարել է իր վեց երեխաներին:

Մ. Ավիլայի խոսքերով` այս դեպքերը կարելի էր կանխել, եթե բռնության զոհերը ժամանակին դիմեին կենտրոն: Ինչեւէ, այս կազմակերպությունն Այովայում շուրջ 120 տարի հանդիսանում է ամենամեծ ու ընտանեկան ծառայություններ մատուցող կազմակերպությունը: Այն մի քանի հարյուր երեխաների սպասարկող որդեգրման փոքր գործակալությունից դարձել է նահանգային մեծ կազմակերպություն, որն անցյալ տարվա ընթացքում սպասարկել է 21.000 մարդու: Ըստ Մ. Ավիլայի` կազմակերպության գործունեության արդյունքում էապես կրճատվել է կանանց մահացության ցուցանիշը: Այդուհանդերձ, մենք հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք կնոջ ամուսնալուծվելու որոշումը պաշտպանելով` կազմակերպությունը չի նպաստում երեխայի իրավունքների ոտնահարմանը, քանի որ նա զրկվում է հորից: Մանավանդ, որ «Ընտանեկան բռնությունների կենտրոնը» չի էլ փորձում ամուսիններին հաշտեցնել: «Մենք հաշտեցնելու առաքելություն չունենք: Երեխայի իրավունքները մենք փորձում ենք պաշտպանել: Օրինակ` տվյալ կրթական հաստատության ղեկավարությանն ու մանկավարժներին զգուշացվում է, որ երեխան ապրել է ընտանեկան բռնության դեպքի սթրես, եւ նրա հետ փորձում են հավելյալ աշխատանք կատարել, ավելի ուշադիր լինել եւ կենտրոնանալ նրա` ինչպես կրթական պրոցեսի, այնպես էլ` հոգեբանական վիճակի վրա»,- պատասխանեց Մ. Ավիլան:

Այն, որ մինչ ամուսնալուծությունն անհրաժեշտ է ընտանիքը փրկելու համար որոշակի հոգեբանական կամ վերականգնողական աշխատանքներ կատարել` դա թերեւս գիտակցում են բոլոր երկրների ընտանիքի հարցերով զբաղվող պետական կառույցներն ու հասարակական կազմակերպությունները: Սակայն ցավալին այն է, որ Հայաստանում ներկայումս ստեղծվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այնպիսի կազմակերպություններ, որոնք ամուսնալուծության ճանապարհով գնալու իրենց ծառայություններն են առաջարկում ամուսիններին: Այլ կերպ ասած` ընտրում են ընտանիքի հիմքերը խարխլելու ճանապարհը, որը կարելի է իրականացնել մեր մատնանշած փորձությունները չհաղթահարելու, ծայրահեղ դեպքում, հաշտության եզրեր գտնելու բոլոր տեսակի փորձերը ձախողված համարելու պարագայում: Հետեւաբար, ընտանիքի մոդելն աստիճանաբար ոչնչանում է կանանց իրավունքների կամ ընտանեկան բռնություններից պաշտպանելու քողի տակ:

ԱՄՆ (Այովա)-Երեւան