Երեւանի կենդանաբանական այգում, բառիս բուն իմաստով, շարժեր են տեղի ունենում: Ահռելի պրոբլեմներ կուտակած, տարիներով լուրջ մոդեռնացմանը չենթարկված, պրոֆեսիոնալ աշխատանքի ու տարրական բաների (կոյուղագծերի, դեղորայքի, անգամ բահերի ու դույլերի) կարոտ այգին ցնցումների մեջ է:
Այգում տնօրեն է փոխվել, եւ այդ փոփոխությունը սոսկ թղթաբանական չէ (այսպես ասած` հետնորդին ղեկը հանձնելու խնդիր չէ): Դա ավելի շուտ հեղաշրջումային փոփոխություն է: Նախկին տնօրեն Սահակ Աբովյանը աշխատանքից հեռացել է վիրավորված: Հասկանալի է, որ նրան պարտադրել են հեռանալ, քանի որ նա ինքնակամ պաշտոնը լքողը չէր, մանավանդ, որ այգում որպես հաստիքային աշխատակիցներ` ձեւակերպված են նրա ընտանիքի անդամներն ու բարեկամները: Ս.Աբովյանը մանեւրող ու լուրջ փոփոխություններին դեմ մարդ էր: Դրա ապացույցը վերջին ամիսներին կատարված «վերանորոգումն» է, որի անվան տակ հին վանդակաճաղերը կտրվել ու իրար են եռակցվել` նոր կառուցած վանդակի անվան տակ: Ս.Աբովյանի տնօրինման 19 տարիները աչքի ընկան հիմնականում փղերի հարսանիքների, տոնախմբությունների կազմակերպմամբ: Եվ բոլորին էլ պարզ է, որ եթե անգամ այգում որեւէ գիտահետազոտական աշխատանք է տարվում, ապա դա արվում է իմիջիայլոց, եւ միայն տարբեր աշխատակիցների (ոչ տնօրինության) անձնական մղումներից ելնելով:
Կենդանիների խնամքի ու բուժման հետ կապված բազմաթիվ խնդիրներ են եղել (որոնց մասին «168 Ժամը» գրել է), սակայն դրանց միակ արձաքանքը եղել է ինքնապաշտպանությունը ու պրոբլեմները քողարկելու ցանկությունը: Մեր կյանքին ընդհանրապես բնորոշ է հարմարվողականությունը (այսպես ասած` «յոլա գնալը»), ինչն էլ ցայտուն կերպով արտահայտվում էր այգու աշխատաոճում: Հայաստանցիներն ընտելացել էին այն մտքի հետ, որ կենդանաբանական այգին զվարճանքի վայր է (ընդ որում` բավականին խղճուկ), որտեղ երեխաների հետ գնալով` կարելի է տեսնել ստորացված կենդանիներին ու մի քիչ պտտվել կարուսելների վրա: Եվ ոչ ավելին: Ասենք` հատուկ մանուկների համար ադապտացված ինֆորմացիա կամ էլ մեր բնաշխարհի մասին պատկերացում ստանալն անհնար գործ էր: Նման նպատակ այգին իր առջեւ չէր դնում: Իսկ դա ոչ այնքան ֆինանսների պակասի, որքան տեսլականի բացակայության հարց է: Երեխաները սովորում էին սպառել կենդանաբանական այգու ծառայությունները, ճիշտ այնպես, ինչպես մեծանալով` սկսում են սպառել բնությունը:
Վերջերս իր հարցազրույցներից մեկում Ս.Աբովյանն ասել էր, որ շատ ծրագրեր ուներ, որոնք, ավաղ, անավարտ մնացին. «Այգու 70-ամյակը պիտի նշեինք, լիքը կենդանիներ պիտի բերեինք` կենտերին զուգավորելու համար: Իմ ժամանակ կենդանիները նորմալ բազմանում էին»: Ամյակներ տոնելն, իհարկե, սիրուն բան է, սակայն նախկին տնօրենին կարելի է շատ տրամաբանական հարց ուղղել` ինչի՞ համար եք բազմացնում կենդանիներին, եթե մեր բնաշխարհի էնդեմիկ ու վտանգված կենդանիներին իրենց միջավայր վերադարձնելու ու նրանց պոպուլյացիան վերականգնելու ծրագիր չունեք: Իսկ պարծենալ, թե մենք կենդանիների 2300 գլխաքանակ ունենք` առնվազն տարօրինակ է, քանի որ գլխաքանակը շատ դեպքերում հենց ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի վկայություն է: Չէ՞ որ կենդանիների պահպանման համար անհրաժեշտ պայմանների որակը չի բարձրանա, եթե անգամ քանակը եռապատկվի: Այգին տարիներ շարունակ նման է եղել «Պանդորայի» արկղի, որը բացել ոչ ոք չի համարձակվել: Եթե բացեցիր, խնդիրները դուրս կժայթքեն մեծ արագությամբ ու քայքայիչ ուժով: Ինչն էլ, թերեւս, տեղի է ունենում: Արդեն մի քանի օր է, Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն է նշանակվել «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը, ով բավականին հավակնոտ ծրագրեր ու միջազգային կառույցների հետ ներդրումային պայմանավորվածություն ունի:
Այցելելով այգի ու զրուցելով աշխատակիցների հետ, կարելի է համոզվել, որ այգին աշխուժացել է: Երեկ հայտնի դարձավ, որ զգալիորեն բարձրացել է աշխատակիցների աշխատավարձը: «Չգիտեմ` ի՞նչ է լինելու, բայց մենք այլեւս զոմբիներ չենք, մեր աշխատաոճն է փոխվել»,- նկատեց աշխատակիցներից մեկը: Եվ զարմանքով ավելացրեց, որ երբ որեւէ բանի կարիք են ունենում, ապա 10 րոպեների ընթացքում ստանում են, եւ չեն ասում` չկա: Ոմանք նշեցին, որ վերջապես արգելվել է այգու տարածք մուտք գործել ավտոմեքենաներով: Ընդ որում` արգելքը տարածվում է անխտիր բոլորի վրա: Ոմանք էլ անհամբեր սպասում են արտասահմանցի մասնագետների այցին` նշելով. «Մեզ մոտ կարգին անասնաբույժ չկա»: Գիշատիչ կենդանիների հետ աշխատող մասնագետներից մեկը պատմեց, որ վերանորոգվում է գիշատիչների խոհանոցը, որը տարիներ շարունակ գտնվում էր «նախնադարյան վիճակում»: «Իսկ ամենակարեւորն այն է, որ վերջապես վերացավ հսկայական աղբակույտը, որը գոյացել էր տասնյակ տարիների ընթացքում»,- նշեցին աշխատակիցները: Հետաքրքիր է, որ նրանցից շատերը չէին ցանկանում ներկայանալ. թերեւս, իրավիճակը այգում բավականին լարված է: Որոշ մարդկանց մոտ` ոգեւորություն, իսկ որոշ մարդկանց մոտ` սկեպսիս էր նկատվում: Սկեպտիկները նշում են` ոչինչ էլ չի ստացվի: Ամեն դեպքում, այգու մարտավարությունն է փոխվել: Եվ ակնհայտ է, որ մի կերպ հարմարվելու եւ խնդիրները կոծկելու միտում այլեւս չի լինի: Իսկ դա արդեն իսկ ձեռքբերում է: Իսկ մնացածը մասնագիտական ներուժից ու ֆինանսներից է կախված:
«Մենք ամբիցիոզ, սակայն իրատեսական մոդել ենք առաջարկում»
Կենդանաբանական այգու նորանշանակ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշում է, որ այգու գործունեությունը չի կարելի զատել բնապահպանական եւ կրթական խնդիրներից: Այդ պատճառով էլ առանցքային է համարվում բնապահպանական քոլեջի ստեղծումը, որի համար գիտահետազոտական բազա կհանդիսանա հենց կենդանաբանական այգին:
– Ինչպիսի՞ քայլեր եք ձեռնարկելու առաջին հերթին։
– Առաջին փուլում փորձելու ենք կապ հաստատել հանրակրթական դպրոցների հետ։ Ինչը ենթադրում է հատուկ դասագրքի ստեղծումն ու հենց կենդանաբանական այգում դասեր վարելու պրակտիկան: Իսկ մնացածն արդեն տեխնիկական խնդիրներն են, որոնք առնչվում են կենդանիների պահպանման հետ։ Իհարկե, կենդանիների ու թռչունների համար պիտի ազատավանդակներ կառուցել: Կստեղծենք կենդանաբանական այգու խորհուրդ, որի կազմում ընդգրկված կլինեն գործնական եւ ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու ցանկություն ունեցող մարդիկ։ Մեր նպատակը տարբեր աշխատանքային մոդելների մշակումն է։
– Ամառը կենդանաբանական այգու համար ամենաթեժ սեզոնն է։ Դժվար թե կարողանաք արագորեն ազատավանդակներ կառուցել կամ էլ կտրուկ վերափոխումներ անել։
– Առաջին կտրուկ քայլը կլինի այգու պահակային ծառայության ուժեղացումը։ Ընդ որում՝ պահակներ են պետք ոչ միայն կենդանիների, այլեւ՝ մարդկանց համար։ Այգու տարածքում տեսախցիկներ կհայտնվեն, որոնք հնարավորություն կտան կենդանիներից յուրաքանչյուրին նկարահանել ու գիշեր-ցերեկ նրանց վարքագծին հետեւել։ Հաջորդ խնդիրը՝ անհրաժեշտ դեղորայքի ու բժշկական սարքավորումների ձեռքբերումն է։ Շուտով Ամստերդամի կենդանաբանական այգու մի քանի աշխատակիցներ կգան Երեւան եւ թրեյնինգներ կանցկացնեն մեր մասնագետների հետ։ Իսկ արդեն մայիսին կժամանի Ամստերդամի «Արտիս» կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը, ում կապերն ու մասնագիտական փորձառությունը մեր հիմնական հենարանն են։ Արդեն իսկ տարբեր կենդանաբանական այգիների (Իսրայելի, Ռոստոկի, Ամստերդամի) հետ գործնական պայմանավորվածություն ունենք։ Շատ հարցեր կան (վարչական, ներքին կոմունիկացիաների, գաղափարների ոլորտի), որոնք առանց դրսի մասնագետների փորձի օգտագործման պարզապես չենք կարող լուծել:
– Իսկ այգու տարածքում գտնվող կարուսելները շարունակելո՞ւ են գործել։
– Վերջերս լայնորեն օգտագործվում է «edutainment» բառը, որը ծագել է «education»` կրթություն եւ «entertainment»`զվարճանք բառերի միաձուլումից: «Edutainment»-ը ենթադրում է, որ այն ամենը, ինչը երեխային զվարճացնում է, պետք է նաեւ ծառայի կրթությանը։ Իսկ եթե կրթական ենթատեքստ չկա, ապա այդ զվարճանքը ոչ մեկին պետք չէ։ Այնպես որ` կարուսելներ չեն լինի։ Փոխարենը` կլինեն այլ ժամանցային ձեւեր, որոնք այժմ մենք մշակում ենք մեր գործընկերների հետ։ Իհարկե, շատ բան կախված է հենց մեր հասարակությունից։ Չէ՞ որ կենդանաբանական այգիները բնության հետ շփվելու, ընտանիքով հանգստանալու ու ինֆորմացիայի անվերջանալի հոսքի մեջ հայտնվելու եւ նորանոր փաստեր բացահայտելու միջոց են։ Այգին պետք է ընկալվի որպես ազգային արժեք։ Դա թեեւ շատ վերամբարձ է հնչում, սակայն փաստ է։ Մարդը (անկախ տարիքից) գալով այգի՝ պիտի սովորի։ Սովորի, թե ինչպես է մեր մոլորակը կառուցված, ինչպես է իրեն պահում կենդանին վայրի բնության մեջ՝ իր բիո-տոպի պայմաններում։ Եվ, վերջիվերջո, հասկանա նաեւ, թե ո՞վ է ինքը։
– Կենդանաբանական այգիները, միեւնույն է, բանտ են կենդանիների համար։ Եվ նշանակություն չունի, թե որքանո՞վ է այդ բանտը մեծ կամ հարմարավետ։ Սակայն կենդանիները նաեւ ճանաչողական նշանակություն ունեն երեխաների համար։ Նրանք գոնե կարո՞ղ են տեսնել ու ծանոթանալ։
– Տեսնելն ու իմանալը երկրորդական են։ Կարեւորը մարդու ու կենդանու շփման ձեւն է, այդ շփման մատուցումը։ Եվ եթե այգին չի կարող ապահովել ճիշտ շփման ձեւը, ապա ավելի լավ է ընդհանրապես այդ գործով չզբաղվի։ Երբ երեխան այգի է գալիս ու տեսնում է խղճուկ վիճակում գտնվող, նեղ վանդակի մեջ կիսախելագարության հասած կենդանուն, ապա անպայման հոգեբանական սթրես է ստանում։ Շատերն ասում են՝ բա ինչպե՞ս, մեր երեխան ընձուղտ ու փիղ չտեսնի՞։ Այդ մոտեցումը, որը սպառողական մտածելակերպի նշան է, վաղուց արդեն հնացել է։ Երբ երեխան սովորում է տեսնել, ասենք` նսեմացված արջին, ապա նա հանգիստ է վերաբերվում նաեւ տարբեր ռեստորաններում զվարճանքի համար սարսափելի պայմաններում պահվող արջերին։
– Շատ բան Ձեր ծրագրերում իրապես հեքիաթի է նման։ Այսպես ասած՝ ամբիցիոզ հեքիաթի։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ կենդանաբանական այգին շատ պրոբլեմներ ունի։
– Առաջին հայացքից դա, իրոք, ամբիցիոզ, սակայն իրատեսական մոդել է։ Մենք չենք փորձում իջեցնել մեր նպատակների նշաձողը։ Այգին առաջին հերթին ուսումնասիրության, կրթական օջախ է, որը մտերմացնում է մարդուն վայրի բնության հետ։ Իրականում մենք չքնաղ, շատ հարուստ էկո-համակարգ ունենք, սակայն դրա տերը լինելով՝ ինքներս էլ չենք հասկանում, թե ինչի՞ տերն ենք։ Նույնիսկ կարող եմ շատ ճակատային համեմատություն անել. մենք ոսկի ունենք, բայց դրա մասին չգիտենք։ Իսկ տեր լինելը առաջին հերթին նշանակում է` արժեւորել։ Եթե իրական գնահատականն ու արժեւորումը չկա, տեր լինելը ծիծաղելի է հնչում։ Չէ՞ որ մեր իրական արժեքը մեր ունեցած բուսատեսակների ու կենդանատեսակների գենոֆոնդն է, մեր էկո-համակարգը:
Նաեւ` կրթված սերունդը: Կենսաբազմազանության պահպանության ու էկո-կրթության կենտրոնի պահանջը մեր հանրապետությունում վաղուց կա։ Կենտրոնը դա առաջին հերթին միջավայր է, որը կօգնի նոր սերնդին էկոլոգիական ռազմավարություն մշակել:
Իսկ կենդանաբանական այգին, իրոք, շատ պրոբլեմներ ունի: Եվ այդ պատճառով էլ մենք սկզբից լուծելու ենք ամենաակտուալ առօրյա խնդիրները՝ կենդանիների կերի, խնամքի, բուժման, աշխատավարձի հարցերը։ Եվ, իհարկե, զարգացնելու ենք կրթական ծրագրերը, քանի որ դրանք մեզ համար միշտ էլ առաջնային են եղել: