Կոռուպցիոն ռիսկերով օրենք

02/11/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Դժվար է ցույց տալ մի այնպիսի բնագավառ, որի հետ մեր շփումն այնքան մեծ լինի, որքան ճանապարհային երթեւեկության հետ: Եթե մեզ չի հաջողվել վարորդ կամ ավտոտեսուչ լինել, ապա հաստատ հետիոտն ենք: Սա մի բնագավառ է, որի հետ մեր կապն ամեն օր է: Իսկ այս հանգամանքը ենթադրում է, որ ոլորտը համակարգող իրավական դաշտը պետք է հնարավորինս կարգավորված լինի, էլ չենք ասում, թե պարզեցված լինի:

Բայց Հայաստանը մինչեւ 2005թ. օգոստոսի 13-ը ճանապարհային երթեւեկության մասին սեփական օրենք եւ կանոններ չի ունեցել, բավարարվել է Խորհրդային Միության օրենքով: Այժմ վերջապես ընդունվել եւ գործում է սեփական օրենքը, բայց երթեւեկության սեփական կանոնները դեռ մշակված չեն: Այս նոր օրենքի մասին էլ շատ քչերն են տեղյակ, որովհետեւ հասարակական քննարկումներ եւ ծանուցումներ չեն եղել: «Հասարակությանը տեղեկացնելու համար բավարար միջոցներ չենք ունեցել»,- ասում է ՊԱՏ Տեխնիկական վարչության Վերահսկողության բաժնի պետ Ալբերտ Սողոմոնյանը:

Մինչդեռ ցանկացած վարորդ գերազանց գիտի այս ոլորտի ստվերային օրենքները: Գրված օրենքից բացի, մեզանում գոյություն ունի նաեւ այս ոլորտը կարգավորող «չգրված օրենք», որը գիտի ցանկացած վարորդ:

Այն է՝ «Վարորդական իրավունք հանելն արժե 150-ից մինչեւ 500 դոլար, նայած թե ինչքան ժամանակում ես ուզում ստանալ,- ասում է 27 տարվա վարորդ Կարեն Սիմոնյանը: -Այդքանից պետական մուծումներն ընդամենը 50 դոլար է: Ավտոտեսուչին՝ կանգնացնելու համար գոնե 500 դրամ պիտի սուսուփուս տաս, սա օրենք է: Մի քիչ երկար «բազար» արեց, ջոկում ես, որ ուզածն ավելի շատ է: Խախտում ես արել, էլ ավելի շատ է: Տարավ տուգանային՝ քաշվար: Յուրաքանչյուր գայիշնիկի վրա օրական 10 ակտ գրելու պլան են դնում, եւ դա պիտի ապահովվի, որ բյուջեն լցվի: Բացի դրանից, օրական լեւի մուծումների պլան էլ կա, որ պետերի սեփական բյուջեն լցվի: Դա ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ: Գայիշնիկն՝ իր պետին, պետն էլ՝ իր պետին ու այսպես` մինչեւ ամենավերին պետը»: Իսկ այս նոր օրենքն ի՞նչ էական բան է ավելացնելու Խորհրդային Միությունից ժառանգածի վրա: «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները… ինչպես նաեւ` ճանապարհային երթեւեկության մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները»,- բացատրում է օրենքի առաջին հոդվածը: Մեր հարցին հենց այսպես պատասխանեց նաեւ պարոն Սողոմոնյանը: Կարգավորող նշանակություն ուներ նաեւ նախկին օրենքը, որն ուներ նաեւ, այսպես ասած, կոռուպցիոն սողանցքներ: Իսկ այս նորը նպաստելո՞ւ է արդյոք ոլորտում կոռուպցիայի նվազմանը: Այս հարցի պատասխանն է բոլորին ամենաշատը հետաքրքրում: «Պիտի որ նպաստի»,- պատասխանեց Ոստիկանության ներկայացուցիչը: «Այս օրենքն ավելի է խորացնում կոռուպցիոն ռիսկերը,- ասաց «Աքիլլես» հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: -Եթե դա չվերացվի, ապա ամեն ինչ իզուր է: Եթե ձեր մեքենան անօրինական կերպով բերվել է տուգանային հրապարակ, մեքենան կանգնեցվում է 5 օր անվճար, հետո՝ յուրաքանչյուր օրվա համար 500 դրամ է վճարվում: Այսօր էլ դեռ օրենքը չի գործում, բայց ասում են՝ գնա մուծվի: Այդ ամենի համար վերցնում են մոտ 50-100 դոլար»: «Դուք փաստեր գիտե՞ք, ասեք,- ասաց պարոն Սողոմոնյանը: -Վարորդը եթե համաձայն չէ տեսուչի արձանագրածի հետ, թող դատական կարգով վիճարկի: Ոչ մի չտվողից փող չեն վերցնում»: Իսկ դատարանում հիմք է եւ որոշիչ է Ոստիկանության եզրակացությունը: Այնպես որ, ցանկացած վարորդ գերադասում է ամեն անգամ 1000-2000, որոշ դեպքերում` նաեւ ավելի դրամ տալ տեսուչին, քան թե իր իրավունքները վիճարկել դատարանում, մեծամասամբ պարտվել եւ վիճակը բարդացնել:

Նոր օրենքը Ոստիկանության ծառայողին իրավունք է տալիս կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ դրա ներսում գտնվող անձինք հետախուզման մեջ են, կամ, եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում: Անորոշ է մնում, թե այդ «բավարար հիմքը» իրեղեն կամ հայտարարված ապացո՞ւյցն է, թե՞ ընդամենը ծառայողի կասկածը: Կարծում ենք, որ միայն կասկած ունենալու այս դրույթները բավարար հիմք են համակարգում կոռուպցիոն սողանցքներն ավելացնելու համար: