«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը երեկ` անդրադառնալով Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած ցանցային պատրաստվածության ցուցանիշին, որտեղ Հայաստանը գտնվում է 109-րդ տեղում, ասել է, թե Հայաստանի իրական տեղը 70-80-րդ մակարդակում է: Սակայն հարցմանը մասնակցող 100 հայ գործարարները, որպես կանոն, բացասական պատասխաններ են տալիս, ինչի հետեւանքով մեր երկրի ցուցանիշները անկում են ապրում: «Ադրբեջանն, օրինակ, այդ հարցում օբյեկտիվ չէ, քանի որ ոչ ոք չի համարձակվի քննադատել կառավարությանը, իսկ այստեղ այդպիսի խնդիր չկա»,- ասել է Հ. Մուսայելյանը: Ըստ նրա` ցանցային պատրաստվածության ինդեքսում հաշվի չեն առնվել մի շարք ձեռքբերումներ: Այդպիսիք են` 4G ցանցի գործարկումը Վիվա Սել-ՄՏՍ-ի կողմից, «Սինոփսիս Արմենիայում» բարդագույն տեխնոլոգիական նախագծումները եւ այլն: «Համընդհանուր նիհիլիզմ կա հասարակության մեջ, ինչն անդրադառնում է Հայաստանի միջազգային վարկանիշների վրա»,- հայտարարել է Հ. Մուսայելյանը: Նա երեկ հայ գործարարներին քննադատել է այն բանի համար, որ չեն ցանկանում օգտվել կառավարության քայլերից, որը էլեկտրոնային կառավարման ոլորտում մի շարք նորամուծություններ է կատարել: «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույցը շատ կարեւոր է, սակայն չի նշանակում, թե պետք է լինենք այնպիսի տեղում, որ ծաղրի առարկա դառնանք»,- ասել է Հ. Մուսայելյանը: