Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը երեկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանն այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային` նոր ծրագրի համար, քանի որ ընտրությունների եւ մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին: Դեսպանի խոսքով` միգուցե հետագայում հնարավոր լինի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի նոր ծրագիր իրականացնել Հայաստանում: «Եվ հիմա, երբ Հայաստանը մուտք է գործում ընտրական նոր շրջան` գալիք տարի խորհրդարանական ընտրություններ են, 2013 թվականին` նախագահական ընտրություններ, ապա հնարավորություն կա բարելավելու այս ցուցանիշները: Իհարկե, ընտրությունների անցկացումը կարեւոր ցուցանիշ է, բայց կարեւոր է նաեւ մամուլի ազատությունը, հավաքների ազատությունը եւ այլ հարցեր, որոնք լավ կառավարման հիմք են կազմում»: