Երեկ օրվա վերջին կաթվածահար էր եղել Ազգային ժողովի աշխատանքը: Խորհրդարանը չէր կարողանում քվորում ապահովել կառավարության հրավիրած արտահերթ նիստում քննարկված օրինագծերը քվեարկելու համար, եւ մի շարք օրինագծերի քվեարկությունները տապալվեցին: Երեկ «Ժառանգությունը» կրկին չէր մասնակցում ԱԺ նիստերին, ՀՅԴ-ն հայտարարեց, թե չի մասնակցելու քվեարկությանը, իսկ կոալիցիոն պատգամավորների մի մասը լքել էր խորհրդարանը: Քվորումն ամբողջությամբ չտապալելու համար ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց: Եվս 20 րոպե ընդմիջում խնդրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Այդ ընթացքում կոալիցիոն խմբակցությունները բերման ենթարկեցին մի շարք պատգամավորների, սակայն քվեարկությանը 66 պատգամավորի փոխարեն մասնակցում էին 56 պատգամավորներ: Կոալիցիոն մի շարք պատգամավորներ քվեարկեցին իրենց գործընկերների փոխարեն, որպեսզի ապահովեն քվորումը: «Ես նման բան չեմ տեսել, ես նստած եմ առաջին շարքում եւ իմ դիմացն եմ նայել: Այնտեղ նստած էին ԱԺ ղեկավարները, եւ երեքն էլ ներկա էին»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է պատգամավոր, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: