Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին կարող է սպառնալ մահապատիժ, եթե նրա դեմ մեղադրանքները հաստատվեն: Այս մասին երեկ հայտարարել է Կահիրեի վերաքննիչ դատարանի ղեկավար Զաքարիա Շալաշը: Նա նշել է, որ նախկին նախագահի համար նպաստավոր հանգամանքների դասավորման դեպքում նրան կսպառնա նվազագույնը երեք տարվա ազատազրկում` ֆինանսական խարդախությունների մեղադրանքով: Ըստ նրա` Մուբարաքի որոշ գործերի քննության համար կպահանջվի առնվազն մեկ տարի, ուստի նա խնդրել է ճնշում չգործադրել հետաքննության վրա: Զաքարիա Շալաշի խոսքով` միայն հիմնավորված եւ անկախ դատական որոշումը թույլ կտա վերադարձնել այն ֆինանսական միջոցները, որոնք, ինչպես ենթադրում է հետաքննությունը, երկրից դուրս են բերվել Մուբարաքի կառավարման տարիներին: