Պայքարելու է

16/04/2011

Երեկ Կարապետ Ռուբինյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է ՀԱԿ-ից դուրս գալու իր որոշման մասին: Հայտարարության մեջ ասված է. «Սույն հայտարարությունը հրապարակելու պահից դադարեցնում եմ իմ անդամությունը Հայ Ազգային կոնգրեսին: Քաղբանտարկյալների հանդեպ իմ բարոյական պարտավորվածությունը, որը մինչ այս հետ էր պահում ինձ այս քայլից, շարունակելու է խայթել խիղճս: Բայց, մյուս կողմից, շուրջս ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, մոլեռանդ շարքերի թշնամանքը, զրպարտելու, պիտակավորելու սկիզբ առած արշավը, այլեւս անհնարին ու իմաստազուրկ են դարձնում այդ վերջին կամրջի պահպանումը: Կոնգրեսից իմ դուրս գալու հանգամանքը ոչ մի կերպ չի նվազեցնում իմ անկեղծ հիացմունքը` հանուն ժողովրդավարական Հայաստանի Հանրապետության երկարամյա պայքարի իմ ընկերների վճռականության ու նվիրվածության հանդեպ: Եվ, ինչ խոսք, ասվածը առաջին հերթին վերաբերում է իրենց համոզմունքների համար բանտերում հայտնված մեր ընկերներին: Չի նվազեցնում նաեւ իմ վճռականությունը` նույնպիսի նվիրումով, որպես Հայաստանի շարքային քաղաքացի, շարունակելու այդ պայքարը: Հայաստանում ձեւավորված ներկայիս մարդատյաց, հակաազգային, հանցավոր ռեժիմը հանդուրժելը հանցագործություն է մեր երկրի ու սերունդների նկատմամբ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ անհատ, որը չի հաշտվում այս ռեժիմի հետ ու պայքարում է, իմ դաշնակիցն ու պայքարի ընկերն է: Ազատություն քաղբանտարկյալներին: Կորչի երկիրը կործանող քրեաօլիգարխիկ ռեժիմը»:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ի՞նչն է դրդել Ռուբինյանին նման հայտարարությամբ հանդես գալ, ասել է, թե տեղյակ չէ` ինչի մասին է խոսքը: Հարցին, թե ՀԱԿ-ի ներսում ինչպիսի՞ վերաբերմունք կա Ռուբինյանի նկատմամբ, Զուրաբյանը պատասխանել է. «Որեւէ քննարկման, որին ես մասնակցում եմ, իսկ ես մասնակցում եմ քաղխորհրդի, կենտրոնական շտաբի, բազմաթիվ այլ ձեւաչափերով քննարկումների, նրա անունը ընդհանրապես չի հնչել, եւ ես իսկապես զարմացած եմ, թե ինչի շուրջ է այս աղմուկը: Ես մի բան կարող եմ փաստել եւ վստահ եմ, որ մեր բոլոր 18 գործընկեր կուսակցությունները, որոնք կազմում են ՀԱԿ-ը, եւս կփաստեն դա, որ ՀԱԿ-ում տիրում է բացառիկ դեմոկրատական, առողջ մթնոլորտ, որում մենք քննարկում ենք բոլոր առաջարկները: Ինչքան էլ որ հակասություններ կամ տարաձայնություններ լինեն, ի վերջո, կոնսենսուսով լուծում ենք բոլոր հարցերը: Բավականին լուրջ բանավեճ է ծավալվում, շատ հաճախ` բավականին տաք բանավեճ, բայց ես դա շատ նորմալ եմ համարում»: