Երեկ բավականին հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել Ազգային ժողովում` ամբողջ օրվա քննարկումներից հետո քիչ էր մնում քվեարկությունները տապալվեին:
Բանն այն է, որ ՀՀ կառավարության առաջարկով եւ կազմած օրակարգով ԱԺ-ն երեկ արտահերթ նիստ էր հրավիրել քննարկելու մի քանի վարկային պայմանագրեր եւ օրինագծեր: Առավոտյան նիստը սկսելու համար քվորումն ապահովված էր, այսինքն` նիստը սկսելու համար անհրաժեշտ 66 պատգամավորները ներկա էին: Սակայն օրվա կեսին նրանց մի մասը լքել էր խորհրդարանը, եւ օրվա վերջում քննարկված նախագծերը քվեարկության դնելու համար այդքան պատգամավոր դահլիճում չկար: Ավելացնենք, որ «ժառանգություն» խմբակցությունն այս նիստին նույնպես չէր մասնակցում, իսկ «Դաշնակցություն» խմբակցությունն էլ քննարկումներին մասնակցելուց հետո որոշեց չմասնակցել քվեարկությանը: Ու երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը օրինագծերից մեկը դրեց քվեարկության, քվորում չլինելու պատճառով այն չընդունվեց. կոալիցիոն ուժերը չկարողացան քվորում ապահովել: Իրավիճակն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համար ստեղծված անհարմար իրավիճակը փրկելու համար «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անմիջապես 20 րոպե ընդմիջում վերցրեց: Այդ ընթացքում կոալիցիոն խմբակցություններն իրենց բացակա պատգամավորներից մի մասին բերման ենթարկեցին: Երկրորդ քվեարկության ժամանակ արդեն կոալիցիան իր ուժերով քվորում ապահովեց, բայց այս անգամ 20 րոպե ընդմիջում խնդրեց «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Երրորդ փորձից հետո կարծես թե քվեարկությունները պետք է սահուն ընթացքով առաջ գնային, բայց ընթացքում պարզվեց, որ դահլիճում կար ընդամենը 56 պատգամավոր: Եվ կոալիցիոն պատգամավորներն իրենց ավելի քան 10 գործընկերների փոխարեն քվեարկեցին, որպեսզի կարողանային քվորում ապահովել ու քննարկված օրնասգծերն ընդունել: Այլ պատգամավորի փոխարեն քվեարկեցին, օրինակ, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, ինչպես նաեւ` պատգամավորներ Էդուարդ Մադաթյանը, Արտյոմ Ղուկասյանը, Ռուբեն Սադոյանը եւ այլք: Եվ այս ամենը տեղի էր ունենում լրագրողների աչքի առաջ:
Պատգամավորներից շատերն, օրինակ, այս իրավիճակը չէին համարում միայն ԱԺ-ի անփույթ աշխատաոճի արդյունք: Ճիշտ է, հայրենի խորհրդարանում սովորաբար քննարկումներին 131 պատգամավորներից ընդամենը մեկ-երկու տասնյակ պատգամավոր է մասնակցում, սակայն քվեարկությունների ժամանակ մեծ մասը գալիս է, որպեսզի քվորումն ապահովի: Իսկ երեկ կատարվածը շատերը մեկնաբանում էին` որպես ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի լարված հարաբերությունների արդյունք: Գաղտնիք չէ, որ այս երկու պաշտոնյաները ներքուստ հաշտ չեն միմյանց հետ: Կարծիք կա, թե Հ.Աբրահամյանը ցանկանում է դառնալ վարչապետ: ԱԺ նախագահն ինքը լրագրողների հետ ունեցած վերջին հարցուպատասխանի ժամանակ հաստատել է, որ նման ցանկություն ունեցել է: Եվ ներկայումս այդ ցանկության, գուցե նաեւ` այլ պատճառների արդյունքում վարչապետի հետ նրա հարաբերություններն այնքան էլ խաղաղ չեն: Դա նկատելի է նաեւ օրենսդիր-գործադիր աշխատանքային հարաբերություններում: Օրինակ, քանի որ ԱԺ-ում օրակարգը կազմում է Հ.Աբրահամյանը, այսինքն` քննարկվող օրինագծերի հերթականությունը որոշում է ԱԺ նախագահը, ապա վերջինս ամեն ինչ անում է հնարավորինս հետաձգելու համար կառավարության ներկայացրած ու այդ մարմնի կողմից կարեւոր համարվող օրինագծերի քննարկումը: Ավելի թարմ օրինակ. այս քառօրյայի ժամանակ պարզ դարձավ, որ ԱԺ-ն դիմել է կառավարությանը` իր գործուղումներին հատկացվող ծախսերն ավելացնելու առաջարկով: ԱԺ-ում խոսակցություն կա, որ առաջին եռամսյակում ծախսվել է գործուղումներին հատկացվող գումարների մեծ մասը, եւ այն չի բավարարի մինչեւ տարեվերջ: Շատ պատգամավորներ տարեկան բազմաթիվ անգամներ արտասահմանյան երկրներում տարբեր այցեր են ունենում, երբեմն` Հայաստանի ու խորհրդարանական գործունեության համար ոչ այնքան կարեւոր: Այս տարի բազմաթիվ արտասահմանյան այցեր է ունեցել նաեւ Հ.Աբրահամյանը, որոնք եղել են բավականին պատկառելի կազմով: Սակայն գործուղումների ծախսերն ավելացնելու առաջարկի համար կառավարությունից պատասխան էր եկել, թե դրանք պետք է հիմնավորվեն համապատասխան փաստաթղթերով: Կառավարությունից ԱԺ-ին նաեւ հորդորել էին արդյունավետ օգտագործել հատկացվող միջոցները: Հ.Աբրահամյանը մեկնաբանելով կառավարության, նույնն է թե` Տ.Սարգսյանի պատասխանը, իր հերթին` ավելացրել էր, թե լավ կլիներ, որ կառավարությունը արդյունավետ ծախսեր իր միջոցները: Իսկ ինքը` Տ.Սարգսյանը, մի քանի օր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով իր հավանական հրաժարականի եւ վարչապետի պաշտոնում Հ.Աբրահամյանի նշանակման մասին խոսակցությունները, գրեթե հեգնանքով այսպես էր պատասխանել. «Ես դիմեցի Հովիկ Աբրահամյանին, նա հրաժարվեց»:
Այսինքն` Տ.Սարգսյանը դուրս գալով երկար ժամանակ հարվածներ ընդունողի կեցվածքից, որոշել է հակահարված տալ Հ.Աբրահամյանին: Եվ երեկվա` քվորում չապահովելու պատմությունը պատգամավորների շրջանում մեկնաբանվում էր նաեւ այս լարված հարաբերությունների ենթատեքստում: Բանն այն է, որ երեկ, եթե խորհրդարանը չկարողանար ապահովել քննարկվող նախագծերի քվեարկությունները, դա մեծ «մինուս» կլիներ Հ.Աբրահամյանի համար: Հատկապես, որ օրակարգում ընդգրկված միջազգային պայմանագրերը համարվում են նախագահի կողմից ուղարկված նախագծեր: Դժվար է ասել, թե Տ.Սարգսյանն ինչ մասնակցություն է ունեցել իր առաջարկած արտահերթ նիստը հնարավորինս վատ վերջաբանով ավարտելու հարցում, այնուամենայնիվ, խորհրդարան-գործադիր հարաբերություններում, հատկապես, երբ դա վերաբերում է կառավարության ներկայացրած օրինագծերին, լարվածությունը սրվում է: Հիշեցնենք` անցած տարեվերջին կառավարությունը կրկին արտահերթ նիստ էր հրավիրել, բայց դա տեւեց 8 օր: Գործադիրն ավելի քան 100 օրինագիծ էր ներկայացրել օրենսդիրի քննարկմանը: Արտահերթից առաջ խորհրդարանն ունեցել էր հերթական քառօրյան, իսկ Ամանորի նախաշեմին այդ ավելացած 8 օրերը հունից հանել էին ԱԺ նախագահին: Ստացվում էր, որ կառավարությունը տարեվերջին ԱԺ-ին պարտադրում էր գերծանրաբեռնված օրակարգով աշխատել: Հոգնել էին նաեւ պատգամավորները: Արդյունքում` «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները մի ողջ օր բոյկոտեցին նիստերը, կառավարությունը մի քանի հարց հանեց օրակարգից, ինչը ԱԺ-ում մեկնաբանվեց` որպես «արժանապատվության խնդիր»: Եվ ահա երեկվա միջադեպը քիչ էր մնում հարվածեր Հ.Աբրահամյանի արժանապատվությանը, որովհետեւ երկար ժամանակ նրան չէր հաջողվում քվորում ապահովել: Բայց ի վերջո դա հաջողվեց պահպանել կեղծված քվորում ապահովելու ճանապարհով: Եվ, ինչպես ՀՀԿ-ում են սիրում ասել, գնդակն այժմ Հովիկ Աբրահամյանի դաշտում է: Երեկ պատգամավորները կատակում էին, թե ՀՀԿ-ում կեղծվում է ցանկացած տիպի քվեարկություն: Իսկ ՀՀԿ-ի հնաբնակներից` պատգամավոր Գագիկ Մինասյանը երեկ հերքեց, որ ստեղծված միջադեպը կարող է լինել Հ.Աբրահամյանի եւ Տ.Սարգսյանի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների արդյունք: «Ճապոնական Ֆուկուսիմայի երկրաշարժի ու ցունամիի դեպքում էլ տարբեր մարդիկ տարբեր մեկնաբանություններ են տալիս»,- ասաց Գ.Մինասյանը: