Խնդիր չունեն

16/04/2011

Հայաստանի ոստիկանությունը տվյալ պահին խնդիրներ չունի ընդդիմության հետ: Երեկ նման հայտարարություն է արել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Ըստ նրա` Ոստիկանությունը նախկինում էլ «դաժան չի եղել ընդդիմության նկատմամբ», եւ իր ղեկավարած գերատեսչությունն իր գործողություններում ղեկավարվում է «բացառապես օրենքով»:

Անդրադառնալով ՀԱԿ վերջին հանրահավաքներին եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ բանակցություններին` Ազատության հրապարակում հանրահավաքը շարունակելու շուրջ, Ա. Սարգսյանն ասել է. «Ընդդիմությունն իրեն քաղաքակիրթ է պահել»: Ողջունելով «պայքարի այդ ուղին, նաեւ ընդդիմության գործողություններում հանրային կարգի խախտման եւ սահմանադրական կարգի խարխլման դրսեւորումներ չնկատելով»` Ա. Սարգսյանն ասել է, թե դրանք հաշվի առնելով` որոշում է կայացվել չխոչընդոտել Ազատության հրապարակում ցույցի անցկացումը: