Խաղն անվերջ չէ

16/04/2011

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության` Ստեփանակերտի օդանավակայանին վերաբերող հատվածը, վերաբերում էր Ադրբեջանին»,- երեկ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: «Ասվածը, իհարկե, ուղղված էր ադրբեջանական կողմին: Ադրբեջանական կողմը այնպիսի իրավիճակի մեջ է, որ անընդհատ հնչող սպառնալիքները սկսում են ծիծաղելի թվալ: Ադրբեջանի այսօրվա ղեկավարությունը պարտավոր է, այնուամենայնիվ, դրսեւորել իր երկրում որոշակի քայլեր այս բանակցությունների հետ կապված, քանի որ մեկ բան ստորագրվում է, մեկ բան բանակցությունների ժամանակ խոսվում է, եւ այլ բան կատարվում, երբ նա վերադառնում է իր երկիր»,- հավելել է Ա. Շահբազյանը` ավելացնելով, որ այդ խաղը չի կարող անվերջ տեւել: Ըստ նրա` մտահոգիչ է այն, որ, ի վերջո, երբ «անհեթեթ ու անուժ են դառնում սպառնալիքները, հնարավոր է` ադրբեջանական ղեկավարությունը նաեւ ուղղակիորեն պարտավորված լինի ավելի մեծ սպառնալիքների գնալ, նույնիսկ` պատերազմական գործողությունների, որպեսզի կարողանա արդարացնել իրեն եւ դուրս գալ այն իրավիճակից, որում ինքն իրեն դրել է»: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ Ստեփանակերտի օդանավակայանի մասին ասվում է. «Համանախագահները նախազգուշացրել են, որ դեպի այդ օդանավակայան եւ օդանավակայանից թռիչքները չեն կարող փաստարկվել որպես միջազգային իրավունքով Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակի փոփոխությանն ուղղված պահանջ: Համանախագահները հորդորել են կողմերին փոխըմբռնման հասնել` հետեւելով միջազգային համաձայնագրերին եւ կոնվենցիաներին, ինչպես նաեւ` Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքների վրայով թռիչքների իրականացման ներկա վիճակին»: