«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Շեւքեթ Շայդուլինը երկու օր առաջ ուրախացրեց մեր այն հայրենակիցներին, ովքեր պատրաստվում են ամառային հանգիստն անցկացնել վրացական լողափերում։
Նախ՝ այս տարի հնարավոր կլինի գնացքով մեկնել Վրաստան մեկ ամիս ավելի շուտ՝ հունիսի 15-ից սկսած։ Երկրորդ ուրախալի լուրն այն է, որ ուղեւորափոխադրումները կկատարվեն ամենօրյա ռեժիմով եւ ֆիրմային գնացքով։ «Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Երեւան-Բաթում ուղեւորափոխադրումը կրճատել ենք եւս մեկ ժամով, եւ, եթե անցյալ տարի ճանապարհաժամանակը կազմում էր 18 ժամ, ապա այն, հետեւաբար, այս տարի կկազմի 17 ժամ»,- նշել է Շայդուլինը: Բացի վերոհիշյալ գնացքից՝ շաբաթը երկու անգամ` երեքշաբթի եւ ուրբաթ օրերին, Երեւանից կմեկնի նաեւ սովորական ուղեւորափոխադրող գնացք եւս, որի ճանապարհաժամանակը կլինի 19 ժամ, սակայն տոմսերը հնարավոր կլինի գնել 10 տոկոս էժան արժեքով: Տարիֆները չեն փոխվել. մինչեւ 5 տարեկան երեխաների համար ուղեւորությունն անվճար է, իսկ 5-15 տարեկանների համար գործում է 40% զեղչ։ Սակայն, Շայդուլինի խոսքերով, արդիականացվել է տոմսեր ձեռք բերելու համակարգը, եւ նախկին հերթերի փոխարեն` այժմ տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 2 րոպեում։ Մի խոսքով՝ Վրաստան մեկնել ցանկացողներն ահագին ուրախանալու բան ունեն։ Սակայն ոչ պակաս ուրախանալու առիթ ունեն հենց իրենք՝ վրացիները, քանի որ երկաթուղին նպաստում է իրենց զբոսաշրջության աճին։ «Պաշտոնական տվյալներով, անցյալ տարի Վրաստանի հանգստավայրեր մեկնել է 80 հազար քաղաքացի, որոնցից շուրջ 40 հազարը` մեր միջոցով: Մեր առջեւ կա լուրջ նպատակ` այս տարի 70 հազար քաղաքացի տեղափոխել Բաթում, ինչին ուղղված մի շարք միջոցառումներ ենք իրականացնում»,- ասել է Շայդուլինը։
80 հազար զբոսաշրջիկը քիչ չէ, սակայն վրացական աղբյուրներն այլ թվեր են նշում։ Վրացական կայքերից մեկը, հղում անելով այդ երկրի Կայուն տնտեսական զարգացման նախարարության տվյալներին, նշել էր, որ 2010 թվականի ընթացքում Վրաստան են այցելել 479 հազար հայաստանցի զբոսաշրջիկներ։ Այս թիվը մի առիթով հնչեցրել էր նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։
Պաշտոնական վիճակագրության տվյալների հետ համադրելիս` այս թիվը մի քիչ անհավանական է թվում. ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` նախորդ տարվա ընթացքում Հայաստանից զբոսաշրջության նպատակներով մեկնել է 640 հազար մարդ։ Ստացվում է՝ մեր ամեն 7 զբոսաշրջիկից 5-ը նախընտրել է հանգստանալ հարեւան Վրաստանում։
Եթե անգամ այս 479 հազարը կրկնակի ուռճացված է, միեւնույն է՝ դա փոքր ցուցանիշ չէ։ Իհարկե, ոչ մի վատ բան չկա, երբ մեր քաղաքացիները միջոցներ են գտնում դրսում հանգստանալու համար, եւ ընտրում են Վրաստանը։ Տխրելու առիթ տալիս է միայն համեմատականը՝ իսկ մե՞զ մոտ որքան զբոսաշրջիկ է գալիս։ Նույն ԱՎԾ-ի տվյալներով, նախորդ տարվա ընթացքում զբոսաշրջության նպատակով Հայաստան է այցելել 684 հազար հոգի։ Իսկ հիմա համեմատենք Վրաստանի հետ. նախորդ տարի այս երկիրն ունեցել է 1 միլիոն 863 հազար զբոսաշրջիկ, որի 78%-ը բաժին է ընկել Հայաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին։ Անգամ ոչ բարեկամական երկիր համարվող Ռուսաստանից Վրաստան են այցելել 158 հազար զբոսաշրջիկներ, իսկ միայն Աջարիայում զբոսաշրջիկների թիվը նախորդ տարի գերազանցել է 900 հազարը։
Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ տվյալ երկրում ծախսում է միջինը 1000 դոլար, ապա կարելի է ասել, որ Վրաստանի տնտեսությունն ամեն տարի «ներարկվում է» 1.8 միլիարդ դոլար։ Միայն հայ զբոսաշրջիկների այցելություններից այս երկիրը տասնյակ միլիոնավոր դոլարներ է շահում։ Ընդ որում, վրացիները մտադիր չեն կանգնել եւ, օրինակ, Քոբուլեթիում 12 նոր հյուրանոց են կառուցում։ Հիմա այս թվերը համեմատեք Հայաստանի հետ, որն ունի բազմամիլիոնանոց Սփյուռք, հազար ու մի ծրագիր, հայեցակարգ եւ հավակնում է դառնալ զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն։ «Մեծ նպատակներ կան, որ Հայաստանը դառնա տարածաշրջանային Զբոսաշրջության կենտրոն: Այս ուղղությամբ մի շարք աշխատանքներ տարվել են, եւ դրանք դեռեւս շարունակվում են»,- ամիսներ առաջ ասել էր Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Սակայն զբոսաշրջության ոլորտում մենք ակնհայտորեն զիջում ենք ոչ միայն Վրաստանին, այլեւ Ադրբեջանին։
Համաշխարհային տնտեսական ֆորումն ամեն տարի հրապարակում է աշխարհի երկրների մրցունակության վարկանիշը զբոսաշրջության ոլորտում։ 2011 թվականի վարկանիշում Հայաստանը 140 երկրների շարքում զբաղեցրել է 90-րդ հորիզոնականը, այն դեպքում, երբ Ադրբեջանը 83-րդ տեղում է, Վրաստանը՝ 73-րդ։
Շատերին թվում է, որ պատճառը միայն գների տարբերությունն է եւ շրջափակումը (ուղեւորափոխադրման դժվարությունները)։ Սակայն ՀՏՖ-ի վարկանիշում երեւում է, որ գների առումով մենք անմրցունակ չենք, կան կետեր, որոնց առումով անելիքներն ավելի շատ են։ Օրինակ՝ շրջակա միջավայրի պահպանության, օրենսդրության եւ դրա կիրառման առումով 126-րդ տեղում ենք, «Ոստիկանության ծառայությունների վստահելիություն» ցուցանիշով՝ 112-րդ, հյուրանոցների քանակի առումով՝ 109-րդ, կապի, մասնավորապես, ինտերնետ հասանելիության առումով՝ 112-րդ, եւ այսպես շարունակ։
Դրա համար էլ, չնայած գեղեցիկ ելույթներին, մեր զբոսաշրջությունն այնքան ցածր մակարդակի վրա է, որ տարվա մեջ մեկ անգամ 20 հազար իրանցիների այցելությունն իսկական իրադարձություն է համարվում։
Ինչ վերաբերում է Վրաստանին՝ ապա, ինչպես նշեցինք, մեր հարեւաններն ամենեւին էլ մտադիր չեն բավարարվել ձեռք բերածով եւ, մասնավորապես, ակնկալում են ընթացիկ տարվա ընթացքում ունենալ 3 անգամ ավելի շատ հայ զբոսաշրջիկներ, քան նախորդ տարի։ Եթե համարենք, որ վերը նշված ցուցանիշը՝ 479 հազարը, ճիշտ է, ապա վրացական նպատակի իրագործման դեպքում կստացվի, որ Հայաստանի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին մեկնելու է Վրաստանում հանգստանալու։ Կրկնենք՝ միայն հանգստանալու, քանի որ մեքենա բերելն այլեւս անիմաստ է. «ռաստամոժկա» անելու համար պահանջվող գումարով կարելի է ընտանիքով մի քանի շաբաթ հանգստանալ Սեւ ծովի ափին։