Մեր տեղեկություններով՝ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Գոհար Բարսեղյանը, ով շաբաթներ առաջ մետաղալարով ծեծել էր 8-րդ «Ա» դասարանի աշակերտ Արման Կոստանյանին, գտնվում էր հիվանդանոցում, որտեղից օրեր առաջ դուրս է գրվել: Ուսուցչուհին այժմ բուժումը ստանում է տնային պայմաններում: Ըստ Էջմիածնի բնակիչների՝ 21-ամյա ուսուցչուհին նախորդ տարի էր ավարտել Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը եւ անմիջապես ստացել էր ավագ դպրոցում դասավանդելու առաջարկ: Հետաքրքիրն այն է, որ երիտասարդ աղջիկը, ով բավական բարի համբավ ունի քաղաքում, այլեւս չի ուզում իր աշխատանքին վերադառնալ՝ դպրոցի տնօրինուհի Սուսաննա Նազարյանի կողմից ստեղծված անառողջ մթնոլորտի պատճառով: Հիշեցնենք, որ խոսքը աշակերտին սեռական բնույթի հայհոյանքներ հասցրած տնօրինուհու մասին է, ում դեմ հարուցվել է քրեական գործ, եւ ում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից 2 անգամ խիստ նկատողություն է տրվել: