Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գիերմո Տոլոսան երեկ հայտարարել է, թե ԱՄՀ կանխատեսումներով` այս տարեվերջին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմելու է 4.6 %:
Թեեւ այդ ցուցանիշն, ըստ նրա` շատ ավելի ցածր է, քան նախաճգնաժամայինը, սակայն կարելի է դրական գնահատել, քանի որ տնտեսության վերականգնման միտումները շարունակվում են: Տոլոսան նաեւ նշել է, որ թեեւ տնտեսությունում ներդրումները կշարունակվեն, սակայն, հաշվի առնելով որոշ խոչընդոտներ, ներդրումների կտրուկ աճ չի ակնկալվում: Գիերմո Տոլոսայի խոսքով` թեեւ Հայաստանում հարկային բարեփոխումներ են իրականացվում, սակայն հարկային դաշտը դեռեւս բավարար չափով բարենպաստ չէ տնտեսվարողների համար։ «Ձեռնարկվում են որոշակի դրական քայլեր այդ ուղղությամբ, սակայն բարենպաստ հարկային դաշտ ստեղծելու համար ավելի շատ միջոցառումներ պետք է իրականացվեն»,- ասել է նա` հավելելով, թե ՀՀ կառավարությունը պետք է հարկային հավաքագրումներն ավելացնի, որպեսզի բյուջեն համալրվի անհրաժեշտ միջոցներով, ինչի շնորհիվ էլ հնարավոր կլինի աջակցել մասնավոր ոլորտին: «Հարկահավաքման մակարդակը Հայաստանում շատ ցածր է: Դժբախտաբար, այս բացթողնման առումով մենք որեւէ ճիշտ քայլ չենք տեսնում, սրանից երեւում է, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում չի փոքրացել»,- ասել է ԱՄՀ ղեկավարը` ընդգծելով, թե իրենք տեսնում են` Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ դա շատ լուրջ խնդիր է: Գիերմո Տոլոսայի խոսքով` Հայաստանի կառավարությունը պետք է գործարարության միջավայրի բարելավման աշխատանքներ իրականացնի, քանի որ Հայաստանը տարածաշրջանի երկրներից այդ առումով հետ է մնում: Անդրադառնալով Հայաստանի արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությանը` նա նշել է, որ այդ պարտքի հիմնական մասը Հայաստանին տրվել է արտոնյալ պայմաններով. «Դրական զարգացումն այն է, որ 2010թ. 2009-ի համեմատ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը անգամ նվազել է: Ակնկալվում է, որ մոտակա 1-2 տարիներին այդ ցուցանիշը կարող է ավելանալ, բայց մոտ ժամանակներս այդ ցուցանիշը կկայունանա»: Նրա խոսքով` Հայաստանի տնտեսությունը շարունակում է վերականգնվել ճգնաժամից: Ակնկալվում է, որ ԱՄՀ գործադիր խորհուրդը համապատասխան ստուգում իրականացնելուց հետո Հայաստանին կտրամադրի եւս 56 մլն ԱՄՆ դոլար: ԱՄՀ օժանդակության ծրագրերի շրջանակում ընդհանուր ֆինանսական պարտավորությունը կազմում է 410 մլն դոլար, որից նախորդ տարվա դեկտեմբերին արդեն հատկացվել է 55 մլն-ը:
Ի դեպ, Գիերմո Տոլոսան նաեւ հայտարարել է, թե ԱՄՀ կանխատեսումներով` Հայաստանում պարենամթերքի էժանացում է սպասվում: «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում գնաճը բավականին արագ տեմպերով նվազում է»,- ասել է նա` հավելելով, թե գնաճի ցուցանիշի նվազումը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից առաջինը միջազգային շուկայում պարենի եւ վառելիքի գների նվազումն է: ԱՄՀ-ն առաջիկայում էլ համաշխարհային շուկայում միայն գների տատանում է կանխատեսում, սակայն կտրուկ աճ չի ակնկալում: Համաշխարհային շուկայի այս իրավիճակը, ըստ Տոլոսայի, կայունացրել է գները հայաստանյան շուկայում: Երկրորդ գործոնը, ըստ նրա, գյուղատնտեսության համար բարենպաստ եղանակային պայմաններն են: Ըստ նրա` ԱՄՀ-ն այս տարի Հայաստանում գյուղմթերքի ծավալների աճ, հետեւաբար` նաեւ պարենի գների նվազում է կանխատեսում: Երրորդ գործոնն էլ` Գիերմո Տոլոսայի փոխանցմամբ` կառավարության համարժեք արձագանքն է ստեղծված իրավիճակին: Դրանք են` բյուջեի պակասուրդի կրճատմանը վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացմանն ուղղված քայլերը: