Ապահանրայնացում

16/04/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մեր օրերում սարսափազդու նշանակություն է ձեռք բերել «հանրային տարածք» արտահայտությունը:

Եվ պետական այրերը, եւ գործարարները Հայաստանի Հանրապետության սահմաններում գտնվող ու տարբեր կիրառական նշանակություն ունեցող ցանկացած հողատարածք (շինարարական օբյեկտները, պուրակները, անգամ` մայթերն ու մայթեզրերը) հակված են միայն երկու ձեւով ընկալել` կամ պետական, կամ սեփական: Եթե այն պետական է, ուրեմն իրականում ոչ մեկինն է, իսկ եթե մասնավոր է, ուրեմն` ինչ ուզեն, կանեն դրա հետ: Այս երկու տարբերակումների արանքում «հանրային» բառը ոչ միայն ստորադասվում է, այլեւ` պարզապես անհետանում է գործածությունից։ Մեզ ընտելացրել են այն մտքի հետ, որ մասնավորը հանրայինի հականիշն է, եւ ցանկացած տարածք, որը ենթարկվում է սեփականաշնորհման, միանգամից ծառայեցվում է միայն մեկ անձի՝ սեփականատիրոջ շահերին։ Այս հոգեբանությամբ ուղղորդվելով, մենք իսպառ մոռացել ենք, որ հանրային տարածքները կարող են լինել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, սակայն երկու դեպքում էլ ունենալ հանրային նշանակություն։ Այսինքն՝ մնալ հանրային օգտագործման վայրեր՝ թատրոններ, կինոթատրոններ, զբոսայգիներ, պուրակներ, թանգարաններ՝ առանց արագ ստացվող շահույթի ակնկալիքի, եւ հետեւաբար՝ առանց յուրաքանչյուր քառակուսի մետրը վերածելու սերվիսային տարածքի։

Հանրային տարածքները քաղաքի (հատկապես ուրբանիզացված մեգապոլիսների) համար «օդ» ապահովող վայրեր են, որոնք քաղաքն ու քաղաքացիներին դնում են ոչ թե բախման, հակամարտության մեջ, այլ փորձում են հաշտեցնել։ Եվ պատահական չէ, որ պոստինդուստրիալ ճարտարապետությունը հիմնվում է հենց նման «օդանցք» հանդիսացող վայրերի լայնացման եւ շատացման գաղափարի վրա։ Բավական է նայել համաշխարհային համբավ ստացած ճարտարապետական նախագծերին` ընդունելու համար, որ քաղաքային իշխանությունները փորձում են հանրային տարածքները սերտաճեցնել կոմերցիոն շինություններին` թույլ տալով, որ մեկը մյուսից բխի ու մեկը մյուսի շարունակությունը դառնա։ Այլապես բնակչի համար ստեղծվում է ագրեսիվ միջավայր, որն էլ մեղմելու համար կոմերցիոն շինարարություն իրականացնող անձանց առջեւ հանրային տարածք ձեւավորելու պարտադրանք է դրվում։ Մեզ մոտ իրավիճակն, իհարկե, այլ է։ Հյուսիսային պողոտան, օրինակ, դրա վառ ապացույցն է։ Այնտեղ հանրային նշանակության որեւէ վայր չկա։ Եթե հնարավորություն լիներ, ապա կառուցապատողներն անգամ ճեմուղին բնակելի ֆոնդի կվերածեին։ Սակայն մի կողմ դնենք այդ բազմաչարչար պողոտան, այն իր չբնակեցված տարածքով ուրույն էքզիստենցիալ մի կղզի է մեր քաղաքում։ Եվ կարող է, թերեւս, որպես դեկորացիա ծառայել ապագա հայկական կինոյի համար, եթե, իհարկե, մենք որոշենք հատկապես գիտաֆանտաստիկ եւ սարսափ կինոժանրերը զարգացնել։

Մեր օրերում ավելի ցայտուն քայքայիչ նշանակություն է ձեռք բերել արդեն իսկ հանրային նպատակներ ունեցող եւ մարդկային հուշերով լեցուն տարածքների «ապահանրայնացումը»։ Այստեղ հարկ է հիշատակել եզակի եւ, ինչպես ասում են, աննախադեպ մի փաստ։ Միակ դեպքը, երբ սեփականատերը լրիվ հրաժարվել է կոմերցիայից եւ զուտ հանրային վայր է կառուցել, դա Սիրահարների այգին է, որը այգի էր եւ այգի էլ մնաց՝ չվերածվելով սրճարանա-ռեստորանային ու էժանագին զվարճանքի ֆորմա ունեցող համալիրի։ Այգու սեփականատերը՝ Պողոսյան ընտանիքը, այդ տարածքին մոտեցավ հենց հանրային շահերի տեսանկյունից։ Իհարկե, դա անհատական մշակութային վարքագծի դրսեւորում է, սակայն հենց այս նույն վարքագիծը պետք է բնորոշ լինի նաեւ պետական ատյաններին, որոնք մասնավորեցման պրոցեսը սկսելով, պետք է երաշխավորեն հանրային տարածքի հանրային ֆունկցիան։ Սակայն «Մեզանից հետո` թեկուզ ջրհեղեղ» ասացվածքը միակ գործողն է հատկապես կանաչ տարածքների պարագայում։ Այգիների վերացմանը մենք ակամայից ընտելացել ենք, եւ հիմա հերթը կինոթատրոններին է։ Մասնավորապես՝ «Նաիրի» կինոթատրոնը, որի ճակատագիրն անհայտ է։ Անհայտ են նաեւ՝ նրա հետագա ֆունկցիաները, քանի որ ոչ մի պաշտոնական մեկնաբանություն մինչ այսօր չի հնչել։ Լուրեր էին տարածվում, որ կինոթատրոնը գնել է «Տաշիր» ընկերությունը, սակայն հենց «Տաշիրը» հերքեց այդ լուրերը։ Եվ հարց է առաջանում՝ ո՞վ է սեփականատերը, եւ ի՞նչ պիտի լինի «Նաիրիի» շենքում։ Այն, որ շենքում ակտիվ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, փաստ է։ Իրականում մեզ՝ որպես հասարակություն, պետք է լրիվ միեւնույն լինի, թե ո՞վ է լինելու այդ գեղեցիկ կինոթատրոնի նոր սեփականատերը, կարեւորն այն է, որ հանրային նշանակություն ունեցող այդ տարածքը շարունակի հանրային լինել, այլ ոչ թե վերածվի սննդի կամ հագուստի վաճառքի վայրի։ Առեւտուրը, վերջիվերջո, իրականացվում է հատուկ դրա համար հատկացված վայրերում։

Երբ տարիներ առաջ մասնավորեցվեց «Մոսկվա» կինոթատրոնը, այն իսկույնեւեթ չդարձավ հեշտ եկամուտ բերող սերվիս-ձեռնարկ: Ինչպես, օրինակ, «Կոմիտաս» կինոթատրոնը։ «Մոսկվան» շարունակեց կինոդիտումներ իրականացնել՝ խոսուն կռվան հանդիսանալով այն թեզի օգտին, որ հանրայինն ու մասնավորը կարող են եւ չհակասել իրար։

Իսկ վերջերս Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց, որ հիմնավոր վերափոխվելու է «Հաղթանակ» զբոսայգին, քանի որ այգու բարելավման գործին լծվել են մասնավոր ներդրողները։ Նշվում է, որ «Տաշիր» ընկերությունը պատրաստ է 60-70 մլն դոլար ներդրում անել ու «Հաղթանակը» դարձնել Դիսնեյլենդ։ Հանրությանը չի ներկայացվում այդ գաղափարի նախագիծը (ասենք՝ թեկուզ ճարտարապետական) ու չի երաշխավորվում, որ այդ նոր ամբիցիոզ ծրագիրը չի դառնալու ցանկապատված ու զուտ կոմերցիոն մի վայր։ Հանրային այգիներն ազատ ելումուտի, անշտապ խոհի ու վերջիվերջո՝ էկո-շփման (մաքուր օդի, կանաչ ծառի, ծաղկի հետ) պակասը լրացնող վայրեր են, որոնք քաղաքի սահմանում լինելով՝ միեւնույն ժամանակ, քեզ ընկղմում են բնության մեջ։ Եվ «Հաղթանակ» զբոսայգին, իր բոլոր թերություններով հանդերձ (հատկապես անտանելի է այդտեղ հնչող «ռաբիս» երաժշտությունն ու անսարք կարուսելները), նման վայր էր։ Կարելի էր գոնե գնալ հեծանիվ քշելու ու դրա համար գումար չնախատեսել։ Եվ եթե մենք այսուհետ (թեկուզ՝ անխնամ, բայց վերջնականապես իր հանրային ֆունկցիան չկորցրած) այս վայրերը շարունակենք կորցնել, մոտ ապագայում կհայտնվենք լրիվ քարե ջունգլիներում, որտեղ ագրեսիան անցնում է բոլոր մարդկային սահմանները, իսկ սեփական քաղաքում ստորացված բնակիչներն էլ՝ հանգիստ սրտով լքում են հայրենիքը, քանի որ զրկվում են ոչ միայն աշխատելու, այլեւ՝ հանգստանալու հնարավորությունից։

Վերադառնալով «Նաիրի» կինոթատրոնին, հարկ ենք համարում հիշեցնել, որ քանի դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել, ապա մենք ընկալում ենք նոր սեփականատերերին` որպես երկարաժամկետ ներդրում անող, հեռատես ու հանրային շահերը չստորադասող անձանց։ Եվ եթե նրանք ուզում են Հայաստանի ապագան փոքր-ինչ ավելի կայուն տեսնել (ու երրորդ երկրների շարքից դուրս գալու թեկուզ փոքր քայլ անել), «Նաիրին» կթողնեն կինոթատրոն՝ զինելով այն կինոթատրոնային սարքերով, ու կդարձնեն մուլտիպլեքսային համալիր։ Որտեղ, ի դեպ, մենք կգնանք ոչ միայն ֆիլմ դիտելու, այլեւ՝ պիցցա ուտելու նպատակով։