Արաբական աշխարհում սկսված հակակառավարական շարժումների ալիքը մարտի կեսերից տարածվեց նաեւ Սիրիայում: Ցուցարարների եւ իշխանությունների միջեւ բախումների հետեւանքով զոհվել է հարյուրից ավելի մարդ: Արաբական երկրներում, մասնավորապես` Սիրիայում, տեղի ունեցող իրադարձությունները հայերիս հետաքրքիր են նաեւ այն հիմնավորմամբ, որ Մերձավոր Արեւելքում ունենք հայկական մեծ գաղթօջախներ: Կոնկրետ Սիրիայում բնակվում է շուրջ 80.000 հայ:
Իմ զրուցակիցներն են արաբագետներ Արաքս Փաշայանը եւ Գրիգոր Վարդանյանը:
– Դժվար էր ենթադրել, որ հեղափոխական ալիքը, որը տարածվել է արաբական երկրներում, նույն սցենարով տեղի կունենա նաեւ Սիրիայում. նախագահ Բաշար ալ-Ասադը, ճիշտ է, պաշտոնը ստացել էր հորից` Հաֆեզ Ասադից, սակայն նա երիտասարդ է, բարեփոխումների լուրջ փաթեթ է առաջարկել եւ, ի վերջո, նրան դժվար է համեմատել Լիբիայի, Եգիպտոսի կամ Եմենի նախագահների հետ, ովքեր ամբողջ հավերժություն է` նախագահի աթոռին են:
Ա.Փ.– Սիրիայում տասնամյակներ ի վեր կուտակվել են բազմաթիվ համակարգային խնդիրներ: Բացի սոցիալական եւ քաղաքական հիմնահարցերից` Սիրիայում ներկայումս ձեւավորվել են լարվածության այլ` ավելի վտանգավոր օջախներ: Խնդիրն այն է, որ երկրի մեծամասնություն կազմող սուննիները մի քանի տասնամյակ է, ինչ ստիպված են «հանդուրժել» ալավիների` շիական փոքրամասնության գերիշխանությունը: Այնպես որ, Սիրիայում հակակառավարական շարժումները կարելի է դիտարկել` նաեւ որպես սուննիական գործոնի ակտիվացման դրսեւորում: Սիրիայում հասարակության առանձին շերտեր, հիմնականում` սուննիական, զգալիորեն կրոնականացված են, ինչը, ըստ էության, իր մեջ ունի քաղաքական ակտիվության լուրջ հենք: Պատահական չէ, որ Հաֆեզ Ալ-Ասադն այդքան հետեւողական պայքար ծավալեց կրոնա-քաղաքական ընդդիմության դեմ` ձախողելով Սիրիան իսլամական պետության վերածելու իսլամիստների ծրագրերը: Վերջին ամենամեծ ցնցումը Սիրիան ապրել է հենց 1982թ. Համմայի հայտնի դեպքերի ժամանակ, երբ իշխանությունները գրեթե հողին հավասարեցրին «Մուսուլման եղբայրների» հենակետ դարձած Համմա քաղաքը:
Գ.Վ.– Սիրիայի առումով նման զարգացումները կանխատեսելի էին, քանի որ պետք է ելակետ ընդունել ոչ թե Բաշար ալ-Ասադի իշխանության տարիները կամ տարիքը, այլ վարչախմբի իշխանության տարիները` շուրջ 48 տարի. ԲԱԱՍ կուսակցությունն իշխանության է եկել 63 թ.-ի մարտի 8-ի հեղաշրջման արդյունքում: Հասարակությունը շուրջ կես դար զարգանում է մի ուղով, որը 21-րդ դարում ցույց տվեց իր մաշվածությունը: Իշխանությունը` որպես գործիք, հնամաշ է այլեւս: Եվ սիրիական հասարակությունը փորձում է այդ գործիքը դեն նետել: Խնդիրն այն է, թե ինչով են այն փոխարինելու:
– Սակայն նախագահը խոստացել էր բարեփոխումներ իրականացնել` ստեղծել բազմակուսակցական համակարգ, ընդունել ԶԼՄ-ների մասին նոր օրենք, դատաիրավական համակարգում բարեփոխումներ անել եւ այլն: Եվ տակավին երեկ նա հաստատեց նոր կառավարության կազմը, բանտերից ազատեց հարյուրավոր ձերբակալված ցուցարարների:
Գ.Վ.– Բաշար ալ-Ասադը, մարտի 15-ից սկսած, երբ հակակառավարական ցույցերը սկսեցին տարածվել երկրով մեկ, արձագանքեց բողոքավորների պահանջներին ու կոսմետիկ փոփոխություններ արեց: Մասնավորապես` Հասաքեի նահանգում քրդերին քաղաքացիություն շնորհվեց (62թ.-ից այս կողմ քրդերն ունեին օտարերկրացիների կարգավիճակ), հանվեց ջրի հարկը` այդպիսով փորձելով թուլացնել քրդական հնարավոր պոռթկումները, 30 տոկոսով բարձրացվեց պետական ծառայողների աշխատավարձը: Բայց վերջին իրադարձությունները փաստում են, որ այնտեղ լուրջ իրադարձությունները դեռ առջեւում են:
– Սիրիայի իշխանությունները նախազգուշացնում են, որ այս իրադարձությունները արտաքին ուժերի դավադրություն են: ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն էլ կոչ արեց Սիրիայի բանակին` հետեւել Եգիպտոսի բանակի օրինակին եւ դուրս չգալ ժողովրդի դեմ: Սակայն, ինչպես տեսնում ենք, զոհերի թիվն անցել է հարյուրից:
Գ.Վ.– Բանակի խնդիրն այլ է: Բանակը, հատուկ ծառայություններն իշխող էլիտան, սերում են ալավիական համայնքից, որտեղից սերում է նաեւ Բաշար ալ-Ասադը: Այս դեպքում խոսում է նաեւ համայնքային շահը: Բանակը հիմնականում գտնվում է ալավիական համայնքի ձեռքում: Պաշտպանության նախարար Ալի Հաբիբն էլ ժամանակին` Հաֆեզի, այժմ` Բաշարի մերձավոր բարեկամներից է:
– Սիրիայում ունենք հայկական մեծ համայնք` մոտ 80.000-անոց: Մեր հայրենակիցները միաձայն պաշտպանում են գործող վարչակարգը, այսինքն` Բաշար ալ-Ասադին: Որքանո՞վ է նրանց այդ քայլը հիմնավոր:
Ա.Փ.– Միջին Արեւելքում հայ համայնքները, շատ դեպքերում, պահպանում են դրական չեզոքություն, ինչպես դա եղավ, օրինակ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին (1975-1989): Սակայն Սիրիայի ազգությամբ հայ քաղաքացիները ներկա պահին այլընտրանք կարծես թե չունեն: Հայերը, ինչպես նաեւ Սիրիայում ապրող քրիստոնյաները, լայն ազատություններից են օգտվում: Իշխանությունները հայերի նկատմամբ խիստ բարյացակամ են տրամադրված: Ինչ-որ իմաստով, Բաշար Ալ-Ասադի վարչակարգը կարելի է համարել հայ համայնքի ապահովության եւ ազգային գոյության երաշխիք: Սիրիահայերը նույնիսկ Սիրիայի սահմաններից դուրս միտինգներ կազմակերպեցին` ի պաշտպանություն Բաշարի: Սիրիան, ընդհանրապես, էթնիկ եւ դավանական հանդուրժողականության երկիր է, եւ շատ ցավալի կլինի, եթե այդ հավասարակշռությունը երբեւէ խախտվի: Ամեն պարագայում, Սիրիայում վարչակարգի փոփոխությունը ձեռնտու չէ հայերին, առավել եւս, եթե այդ երկրում իշխանության գան կրոնա-քաղաքական ուժեր:
Գ.Վ.– Համայնքը Սիրիայի առաջին համայնքներից է, որը հանդես եկավ իշխանությանն աջակցելու ելույթներով: Հալեպում, Դամասկոսում տեղի ունեցան երթեր, եւ ակնհայտ է, որ մեր համայնքն աջակցում է Սիրիայի իշխանություններին: Որքանո՞վ է դա ճիշտ: Եթե Սիրիայում իշխանությունը փոխվի եւ իշխանության գան իսլամիստները, այդ դեպքում համայնքի տնտեսական, քաղաքական դիրքերը շատ կթուլանան: Դրական չեզոքության քաղաքականությունը, երբ Լիբանանի հայկական համայնքը կիրառում էր քաղաքացիական պատերազմի տարիներին, կարծում եմ, օրինակելի էր:
– Հեղափոխական ալիքը` տարածված արաբական աշխարհում, թերեւս, լուրջ խմբագրումների կենթարկի հայկական սփյուռքը. արտագաղթը կավելանա, գաղթօջախները կցրվեն… Հայերիս թվում է` Սփյուռքը հավերժական, կենսունակ օրգանիզմ է, որը կոչված է անվերջ սպասարկել Հայաստանի հետաքրքրություններն աշխարհում: Սակայն ուծացումը, վաղ թե ուշ, անխուսափելի է: Ի վերջո, Հայաստանի մարդկային ռեսուրսն էլ անսպառ չէ. հնարավոր չէ անվերջ մարդկային հումք մատակարարել Ռուսաստանին, Ամերիկային, Եվրոպային…
Գ.Վ.– Լիբանանի օրինակով ասեմ. Լիբանանում շուրջ 15 տարի տեւած քաղաքացիական պատերազմին (1975-90) հայկական համայնքը շուրջ 250.000-300.000 էր: Սակայն այս 15 տարիների ընթացքում սկսեց արտագաղթ, ներսփյուռքյան միգրացիա: Լիբանանից հայերը դուրս եկան այլ արաբական երկրներ, այնտեղից` ԱՄՆ, Եվրոպա, Ավստրալիա: Ա.Փ.- Պայմանավորված տնտեսական եւ քաղաքական պատճառներով, Մերձավոր Արեւելքում, այդ թվում` Սիրիայում, քրիստոնյաների, նաեւ` հայերի շրջանում գնալով մեծանում են արտագաղթի տեմպերը: Հիմնականում արտագաղթում են ԱՄՆ, Կանադա, Եվրոպա: Ընդհանրապես, Միջին Արեւելքում ցանկացած անկայունության դեպքում քրիստոնյաներն առաջին հերթին են տուժում: Կարծում եմ, ստեղծված ներքաղաքական ճգնաժամը նոր թափ կհաղորդի սիրիահայերի արտագաղթին: