Հեղինակավոր «Forbes» ամսագրի ռուսական տարբերակը` «Forbes Russia»-ն, հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը, որոնց ընդհանուր կարողությունը կազմել է գրեթե 0.5 տրլն դոլար: Ընդ որում` 432 մլրդ դոլարը բաժին է ընկնում առաջատար 100-ին: Նշենք, որ մեկ տարվա ընթացքում ռուսաստանցի միլիարդատերերի քանակը 62-ից հասել է 101-ի: Աղյուսակում առաջատարը Վլադիմիր Լիսինն է` 24 մլրդ դոլարով, նրան հետեւում է Ալեքսեյ Մորդաշովը (18.5 մլրդ դոլար) եւ Միխայիլ Պրոխորովը (18 մլրդ դոլար): Մեկ տարվա ընթացքում ամենամեծ աճն արձանագրել է Ալիշեր Ուսմանովը` 10.5 մլրդ դոլարից իր կարողությունը հասցնելով 17.7 մլրդ դոլարի: «Forbes Russia»-ն Ռուսաստանում միեւնույն` 1.5 մլրդ դոլար ցուցանիշով ամենահարուստ հայեր է ճանաչել ապահովագրական ոլորտը ներկայացնող միանգամից երեք գործարարների` Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսով եղբայրներին` «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնական բաժնետերերին (նախորդ տարվա կարողությունը` 950 մլն դոլար) եւ Դանիիլ Խաչատուրովին` «Ռոսգոսստրախ» ընկերության հիմնական բաժնետիրոջը (նախորդ տարվա կարողությունը` 1.2 մլրդ դոլար): Հաջորդ հորիզոնականում «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է` 1.4 մլրդ դոլար ունեցվածքով (նախորդ տարվա կարողությունը` 750 մլն դոլար): Աղյուսակի 180-րդ հորիզոնականում է Ռուբեն Վարդանյանը, որի կարողությունը գնահատվել է 0.5 մլրդ դոլար (նախորդ տարվա կարողության մասին տեղեկատվությունը բացակայում է):