ԱՄՆ Այովա նահանգի իշխանությունները հասարակություն-իշխանություն կապը հասանելի դարձնելու համար բավականին հետաքրքիր համակարգ են ներդրել:
Նախ` նշենք, որ նահանգապետարանի շենք մուտք գործելու իրավունք ունեն կրթական հաստատությունների ներկայացուցիչները, տուրիստական խմբերը եւ առհասարակ նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ նահանգի պատմությանը: Դա թանգարանային նշանակության մի պատմական վայր է, որտեղ արտացոլված է ինչպես ժողովրդի, այնպես էլ` նահանգի մշակութային, ազգային հարստությունը: Շենքի առանձին մի սրահ հատկացված է այովացի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Նորման Բորլուագի մասին պատմող նյութերին: Այովան գիտնականին ազգային հերոս է հռչակել այն բանի համար, որ նա երաշտի տարիներին կարողացել է հայտնաբերել եգիպտացորենի մի այնպիսի տեսակ, որը «կշտացրել» է ողջ բնակչությանը` այդպիսով կանխելով սովը: Նահանգապետարանի շենքի մի հսկայական եռահարկ հատված զբաղեցնում է գրադարանը, որտեղ արտառոց դիզայնով տեղադրված գրքերը ներկայացնում են ինչպես ամերիկյան, այնպես էլ` համաշխարհային գրականությունը:
Բավականին յուրօրինակ մի ապակեպատ տաղավար էլ հատկացված է Այովայի բոլոր նահանգապետերի տիկնանց բնութագրող տիկնիկներին: Այն համարվում է նահանգի առաջին տիկինների սրահ: Ի դեպ, նիստերի դահլիճում հայկական պատվիրակությանը մոտեցավ սենատոր Թիմ Կապուցյանը եւ հայտնեց, որ թեեւ ինքը ծնվել է Չեխոսլովակիայում, այդուհանդերձ, հայի ազգանուն ունի: «Ներողություն եմ խնդրում հագուստիս համար, մեզ մոտ նստաշրջանը դեռ չի մեկնարկել: Ես ֆերմեր եմ, հետեւաբար այս հագուստն ինձ հարմար է, բայց նիստերի ժամանակ, բնականաբար, կոստյումով եմ ներկայանում»,- ասաց նա եւ այցեքարտը տրամադրելով` հավելեց, որ հաճելի կլիներ Հայաստանի հետ համագործակցությունը: Նահանգապետարանի պատի երկայնքով մեկ ձգվում է մի կարգախոս, որը շենք մուտք գործող ցանկացած մեկի չի կարող անտարբեր թողնել` «Որտեղ օրենքը վերջանում է` այնտեղ սկսվում է բռնապետությունը»: Նիստերի դահլիճի մուտքի մոտ փակցված է բոլոր սենատորների եւ ներկայացուցիչների պալատի անդամների լուսանկարներով մեծ պաստառն ու նրանց մասին տվյալները: Ցանկացած անձ իրավունք ունի պահանջել հանդիպում իր խնդրի համար պատասխանատու սենատորի կամ ներկայացուցիչների պալատի անդամի հետ։ «Կա նման ընդունելության ձեւաչափ. բնակիչները կամ հաճախ լոբբիստները ցանկանում են որեւէ սենատորի հետ հանդիպում: Այդ դեպքում նիտերի դահլիճի պատասխանատուն պարտավոր է տվյալ պաշտոնյային ուղեկցել քաղաքացու մոտ, որպեսզի նա լսի վերջինիս խնդիրը: Ունենք նաեւ նամակագրության համակարգ: Այսինքն` նամակով դիմում են, եւ չի կարող լինել որեւէ պաշտոնյա, որն անձամբ մեկ օրվա ընթացքում չպատասխանի նամակին»,- բացատրում է նահանգապետարանի ներկայացուցիչը: Հասարակության հետ աշխատելու այս թափանցիկ մեխանիզմը գուցեեւ մեզ` հայերիս համար երանելի է թվում, որովհետեւ ոչ թե քաղաքացին է օրերով սպասում իր ընդունելությանը, այլ` պաշտոնյային նույն պահին ուղեկցում են քաղաքացու մոտ: «Նահանգապետարանում հատուկ գրասենյակ կա, որտեղ յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի ներկայացնել իր պահանջը»,- նշեց մեր զրուցակից սենատորներից մեկը:
Ինչպես հայտնի է, ամերիկյան քաղաքական համակարգի առանձնահատկությունների մեծ մասը կապված են Սահմանադրության հետ, որում 200 տարվա ընթացքում 27 փոփոխություն է կատարվել: Մեզ հետ զրույցում Դեմոկրատական կուսակցության անդամ, սենատոր Ջոն Մորլանդը եւ հանրապետական սենատոր Աարոն Մըկքեյնն ասացին, որ իրենց Սահմանադրության մեջ հանրաքվե հայտարարելու մասին դրույթ գոյություն չունի: Այդ դեպքում ի՞նչ ճանապարհով եք տեղեկանում ԱՄՆ քաղաքական կարեւորագույն հարցերի մասին հասարակական կարծիքին: Այդ հարցին ի պատասխան, սենատոր Աարոն Մըկքեյնն ասաց. «Մեզ մոտ բավականին արդյունավետ աշխատում է սոցհարցումների ինստիտուտը: Մենք տարբեր սոցիոլոգիական կազմակերպությունների սոցհարցումների արդյունքների միջոցով կարողանում ենք հասարակական տրամադրություններին ծանոթանալ»: Սենատորների հավաստմամբ` բողոքի ակցիաներ, հանրահավաքներ, պիկետներ անելու որեւէ արգելք չկա, եւ Այովայի նահանգապետարանի, ինչպես նաեւ` կառավարական այլ մասնաշենքերի առջեւ հաճախ կարելի է տեսնել բողոքական խմբերի: «Արգելք կարող է լինել միայն այն դեպքում, երբ խախտվում է հասարակական կարգը: Մենք գիտակցում ենք, որ նման երեւույթները մեզ հաճախ ստիպում են ավելի արդյունավետ աշխատել»: Այովայում ներկայումս բնապահպանական կազմակերպությունները բողոքի մեծ ալիք են բարձրացրել: Բանն այն է, որ նահանգի արվարձանները բնաշխարհի այնպիսի գոտում են, որը համարվում է եղնիկների ու սկյուռների բնակատեղի: Արվարձանների բնակիչները նահանգային իշխանություններից պահանջում են կենդանիներին բնակելի տարածքներից հեռացնելու ելքեր գտնել. «Նույնիսկ պահանջ կա, որ օրենքով թույլատրեն օրինական զենք կրողներին կրակել սկյուռների եւ եղնիկների վրա, քանի որ նրանք ամբողջությամբ փչացնում են բերքը»: Բնապահպանության ջատագովներն ընդվզում են կենդանիներին վնասելու ցանկացած քայլի դեմ:
Դատական համակարգի անկախությունից գանգատվում են
Այովայի կին փաստաբանների կազմակերպության ներկայացուցիչ, հեղինակավոր փաստաբան Էմիլի Չաֆան` արդյո՞ք նահանգային բանտերում կան քաղբանտարկյալներ. մեր այս հարցին ի պատասխան` ասաց. «Ոչ, մեզ մոտ քաղբանտարկյալներ չկան, բայց կա մի դատապարտվածների խումբ, որին կարելի է այդ կարգավիճակը տալ: Բուշի վարչակազմի օրոք եթե որեւէ մեկը կարող էր համարվել պոտենցիալ տեռորիստ` նրան ուղարկում էին Գուանտանամոյի բանտ: Բանտարկյալները հանդես էին գալիս կոչով` «Դու ձերբակալել ես իմ մարմինը, բայց իմ միտքն ազատ է»: Գուանտանամոյի բանտում պահվող տեռորիզմի մեջ մեղադրվող դատապարտյալներին այսօր շատ փաստաբաններ պաշտպանում են: Հիմա մեծ շարժում կա նրանց ազատ արձակելու պահանջով: Տարիների ընթացքում շատերը գիտակցեցին, որ նրանց բանտեր ուղարկելու դրդապատճառներն անարդար եւ քաղաքականության արդյունք էր»: Է. Չաֆան մեզ հետ զրույցում նաեւ նշեց, որ ԱՄՆ Սահմանադրությունը համաներում իրականացնելու դրույթ չունի: Նա նշեց, որ հասարակական խմբերի երկարատեւ դիմում-բողոքների արդյունքում, շատ հազվագյուտ դեպքերում նահանգապետը կարող է որեւէ մեկին ներում շնորհել. «Բայց դա շատ արտառոց դեպք կարող է լինել»: Ի դեպ, նա բավականին հետաքրքրությամբ էր լսում ՀՀ Սահմանադրությամբ նախագահին լիազորված համաներում հայտարարելու դրույթի մասին մեր տեղեկատվությունը եւ բավականին դրական էր արձագանքում ՀՀ Սահմանադրության կետերին: Այովայի հայտնի փաստաբանը պատասխանելով մեր հարցերին` նաեւ նշեց, որ ԱՄՆ 57 նահանգներից մի քանիսում դեռեւս իրականացվում է մահապատիժ: Օրինակ` Իլինոյսի քրեական օրենսգրքում մահապատիժ կա, եւ նահանգի բնակչությունը համարում է, որ մարդու այդ ծանր հանցագործ տեսակը չպետք է գոյություն ունենա: Անդրադառնալով Այովայի դատական համակարգին` Է. Չաֆան նկատեց. «Մեզ մոտ դատական համակարգը շատ անկախ է: Նահանգային իշխանությունը երբեւէ չի կարող միջամտել դատական պրոցեսին: Որոշ մարդիկ նույնիսկ նահանգապետին գանգատ են ներկայացրել` դժգոհելով, որ դատական համակարգը շատ անկախ է»: Դատական պրակտիկայում կա նորմ, ըստ որի` եթե հայցվոր կամ պատասխանող կողմերից մեկը փաստաբան չունի, ապա դատական նիստը մեկնարկելու իրավունք դատարանը չունի: Փաստաբան Է. Չաֆան դատարաններում մեծ հաջողություններ է արձանագրել մասնավորապես ընտանեկան բռնությունների վերաբերյալ դատական գործերում: Արդյո՞ք մեծ թիվ են կազմում նման գործերը. «Այո, ընտանեկան բռնությունների դեպքերը բազմաթիվ են: Համաձայն մեր օրենսդրության` եթե ծնողներն իրար նկատմամբ բռնություն են կատարում երեխայի ներկայությամբ, ապա դատարանի որոշմամբ` երեխային տեղափոխում են խնամքի կենտրոններ: Այսինքն` բացի բռնության փաստը վիճարկելուց, նաեւ պետք է երեխային ծնողներին վերադարձնելու կամ չվերադարձնելու հարցով դատարան մտնել: Օրինակ, եթե ամուսինը ծեծել է կնոջը, եւ երեխան ներկա է եղել, ապա պետությունը երեխային վերցնում է իր խնամքի տակ: Ճիշտն ասած` ես որպես փաստաբան` դեմ եմ այդ մեխանիզմին, որովհետեւ դատարանը նաեւ երեխային օգտագործում է որպես ինֆորմացիայի աղբյուր»: Ի դեպ, նա նաեւ տեղեկացրեց, որ Այովայի դատարաններում նույնպես պարբերաբար քննվում են այնպիսի դեպքեր, երբ խնամատար կենտրոնների մասնագետները անառակաբարո գործողություններ են կատարում կենտրոնի սաների նկատմամբ: Ամերիկյան օրենսդրության համաձայն` բռնաբարության, անառակաբարո գործողություններ կատարելու հոդվածներով դատապարտված անձանց անուններն ու տվյալները գրանցվում են հատուկ ցուցակում: Այդ ցուցակն անվանում են` «սեւ գիրք», որը հասանելի է բոլորի համար: «Օրինակ` եթե մեկը ցանկանում է տուն գնել որեւէ արվարձանում կամ թաղամասում, ապա նա կարող է այդ գրքից տեղեկանալ, թե տան հարեւանությամբ նման հոդվածով դատապարտված մարդ կա՞, մանավանդ, եթե նա փոքր երեխաներ ունի: Եվ ըստ այդմ որոշի` գնե՞լ այդ տունը, թե՞ չգնել»,- ասաց Է. Չաֆան` հավելելով, որ նման հոդվածներով դատապարտված անձինք կալանքը կրելուց հետո իրավունք չունեն ապրել դպրոցների կամ մանկապարտեզների շրջակայքում:
ԱՄՆ (Այովա) – Երեւան