«Ես այցելում եմ «Ռեմա» եկեղեցի»,- ասում է Արսեն Գրիգորյանը

16/04/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դերասան, հաղորդավար, ժամանակ առ ժամանակ` նաեւ երգիչ Արսեն Գրիգորյանը, կարելի է ասել, երբեք չի մերժում այս կամ այն հաղորդման մեջ կամ ֆիլմում նկարահանվելու առաջարկները: Նա նույնիսկ հաշվի չի առնում տվյալ ռեժիսորի ճանաչված լինել-չլինելը. միայն թե առաջարկը հետաքրքիր լինի: Օրինակ, նա նկարահանվել է սկսնակ ռեժիսոր, հինգերորդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Մովսիսյանի դեբյուտային «Մոխրաման» ֆիլմում:

– Արսեն, քո մշտապես բարձր տրամադրությունն ու վարակիչ ծիծաղը խա՞ղ է, թե՞ քո իրական կերպարն է: Անհնար է, որ մարդ անվերջ ուրախ լինի:

– Փառք Աստծո, ես ունեմ բեմ, որտեղ կարող եմ կերտել բազմապիսի կերպարներ եւ կյանքում դերեր խաղալու կարիք եւ հավես չունեմ: Բացի այդ, ես այնքան եմ հարգում իմ մասնագիտությունը, որ երբեք այն բեմից չեմ իջեցնում: Իմ մարդկային տեսակն այնպիսին է, որ ակամայից ձգտում եմ ամենուր առաջին հերթին տեսնել դրականը: Այո, ես ուրախ մարդ եմ: Բացի այդ, հանդիսատեսը կամ լրագրողները, որոնց հետ ես հանդիպում եմ ներկայացման կամ հարցազրույցների ընթացքում, մեղավոր չեն, որ իմ տրամադրությունն ինչ-ինչ պատճառներով ընկած է: Հանրային անձը պետք է կարողանա իր բացասական էմոցիաները զսպել եւ հնարավորինս դրական տրամադրվածությամբ հանդես գալ:

– Հարցազրույցների մեկում կեսկատակ-կեսլուրջ նշեցիր, թե այլեւս չես բարդույթավորվում քո գանգուր մազերից, չես թաքցնում գլխարկի տակ: Փաստորեն, որոշակիորեն բարդույթավորվա՞ծ ես եղել քո արտաքինից:

– Չէի ասի, թե բարդույթավորված եմ եղել: Պարզապես կար ժամանակ, երբ կարծում էի, որ ինձ առավել լավ կզգայի, եթե մազերս գանգուր չլինեին: Սակայն դա վաղուց էր, այժմ չեմ էլ մտածում այդ հարցի շուրջ: Պարզապես մարդ միշտ ցանկացել է ունենալ այն, ինչ չունի: Ես անգամ գիտեմ մի կնոջ, որի քթի կառուցվածքը բավականին գեղեցիկ է, փոքրիկ, սակայն նա զարմանալիորեն միշտ բարդույթավորվել է այդ փաստից եւ երազել է ունենալ հայկական, փոքր-ինչ սապատավոր քիթ:

– Կներես, բայց չեմ հավատում:

– Խոսքը դերասանուհի Աննա Էլբակյանի մասին է, ով միշտ երազել է սապատավոր քթի մասին` համարելով, որ իր գեղեցիկ, փոքրիկ քթի հետ ինչ-որ բան այն չէ:

– Մեզ մոտ լայն տարածում գտած մի կարծրատիպ կա, որ եթե տղամարդը փոքր-ինչ երկար սանրվածք ունի, եթե հագուստի մեջ նախընտրում է սեւից բացի նաեւ այլ գույներ, ինչը խիստ տարբերվում է մյուսներից, ապա դա նշանակում է, որ այս տղամարդու հետ ինչ-որ բան այն չէ: Քո արտաքին տեսքը հաճախակի՞ է թեք հայացքների պատճառ հանդիսանում:

– Ես հայացքս եւ ականջներս լարած չեմ ապրում` որեւէ բացասական կարծիք իմ անձի շուրջ բաց չթողնելու մտավախությամբ: Հասկանում եմ, որ հանրային մարդ եմ, եւ նորմալ եմ համարում այն փաստը, որ շատերի համար, հնարավոր է` քննարկման թեմա եմ: Սակայն ես շատ լավ գիտեմ, թե` ով եմ ես: Վերջերս, երբ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացա վարդագույն պիջակով, զարմանալիորեն բավականին դրական կարծիքների արժանացա, անգամ այն մարդկանցից, ովքեր սովորաբար թեք էին նայում վառ գույներ կրողներին: Անգամ ասացին. «Ախպերս, դզում ա»:

– Դեմ առ դեմ շատերն են իրար ասում` «ախպերս, դզում ա»: Սակայն, վայրկյաններ անց, երբ «ախպերը» հեռանում է, ասում են`«չդզեց»:

– Ի՞նչ ասեմ: Իրենց մեղքն` իրենց գլուխը:

– Ի դեպ, մեղքերի մասին: Շշուկներն օդից չեն առաջանում: Որտեղի՞ց են եկել խոսակցությունները քո աղանդավոր լինելու վերաբերյալ:

– Այդ խոսակցությունների պատճառն իմ կողմից «Ռեմա» եկեղեցու հաճախումն է, որը ավետարանչական եկեղեցի է, որը դավանում է Հայր, Որդի եւ Սուրբ հոգի:

Խոսակցություններն առաջացել ենշատերի տգիտության պատճառով, որովհետեւ, երբ նրանք օգտագործում են մի բառ, որը բնութագրում է մարդուն` որպես աղանդավոր, ապա լավ կլինի, որ նախապես գիտելիքներ ձեռք բերեն: Թող նախ հասկանան, թե ինչ ասել է` աղանդ, հետո նոր որոշեն` արժե՞ արդյոք այդկերպ պիտակավորել մարդուն, թե՞ ոչ:

– Չե՞ս կարծում, որ աղանդները շատանում են նաեւ այն պատճառով, որ եկեղեցին եւ հավատքը գնալով ավելի ու ավելի են հեռանում իրարից:

– Մեկ-երկու հոգու պատճառով չարժե բացասական կարծիք հայտնել եկեղեցու բոլոր սպասավորների մասին: Ցանկացած բնագավառում կարող է լինել տվյալ ոլորտում սխալմամբ հայտնված անձնավորություն: Ես լավատես եմ:

– Չե՞ս հոգնել մշտապես «ազատ-անկախ» լինելուց: Ե՞րբ ես ամուսնանալու:

– Այս առավոտ նույն հարցն ինձ մոտ է առաջացել: Կատակ չեմ անում: Շատ եմ ուզում իմ ընտանիքն ունենալ, սակայն, միեւնույն ժամանակ, հասկանում եմ, որ դա մեծ պատասխանատվություն է, որին միգուցե դեռ պատրաստ չեմ:

– Վերջերս հեռուստաալիքներից մեկով հաճախակի գովազդվում է ռուսական տարբերակում «Բոլշիե գոնկի» անվանումը կրող նոր նախագիծը, որին, ի թիվս այլ երկրների ներկայացուցիչ թիմերի, մասնակցելու է հայ ճանաչված մարդկանցից կազմված թիմ եւս: Քեզ ուղղվե՞լ է այդ նախագծում մասնակցության առաջարկ:

– Վերջերս հեռուստատեսային երկու նախագծերում մասնակցության առաջարկ եմ ստացել, սակայն դեռ հստակ չեմ կարող ասել, կմասնակցե՞մ, թե՞ ոչ: Առաջարկները չափազանց հետաքրքիր են, սակայն իմ զբաղվածությունն ինձ փոքր-ինչ շրջանակների մեջ է դնում: Տեսակով այն մարդն եմ, որ, եթե համաձայնել եմ որեւէ ֆիլմի, հաղորդման կամ ներկայացման մեջ մասնակցել, ապա նվիրվում եմ այդ գործին մինչեւ վերջ: Դավաճանություն կլինի իմ կողմից, եթե առավել շահավետ առաջարկ ստանալու դեպքում` լքեմ դրան նախորդող նախագիծը: