«Կարեւորը լահմաջո ուտելը չէր»

16/04/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նաթան Ալուկյանին պատահաբար հանդիպեցի երեւանյան սրճարաններից մեկում, երբ կցկտուր հայերենով մատնացույց էր անում Այնթապի լուսանկարը` ներկաներին ներկայացնելով այժմ Թուրքիայի կազմում գտնվող հայկական բնակավայրը:

Հատկապես հետաքրքիր էր, երբ ԱՄՆ-ում ծնված եւ հայերեն չլսած երիտասարդն իր հայրենիքի մասին խոսում էր ոչ թե կրակոտ հայրենասիրությամբ, այլ դեպի իր հայրենիքը ներկաների մեջ հետաքրքրասիրություն առաջացնելու փորձով: Նա խոսում էր անշտապ, երբեմն դադարներով՝ զրուցակիցների տրամադրությունը հասկանալու համար: Նաթանը ծնունդով Բոստոնից է: Նա Հայաստանում առաջին անգամ է լինում: Հայրը հայ է, իսկ մայրն` իտալուհի: Նա ընտանիքի 6 երեխաներից կրտսերն է: «Մեր տանը միշտ պատմում էին Հայաստանի մասին: Ինքս չէի էլ պատկերացնում, որ մի օր Հայաստան կգամ, ու այսքան կարոտ կլիներ կուտակված իմ մեջ: Իսկապես, աննկարագրելի երեւույթ է»,- ասաց ամերիկահայ երիտասարդը, ով մի քանի ամիս աշխատում էր Գյումրու «Շիրակ» տարածքային թանգարանում: Ասում է՝ հատկապես չէր սպասում, որ անկախությունից հետո մարդիկ շարունակում են սովետական մտածելակերպով շարժվել: «Կարծում եմ՝ 70 տարին մեծ ժամանակ էր, եւ խորը հետք թողեց հայ հասարակության հոգեբանության վրա: Այստեղ անգամ քանդակներն ու արձաններն են հաճախ սովետական մտածելակերպով»,- նկատեց Նաթանը՝ ավելացնելով, որ նաեւ զարմացած էր, երբ հայ հասարակության մեծ մասի համար Գյումրու այդ թանգարանը հայտնի չէր: «Ամոթ է, որ մարդկանց մեծ մասը չգիտի նման թանգարանի գոյության մասին: Այն, ճիշտ է, փոքր է, բայց այնտեղ աներեւակայելի նմուշներ կան: Վառ երեւակայության արդյունք է յուրաքանչյուր գործ: Ու, իսկապես, առանձնահատուկ է նախկին Ալեքսանդրապոլի, այժմյան Գյումրիի համար: Մարդիկ շատ հարցերի պատասխաններ կարող են գտնել հենց թանգարաններում: Այդ իմաստով թանգարանը հրաշալի երեւույթ է»,- նշեց ամերիկահայ երիտասարդը՝ թվարկելով Հայաստանում իր այցելած թանգարանները: 24-ամյա երիտասարդի ասելով՝ ինքը շատ է ճամփորդել՝ Աֆրիկայի հարավից մինչեւ եվրոպական տարբեր երկրներ: «Բայց ասեմ, որ Հայաստանում շատ դժվար է անգամ ճամփորդության մասին մտածելը: Ինքնաթիռի տոմսերը շատ թանկ են, եւ դա մեծագույն խոչընդոտ է երիտասարդների համար: Կարծում եմ՝ հատկապես երիտասարդների համար շատ կարեւոր է աշխարհ տեսնելը, աշխարհայացքի ձեւավորումը»,- ժպտալով շարունակեց Նաթան Ալուկյանը: «Ինձ համար միշտ անհասկանալի էր, թե ինչու էին ազգությամբ հայ տատս ու պապս թուրքերեն խոսում: Հետո, երբ իմացա դրա պատմությունը, սկսեցի հետաքրքրվել»,- ասաց ամերիկահայ երիտասարդը՝ հանգամանորեն ներկայացնելով իր ընտանիքի պատմությունը: Ի դեպ, Նաթանի ընտանիքի այս պատմությունը գրվել է նաեւ օտարերկրյա մամուլում: «Ինձ համար Հայոց ցեղասպանությունն ամենամեծ հարցն է, որովհետեւ իմ նախահայրերն ԱՄՆ-ում հայտնվեցին Ցեղասպանության հետեւանքով: Կարծում եմ՝ դա ավելի քան մեծ հարց է Արեւմտյան Հայաստանի հայերի համար: ԱՄՆ-ում ես միշտ խոսում եմ Ցեղասպանության մասին: Իմ տատն ու պապը թուրքերեն էին խոսում: Ցավոք, նրանք կորցրեցին հայերենը, որովհետեւ այն ժամանակ նրանք հայերեն խոսելու հնարավորությունը չունեին: Պապս պատմում էր, որ երբ ինչ-որ մեկը համարձակվում էր հայերենով խոսել, թուրքերը նրա լեզուն կտրում էին»,- նշեց ամերիկահայ երիտասարդը: «Պապս ծնվել է 1896թ.: Կոտորածները սկսելու ժամանակ պապս հանդիպեց թուրքական ռազմական ուժերում ծառայող իր զարմիկին, ով պապիկիս զգուշացրեց, որ նա պետք է լքի Թուրքիան: Դրանից հետո պապս ստիպված էր գնալ Եգիպտոս: Նա ընդամենը 40 դոլար ուներ: 20 դոլար տվել էր նավակին, որ ԱՄՆ հասցնի, իսկ մնացած գումարով նա մտավ ԱՄՆ»,- պատմում էր Նաթանը: Ըստ նրա՝ պապն ԱՄՆ-ում հայտնվելով` շատ հայերի պես ստիպված էր իր անունը, այսպես ասած՝ հարմարեցնել տվյալ միջավայրին. այդպես Միհրան Ալեքյանը դարձավ Մայրոն Ալուքյան (Myron Allukyan): «Պապիկս մահացավ 102 տարեկանում: Չգիտեմ, ես պատահական չեմ պատմում այս մասին, որովհետեւ մենք՝ հայերս, գրեթե միանման ձեւով ենք հայտնվել աշխարհի տարբեր անկյուններում: Նույն ձեւով էլ Հալեպում հայտնվել էր տատս՝ Մերի Նահապետյանը: Հետաքրքիրն այն է, որ պապս Բոստոնում հայտնվելով՝ որոշեց հայի հետ ամուսնանալ: Եվ մի օր հանդիպեց տատիկիս, ով ամենագեղեցիկ կինն էր Հալեպում»,- ասաց Նաթանը, ով այս ամենը պատմում էր անգլերեն լեզվով՝ նշելով, որ միգուցե մի օր այս ամենն ինքը պատմի հայերենով: «Անկեղծ ասած, ես պետք է Հայաստան գայի: Մինչ Հայաստան գալը ես Թուրքիա գնացի, Այնթապ: Հայրս, որ հայերեն չգիտի, ասել էր, որ Այնթապում փորձեմ իրենց լահմաջոն: Հետո հասկացա, որ կարեւորը լահմաջոն ուտելը չէր, այլ իմ հոր, իմ պապի ավանդույթը շարունակելը: Գիտեք՝ դա հրաշալի է: Ի վերջո, դա նաեւ իմ պատմությունն է, անցյալը, որը կարեւոր է ներկայում»,- շարունակեց զրուցակիցս՝ խոսելով նաեւ Հայաստանում իր անցկացրած ժամանակի ու տպավորությունների մասին: Ըստ նրա՝ Հայաստանը, կարծես, երկու մասի է բաժանվել: Վիզուալ տեսակետից դրանք իրարից խիստ տարբեր են: «Կյանքը Երեւանում եւ մարզերում շատ տարբեր է: Ինքս էլ չգիտեի, թե ինչ սպասումներ ունեի այստեղ գալուց առաջ, բայց այս ժամանակահատվածում ես առավելապես հնարավորություն ունեցա ծանոթանալ հայերին: Երեւանը համապատասխանեցվել է եվրոպական չափանիշներին, իսկ մյուս բնակավայրերում, ասես, Սովետից հետո որեւէ բան չի փոխվել: Նկատեցի նաեւ, որ Հայաստանում թուրքերեն բառեր շատ են օգտագործում, եւ մարդիկ էլ մեծամասամբ ոչ թե ռուսական, այլ սովետական մտածելակերպի կրողներն են: Բայց կարծում եմ՝ դրա համար ընդամենը ժամանակ է հարկավոր: Ես հաստատ կկարոտեմ Հայաստանը»,- ասաց Նաթանը, ով՝ որպես կամավոր, աշխատում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում: