Ցարն ավելացնում է ընդդիմադիրների թիվը

02/11/2005 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Վրացական իշխանությունները շարունակում են իրենց գործողություններով ավելացնել հակառակորդների բանակը: Այս անգամ իշխանությունների թիրախը եւ, հետեւաբար, ընդդիմության պաշտպանյալն է դարձել Վրաստանի ամենահարգված ու հաջողակ թագավոր Դավիթ Շինարարը:

Ավելի ճիշտ՝ նրա հսկա արձանը, որ մի քանի տարի առաջ կանգնեցվել էր Թբիլիսիի Հանրապետության հրապարակում՝ «Իվերիա» հայտնի հյուրանոցի հարեւանությամբ:

«Իվերիան» մինչեւ վերջերս բնակեցված էր Աբխազիայի փախստականներով, որոնք վերջին 10-ից ավելի տարիների ընթացքում պարզապես անմխիթար վիճակի են հասցրել Վրաստանի լավագույն հյուրանոցներից մեկը: Երբ նոր իշխանությունները վերջապես որոշեցին փախստականներին նոր բնակարաններ տրամադրել, գեղեցկուհի «Իվերիայից» միայն անունն էր մնացել: Մասնագետ շինարարների դատավճիռն անմխիթարական էր. ավելի հեշտ է նոր հյուրանոց կառուցել, քան վերանորոգել հինը: «Silk Road» ընկերությունը հյուրանոցը գնեց պետությունից եւ պարտավորվեց պահպանել հյուրանոցի նախկին տեսքը: Եվ այստեղ պարզվեց, որ մեծն ցարի արձանը խանգարում է շինարարներին: Չնայած այդ մասին ոչ ոք բարձրաձայն չէր խոսում:

Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, որն իր պաշտոնավարման կարճ ժամանակամիջոցում հասցրել էր այնպես վերաձեւել մայրաքաղաքի տրանսպորտային ծառայությունը, որ քաղաքի որոշ շրջաններ մի քանի շաբաթով զրկվել էին հասարակական տրանսպորտից, նաեւ աչքի էր ընկել այն բանով, որ որոշում էր կայացրել ուրիշին փոխանցել հսկայական Երիտասարդության պալատը (այնտեղ տարբեր խմբակներում սովորում են մոտ 15.000 պատանիներ ու երեխաներ, այնտեղ է գտնվում բալետի հանրահայտ պարուհի Նինո Անանիաշվիլու խորեոգրաֆիկ դպրոցը՝ 1000-ից ավելի սովորողներով), այս անգամ էլ դժվարացավ տրամաբանական բացատրություն տալ Դավիթ Շինարարի արձանը տեղափոխելու իր որոշմանը: Չնայած հասարակայնության բողոքներին՝ թագավորի արձանը պատրաստվում են ապամոնտաժել: Ուգուլավային չեն շփոթեցնում ոչ մշակույթի գործիչների բազմաթիվ դիմումները, ոչ ընդդիմության ու բնակչության բողոքները, ոչ էլ մի թբիլիսաբնակ ծեր հայի արցունքները, որը ծաղկեփնջով եկել էր արձանի մոտ ու «Միմինոյի» հայտնի հերոսի նման ասում էր` «Էս ի՞նչ է կատարվում». այս կադրերն անընդհատ ցույց էին տալիս տեղի հեռուստատեսությամբ:

Ուգուլավայի «խլությունը» կարող է նրա հետ չար կատակ անել: Ընդդիմությունն այս օրերին հիշեց, որ Միխայիլ Սահակաշվիլին ժամանակին արհամարհեց ժողովրդավարության սկզբունքներն ու քաղաքապետի պաշտոնը դարձրեց նշանակովի, ոչ թե ընտրովի:

Քաղխորհրդի պատգամավոր Գեորգի Մոսիձեն հայտարարեց.«Ժամանակն է Ուգուլավային հիշեցնելու, որ նա ընդամենը քաղաքապետ է, որին կարելի է անվստահություն հայտարարել եւ խորհուրդ տալ իր դիկտատորական «ձեւերը» խոթել սեյֆի մեջ ու կորցնել բանալին»:

Քաղաքագետ Ռամազ Սաքվարելիձեն «168 Ժամ»-ին հայտարարեց. «Իշխանությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ արհամարհում են հասարակական կարծիքը եւ բացարձակապես վստահ են իրենց անմեղության մեջ: Նրանք ավելի ու ավելի են հեռանում ժողովրդից: Դա ձեռնտու է ընդդիմությանը եւ կարող է թանկ նստել ներկա իշխանությունների վրա»:

Հավանաբար հասկանալով, որ հերթական անգամ «համը հանում են», իշխանությունները որոշեցին ժողովրդավարության քողի տակ ներկայացնել իրենց որոշումը: Կիրակի օրը Թբիլիսիի Դիգոմի թաղամասում, ուր նախատեսվում է տեղափոխել Դավիթ Շինարարի արձանը, ցույց տեղի ունեցավ՝ ի պաշտպանություն քաղաքապետարանի որոշման: Պատմության հեգնանքն է. մեծն թագավորը կյանքի օրոք կարողացավ միավորել երկիրն ու ժողովրդին, իսկ նրա բրոնզաձույլ արձանը, երեւում է, սկսում է պառակտել վրացական հասարակությունը: Թեեւ ի՞նչ կապ ունի այստեղ արձանը: